«2020թ. բյուջեի նախագծով պարգևատրումների ֆոնդը սահմանվել է 5.8 մլրդ դրամ». ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է պարգևատրումների ֆոնդը սահմանել 5.8 մլրդ դրամ, մինչդեռ պարգևատրումների նախորդ ֆոնդը եղել է շուրջ 5 մլրդ դրամ:
Նրա բնորոշմամբ՝ արժանապատիվ եկամուտն այն գումարի չափն է, որն անձին կոռուպցիոն քայլերի գնալուց հետ կպահի:
«Արժանապատիվ եկամուտը դա այն գումարն է, որի պարագայում միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձին կոռուպցիոն ռիսկերի չի դրդի: Ես վախենում եմ, որ հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք՝ անկախ նրանից՝ անձը պետական ծառայո՞ղ է, թե՞ ոչ: Այստեղ հասարակության հետ զրույց տանելու անհրաժեշտություն կա»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:
Ըստ նրա՝ շատ դեպքերում, երբ մարդը գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է, թե այդ աշխատանքի դիմաց միջինում շուկայում ինչ աշխատավարձ է ձևավորված, այլ իր ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել:
ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ պարգևավճարները կհասնեն նաև ՊԵԿ-ի ստորին շերտում աշխատողներին, շեշտը դնելու են ստորին օղակների աշխատողների վրա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան