
«Երբ որոշենք՝ բուհը մասնագետ պատրաստելու տեղ է, թե հայրենասեր երիտասարդ դաստիարակելու, կհասկանանք, թե ինչ ենք անում». Պավել Ավետիսյան

«Երբ մենք որոշենք՝ բուհը մասնագետ պատրաստելու տեղ է, թե հայրենասեր երիտասարդ դաստիարակելու, ըստ այդմ էլ կհասկանանք, թե ինչ ենք անում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին, որով չի նախատեսվում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում, ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
«Մենք պետք է որոշենք՝ բուհը հանրակրթական խնդիրնե՞ր է լուծում, թե՞ մասնագետ է պատրաստում: Այսինքն, եթե դպրոցական ծրագրերով նորից պետք է վերադասավանդենք այն, ինչ դպրոցում են անցել, ապա, բնականաբար, ճիշտ չէ, որ բուհերում այդ առարկաները լինեն: Եթե առարկաները ներառելով, մի քիչ անունները փոխելով՝ բուհերում կսովորեցնեն հայերեն հոդվածներ գրել և այլն, բնականաբար, այդ դեպքում արդեն այդ առարկաները մասնագետ պատրաստելու գործում իրենց դերը կունենան: Օրինակ, ես չեմ հասկանա, եթե ասեն, որ բուհում պետք է սովորեցնեն, թե մեծատառ «Ա»-ն կամ փոքրատառ «ա»-ն ինչպես են գրում: Ուզում եմ ասել՝ դա պետք է դպրոցում սովորեն: Ուրիշ հարց է, որ դպրոցում սովորած երիտասարդը, երբ արդեն մտնում է բուհ, լավ չի տիրապետում իր լեզվին, այսինքն, այդ առարկաների դասավանդման մեթոդները, ձևերը պետք է ուժեղացնել դպրոցում: Իսկ բուհում կարող ենք ունենալ պատմագիտական այնպիսի առարկաներ, որոնք ոչ կրկնությունն են այն ամենի, ինչ անցել են դպրոցում, ոչ էլ հանրակրթության խնդիր են: Եթե հանրակրթական բնույթի խնդիր ենք լուծում և դաստիարակում ենք 20-ամյա տղային, այսինքն՝ ոչ թե պատրաստում ենք մասնագետ, որ կարողանա եվրոպական գիտակրթական միջավայրում տեղ զբաղեցնի, այլ հայրենասիրական ոգով դատարկ ինչ-որ բաներ դուրս տա, ապա այս դեպքում, կարծում եմ, որ դա ավելորդ է:
Մի խոսքով, պետք է որոշենք՝ բուհն ինչի համար է, մասնագետ պատրաստելո՞ւ, թե՞ հանրակրթություն տալու. դրանից հետո նոր կորոշենք, թե այդ առարկաներն ինչ տեղ կարող են ունենալ»,- նշեց նա:
Անի Կարապետյան