«Լկտի հակահեղափոխականը». Երվանդ Քոչարի ձերբակալության առեղծվածը

1936/37-1953 թվականների հայկական մամուլը թերթելիս տեսնում ենք հոդվածներ, որոնք, առաջին հայացքից՝ ունեն տարօրինակ վերնագրեր, սակայն իրականում այդ վերնագրերի, արտահայտությունների տակ թաքնված է մի ամբողջ գաղափարախոսություն։ Այդ թվականներին կարելի էր հանդիպել, մասնավորապես, այսպիսի վերնագրերի՝ «Դաշնակցական տականքը», «Տրոցկիստ-նացիոնալիստական որջերը Հայաստանում», «Հակահեղափոխական տեռորիստների գործունեությունը Խորհրդային Հայաստանում», և այլն։ Տարօրինակ տրամաբանությամբ էին մեղադրում նաև այն մտավորականներին, որոնք համարվում էին «ժողովրդի թշնամիներ»։

Անգլերեն իմացող մտավորականները համարվում էին արտասահմանից ուղարկված լրտեսներ, ոմանք պատրաստվում էին ահաբեկչական հարձակում իրականացնել ոչ պակաս, քան Լավրենտի Բերիայի դեմ։ Սրանք միայն 1-2 մեղադրանքների տրամաբանական հիմքեր են, որոնք տարօրինակ են հիմա, սակայն բավական էր, օրինակ, 1938 թվականին բարձրաձայն մտածել, որ, ասենք, Աղասի Խանջյանին իրականում սպանել են, և մի քանի րոպե անց դու կհայտնվեիր Սիբիր ուղևորվող գնացքում։

Բացառություն չէր նաև հայ անվանի քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարը։ 1936 թվականի աշնանը Քոչարը գալիս է Հայաստան։ Նա դառնում է Նկարիչների միության անդամ, մասնակցում համամիութենական ցուցահանդեսներին, կարդում է դասախոսություններ։ Սակայն Քոչարի կյանքում շատ արագ փոխվում է ամեն ինչ։ Այստեղ ևս կարելի է տրամաբանել ու հասկանալ, թե կարճ ժամանակ հետո ի՞նչ պիտի կատարվեր մի մարդու հետ, ով ճանապարհորդել էր Եվրոպայում, եղել էր Սուրբ Ղազար կղզում գտնվող «Մխիթարյան Միաբանությունում», դասավանդել Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։

Կարդացեք նաև

1923 թվականին Փարիզում իր առաջին ցուցահանդեսը բացել էր Խորհրդային Միության «թշնամի» Արշակ Չոպանյանի աջակցությամբ, իսկ 2 տարի անց էլ աշխարհահռչակ Պիկասոյի հետ միասին մասնակցում է «Ժամանակակից արվեստ» ցուցահանդեսին։ Երկար մտածել պետք չէ, քանի որ նա ևս համարվելու էր «պետության թշնամի» և ինչ-որ շինծու մեղադրանքով դատապարտվեր։

Այդ ամենը երկար չտևեց։ Երբ այդ թվականներին «Խորհրդային Հայաստան» թերթում վարկաբեկող որևէ հոդված էր տպագրվում հայ մտավորականներից մեկի մասին, բոլորին հասկանալի էր դառնում, որ այդ մարդու օրերն ուղղակի հաշված են։ Հոդվածը չուշացավ նաև Երվանդ Քոչարի դեպքում։ 1937 թվականի հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» թերթում Ս․Հար կեղծանունով հոդվածագրի «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» վերնագրով հոդվածում Քոչարին մեղադրեցին հակահեղափոխական քարոզչություն և գործունեություն ծավալելու մեջ։ Հոդվածում մասնավորապես նշվում էր․

«Այսօր մեր նկարիչների, քանդակագործների գործերում չենք տեսնում մեծ Ստալինի օբրազը, խորհրդային ժողովրդի ուրախ և երջանիկ կյանքը։ Այդ նեխած մթնոլորտում բացահայտ կերպով կերպարվեստագետի անվան տակ թաքնված իրենց հակախորհրդային քայքայիչ աշխատանքն են տարել մի շարք սրիկաներ, որոնք դեռ այսօր էլ ազատ շրջում են։ …Ժողովրդի մերկացված թշնամիներ՝ Դ․ Շահվերդյանի և ճարտարապետ Մ․ Մազմանյանի օժանդակությամբ 1936 թվականին Փարիզից Երևան է գալիս այսպես կոչված քանդակագործ Երվանդ Քոչարը։ Երևան գալու հենց առաջին իսկ օրից այդ խարդախն սկսում է իր պրովոկացիոն աշխատանքը։ …Այդ սրիկան այս ու այն կողմը մի քանի անգամ լկտի հակահեղափոխական, ըստ էության ֆաշիզմը գովերգող հայտարարություններ է արել։ Պարզ է, որ նման մարդիկ ազատ կերպով կգործեին, քանի որ կերպարվեստագետների գլուխն էր կանգնած կասկածելի մի անձնավորություն, Խանջյանի արբանյակը։ Արիսյանի մանկլավիկը, դաշնակցական հովերով տարված Արա Սարգսյանը»։ («Խորհրդային Հայաստան» թերթ, հոդված՝ «Դուրս շպրտել ժողովրդի թշնամիներին կերպարվեստի ֆրոնտից»։ 1937 թվական, հոկտեմբերի 2)։

Երվանդ Քոչարի ընկերներ Անաստաս Միկոյանն ու ճարտարապետ Կարո Հալաբյանը պաշտպանում են քանդակագործին, սակայն այդ պաշտպանությունը չկարողացավ երկար կյանք ունենալ, քանի որ 1939 թվականին, երբ տեղադրվեց «Սասունցի Դավթի» արձանը (այս մասին առաջիկա համարներում ավելի երկար ու համառոտ անդրադարձ կկատարենք,- Ա.Զ.), քննադատության մի նոր ալիք բարձրացավ Քոչարի դեմ։ 1941 թվականի հունիսի 23-ին Երվանդ Քոչարը բանտարկվում է, իսկ բանտարկությունից հետո ոչնչացվում է «Սասունցի Դավթի» արձանը, որը քանդակագործը քանդակել էր ընդամենը 18 օրում։ Քոչարին մեղադրում էին, քանի որ քանդակում «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…»։ Այս նույն տակտիկան օգտագործելով՝ գնդակահարվեց Ակսել Բակունցը, ով համարձակվել էր գրել «Ծիրանի փողի» մասին։ Այս նույն ձեռագրով էր, որ շարքից դուրս եկան հայ մեծերը, իսկ ոմանք էլ տասնամյակներ շարունակ իրենց գոյությունը քարշ տվեցին սիբիրյան աքսորավայրերում։

Ձերբակալությունից 2 տարի անց Քոչարն ազատ արձակվեց։ Այս անգամ ևս նրան օգնեցին Անաստաս Միկոյանն ու Կարո Հալաբյանը։ 1953 թվականին՝ Ստալինի մահից հետո, եկավ շունչ քաշելու ժամանակը, և արդեն իսկ 1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել ոչնչացված «Սասունցի Դավթի» արձանը։ Երվանդ Քոչարը երկրորդ անգամ կերտեց իր հերթական գլուխգործոցը, որի բացումը տեղի ունեցավ 1959 թվականին։ Դավթի երկրորդ քանդակը զգալիորեն տարբերվում էր առաջին քանդակից։ Քանդակի տեղադրումը մի մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի մոտ։ Երջանիկ էր նաև Երվանդ Քոչարը։

Շարունակությունը՝ առաջիկա համարներում։

ԱՐԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս