«Չնայած ստեղծվում են աշխատատեղեր, աշխատավարձերը չեն կարող բարձր լինել և բիզնեսը չի կարող երկարատև ու ցանկալի մակարդակի շահույթ ստանալ». Հովհաննես Ավետիսյան
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալեքսանյանի վերջերս բացած նոր արտադրամասի շուրջ ինչ կարգի արձագանք ասես տեսա` ամենաանհեթեթ «կեցցե վարչապետից» մինչև ամենահողեղեն «մալադեց Լֆիկին»: Սակայն, ոչ մի լուրջ տնտեսագիտական գիր աչքովս չընկավ:
Հետևաբար, փորձեմ մի թեթև այդ բացը լցնել հետևյալով:
Երկու տարի առաջ Կառավարությունը, թե վերջինիս ստեղծած Բիզնես Արմենիա Հիմնադրամը (էական չէ, թե սրանցից որը) Ասիական Զարգացման Բանկին խնդրել էին հագուստի և կոշիկի արդյունբերության գործընթացների վերաբերյալ տեխնիկական աջակցություն տրամադրել` համադրելով միջազգայինը տեղականի հետ և զարգացման ճանապարհի և ուղղվածության խորհուրդներ տալ:
Այնպես ստացվեց, որ այս աշխատանքները անելու համար ԱԶԲ վարձած թիմին ես էլ միացա` հաշվի առնելով տեղական հագուստի արտադրության ոլորտում ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության հետ շուրջ 4 տարի կատարված փորձագիտական աշխատանքը: Թիմը բավականին ներառական էր և հետաքրքիր ու կարևոր փորձառության ու գիտելիքի համադրություն էր: Սա ի դեպ, իսկ ասելիքիս բուն առարական հետևյալն է:
Տրամադրած խորհրդատվությունը իմ կարծիքով առարկայական էր ու պետքական: Այս նկարը այդ մեծ աշխատանքի մի մասն է, որտեղ պատկերված է հագուստի և կոշիկի արտադրության արժեշղթան: Ինչո՞վ է սա կարևոր և ինչպե՞ս է առնչվում Ալեքսանյանի բացած նոր արտադրամասի հետ և նրա կողմից արտապատվիրման նոր նախաձեռնություններին:
Ինչպես նկարում երևում է, այս ոլորտի ամբողջ արժեշղթայում արտադրությունը ընդամենը 10 % բաժին ունի: Սա նշանակում է, որ չնայած հագուստի արտադրությունը բարդ ու աշխատատար գործընթաց է, դրանում շատ քիչ արժեք է ստեղծվում: Սա է պատճառը, որ աշխարհում գործող գրեթե բոլոր (ընդամենը 1-2 բացառություն կան) ապրանքանիշերը արտապատվիրում են անում, ինչը կնշանակի իրենք չեն կարում` արտադրում: Դա նրանց փոխարեն հիմնականում անում են Չինաստանում, Վիետնամում, Թուրքիայում և այլուր:
Այս խորհրդատվական աշխատանքի արդյունքն ասում էր, որ ավելի մեծ արժեք ստեղծելու համար, հետևաբար ավելի կայուն և մրցակցային դառնալու համար նաև սեփական ապրանքանիշերը (բրենդ) պետք է ստեղծել: Ինչին կարելի է հետևության գալ այս նկարի բովանդակությունից նույնպես:
Այսպիսով, արձանագրում ենք, որ Ալեքսանյանը լիքը ներդրումներ է անում հիմնականում հայտնի բրենդներից ստացված արտապատվիրում կատարելու համար (հիմնականում եմ գրել քանի որ նա ունի նաև «Ալեքս» ապրանքանիշը ինչի ստեղծումը կարևոր քայլ էր):
Սա նշանակում է, որ չնայած ստեղծվում են աշխատատեղեր, չնայած երկրում արժեք է ստեղծվում, դա կայուն չէ, աշխատավարձերը չեն կարող բարձր լինել և բիզնեսը չի կարող երկարատև ու ցանկալի մակարդակի շահույթ ստանալ:
Հետևաբար, եթե այդ արտադրամասը արտադրեր բացառապես Ալեքս ապրանքանիշի ներքո և դրանով էլ արտահանում աներ, դա կլիներ շատ ավելի կարևոր, հետաքրքիր ու պետքական երկրի համար:
Արտապատվիրումները պետք են որոշակի կարողություններ զարգացնելու համար, բայց դրանցում մենք չենք կարող մրցակից լինել, ո՛չ Չինաստանին, ո՛չ Վիետնամին, ո՛չ Հնդկաստանին և ո՛չ էլ մեր հարևան Թուրքիային: Հետևաբար մերը պետք է լինի այս ամենի գիտելիքահեն մասը, ինչի մասին նաև Կառավարությունն է շարունակաբար խոսում, բայց գործի մեջ այդպես էլ չենք տեսնում, թե ոնց են դա անելու:
Գիտելիքահեն տնտեսություն ասածը ուղղակի բառեր չեն, դրանք Կառավարության և գործարար աշխարհի համատեղ ամենօրյա աշխատանք է, ինչը մեր երկրում դեռ չի էլ սկսվել: Վկան խոշոր հարկատուների ցանկը, որտեղ առաջին հինգ տեղերում երկու հանքարդյունահանող է, երկու ծխախոտ արտադրող և գազ վաճառող օտար ընկերություն: Սա իհարկե ցույց է տալիս երկրի տնտեսության աղետալի վիճակը:
Վերջում էլ ասեմ, որ արժեք ստեղծող պետության և տնտեսության մոդելը չի հենվում արտապատվիրման վրա: Կայուն և մարդակենտրոն ներառական տնտեսությունը (ինչին ես հավատում եմ), որը ունի գիտելիքի մեծ կշիռ, կլինի մեր պետության փրկությունը և զարգացման ուղին: Իսկ սրա համար հարկավոր է հասկանալ որտեղ են մեր` ժողովուրդ և պետություն, մրցակցային առավելությունները աշխարհի համեմատ և կրթության այդ ոլորտում նշանակալի վերափոխումներ և մեծ ներդրումներ իրականացնել:
Թերևս այսքանը, լավ օր բոլորիդ»:
Ալեքսանյանի վերջերս բացած նոր արտադրամասի շուրջ ինչ կարգի արձագանք ասես տեսա` ամենաանհեթեթ «կեցցե վարչապետից» մինչև…
Gepostet von Hovhannes Avetisyan am Samstag, 2. November 2019