Անկարան ուսումնասիրում է ռուսական կործանիչների մատակարարման Մոսկվայի առաջարկը
Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը, եւ մենք այդ առաջարկությունը գնահատում ենք: Այն անհրաժեշտ է գնահատել ֆինանսական, տեխնիկական եւ ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ է կատարել ընդգրկուն վերլուծություն»,-ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:
Նա նաեւ հավաստել է, որ Թուրքիայում շարունակվում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ծավալման գործընթացը:
Հոկտեմբերի 25-ին Daily Sabah թուրքական թերթը հայտնել է, որ Անկարան եւ Մոսկվան մոտ են 36 Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, կողմերը նաեւ կարող են համաձայնության գալ այն բանի շուրջ, որ Թուրքիան ապագայում կսկսի որոշ բաղադրատարրեր արտադրել ռուսական ինքնաթիռների համար: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտարարել է, որ Սու-35 եւ Սու-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցի շուրջ կոնսուլտացիաներ ընթանում են, բայց պարտավորագրերի կնքում առայժմ չի քննարկվում:
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է այն հաղորդումները, թե Անկարան կգնի Սու-35 ռուսական կործանիչներ: Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: