Բաժիններ՝

Huawei-ը ծրագրավորողներին խոստացել է 1 միլիարդ դոլար՝ Google Play-ի իր տարբերակին աջակցելու համար

Huawei ընկերությունը նախատեսում է զարգացնել ծառայությունների սեփական էկոհամակարգը՝ Google-ի ծառայություններից ամբողջությամբ հրաժարվելու համար: Լիսաբոնում կայացած Web Summit 2019 ամենամյա տեխնոլոգիական գիտաժողովում Huawei-ը ներկայացրեց իր պլանը՝ սեփական էկոհամակարգը զարգացնելու համար:

Բոլոր նոր Huawei սարքերը կշարունակեն գործարկել ծանոթ EMUI օպերացիոն համակարգով, որն Android-ի հարմարեցված բաց կոդով տարբերակն է: Նոր վարկածների միջև միակ հիմնարար տարբերությունն այն է, որ Google Mobile Services (GMS) պլատֆորմը, որը պատասխանատու է Google ծառայություններում ծրագրերն ինտեգրելու համար, կփոխարինվի սեփական Huawei Mobile Services (HMS) համակարգով` նման և նույնիսկ լրացված մի շարք հնարավորություններով: Հավելվածներն այլևս չեն բեռնվի Google Play-ի միջոցով, այլ՝ Huawei App Gallery խանութի միջոցով, որը կարելի է գտնել Huawei-ի գործող մոդելներում:

Հետաքրքիր է, որ հավելվածները կարող են գործարկվել նույնիսկ առանց տեղադրման գործընթացի, ինչը զգալիորեն տարբերվում է Google Play-ում բաշխման սկզբունքներից:

Huawei-ն շատ լուրջ է տրամադրված, և մոտ ապագայում մտադիր է էկոհամակարգի զարգացման համար ներդնել 1 միլիարդ դոլար: Ծրագրավորողների խթանման ծրագիրն աշխարհում իր տեսակի մեջ ամենամեծերից է: Միջոցները կուղղվեն մի քանի հիմնական ոլորտների օժանդակությանը` ծրագրեր ստեղծելու, մոնիտորինգի և դրամայնացման համար գործիքներ ստեղծելու և կատարելագործելու, ինչպես նաև ծրագրավորողներին ներգրավելու և աջակցելու համար, ովքեր լրացնելու են App Gallery-ն արժեքավոր բովանդակությամբ:

«HUAWEI Mobile Services համայնքն արդեն միավորում է 1.07 միլիոն ծրագրավորողների: Մենք ցանկանում ենք ստեղծել նորարարությանը հարմար բջջային էկոհամակարգ և ողջունել մեր շարքերում ծրագրավորողներին, ովքեր ձգտում են մաս կազմել մի մեծ ծրագրի: Նոր նախաձեռնությունը կխթանի նորարարությունը ոչ միայն Huawei-ի էկոհամակարգում, այլև դրականորեն կանդրադառնա ամբողջ արդյունաբերության մեջ նորարարությունների տեմպի վրա»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ըստ HUAWEI-ի, AppGallery-ն այժմ ամսական 390 միլիոն ակտիվ օգտվող ունի, և ներբեռնված հայտերի ընդհանուր թիվը տարեկան 180 միլիարդ է՝ հաշվի առնելով չինական շուկան:

Հիշեցնենք, որ 2019 թվականին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ էր կիրառել Huawei-ի նկատմամբ, մասնավորապես՝ արգելելով ամերիկյան ընկերություններին համագործակցել չինական տեխնոլոգիական հսկայի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս