«Դա իրապես խնդիր է, և այս մասին պետք է խոսվի». Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունում է՝ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ, բայց, ըստ նրա, պետք է ուշադիր լինել և համեմատական անցկացնել  այլ կազմակերպությունների հետ:

«Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, և, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ և այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո՛, ՀԱՊԿ-ում էլ կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ ասելով, ՀՀ-ի դեպքում՝ հասկանում ենք ռուսական բազան Գյումրիում, հայկական բանակը և ՌԴ-ի այլ ուժերը, որոնք գործում են այս տարածաշրջանում:

Ի պատասխան դիտարկման, որ ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք են վաճառում՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ դա իրապես խնդիր է:

Կարդացեք նաև

«Սա լուրջ խնդիր է, որովհետև այստեղ մի բան կա, այն է՝ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար, դա սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն և անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ: Զենք վաճառելը գործում է տրամաբանության մեջ, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ՝ կան նման խնդիրներ, և սրա մասին պետք է խոսվի և լուծում գտնվի»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս