Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին
Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: Այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի ոստիկանությունը քաղաքացուն գտել է համացանցում տարածված տեսանյութի հետքերով: Համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներում ավտոմեքենայով շրջելիս լսում հայերեն երգ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն:
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը հետաքննել է այդ տեսանյութը, և հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է վարորդի ինքնությունը ու նրան ձերբակալել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ոստիկանությունը հետաքննություն է կատարում դեպքի մանրամասները պարզելու համար: