Զբոսաշրջության սեզոնն ավարտվեց, բայց արժութային շուկայի ճնշումը չի իջնում
Դեռևս գարնանից Հայաստանի արժութային շուկայում նկատվող տարադրամային հոսքերի ակտիվացումը Կենտրոնական բանկն ու կառավարությունը համառորեն փորձում են բացատրել զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ։ Զբոսաշրջության սեզոնն ավարտվեց, բայց արժութային շուկայում նկատված տարադրամային ճնշումը չի իջնում։ Գարնանից այն գտնվում է բարձր դիրքում ու շարունակում է պահպանվել։
Դրա հետևանքով ազգային արժույթը մի պահ արժևորվեց, բայց հետո արժևորումը կանգ առավ։ Արդեն տևական ժամանակ դոլարի գինը տատանվում է հիմնականում 475-477 դրամի սահմաններում։ Կենտրոնական բանկը հավանաբար որոշել է, որ դա է դոլարի այսօրվա օպիտմալ գինը, ու ամեն ինչ անում է փոխարժեքները դրա շրջանակներում պահպանելու համար։
Թե ինչպե՞ս է որոշվել, որ դոլարը հենց այդ փոխարժեքի վրա պիտի կանգնի, հայտնի չէ։ Բայց հասկանալի է, որ այն, ինչ ունենք, Կենտրոնական բանկի ուղղակի միջամտության կամ ներգործության արդյունք է։
Դրա անունը կդնենք` շուկայի կտրուկ տատանումները հարթելուն, թե ցնցումները մեղմելուն ուղղված քայլ, էական չէ։ Միևնույն է` դրանից երևույթի էությունը չի փոխվում։ Այն փոխարժեքները, որոնք ունենք, ձևավորվել են Կենտրոնական բանկի միջամտությամբ։
Այսօր դոլարի գինը կարող էր և՛ ավելի ցածր, և՛ ավելի բարձր լինել` կախված նրանից, թե փոխարժեքների ինչ քաղաքականություն կորդեգրվեր։ Հայտնի է, որ ԿԲ-ն այս տարի ակտիվ տարադրամ է գնում, ինչի մասին ժամանակ առ ժամանակ հայտարարում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա ընթացքում գնված տարադրամի քանակն արդեն հասել է շուրջ 488 մլն դոլարի։
Իհարկե, դա կարող էր և ավելի շատ լինել, եթե Կենտրոնական բանկը մտադրություն ունենար թույլ չտալ ազգային արժույթի այսպիսի արժևորում։ Բայց ԿԲ-ն նախընտրել է այս տարբերակը։ Արդյունքում՝ արդեն տևական ժամանակ ունենք դոլարի նկատմամբ ազգային արժույթի կայուն փոխարժեք` չնայած շուկայում առկա տարադրամային ճնշմանը։
Թե դա ի՞նչ հետևանք է ունենում տնտեսության արտահանելի հատվածի վրա, հայտնի բան է։ Դրամի արժևորումը թուլացնում է տնտեսության մրցակցային հնարավորություններն արտաքին շուկաներում։
Ու չնայած դրան, ԿԲ-ն համառորեն շարունակում է ամուր պահել դրամը, որին կարծես դեմ չէ նաև կառավարությունը։ Այս փուլում Նիկոլ Փաշինյանին ավելի շատ ուրախացնում է հատկապես այն, թե Կենտրոնական բանկը որքա՞ն տարադրամ է գնում, և դա ինչքանո՞վ է աննախադեպ։
Որ գնված տարադրամի քանակն այս տարի մեծ է, այդպես էլ կա։ Բայց դեռ հարց է, թե դա ինչի՞ հետևանք է և ինչո՞վ կավարտվի։
Տնտեսության իրական հատվածի հաշվին չէ, որ ձևավորվում են այդ գումարները։ Մինչև վերջերս արտահանումը, որը տարադրամի ապահովման հիմնական աղբյուրներից մեկն է, նվազում էր։ Տրանսֆերտային հոսքերը ևս այնպիսին չեն։ Ճիշտ է, մուտքերն ավելացել են, բայց մյուս կողմից` արտարժույթի բավական ինտենսիվ արտահոսք է տեղի ունենում, ինչի հետևանքով ներսում մնացող տարադրամի քանակը նույնիսկ նվազել է։
Այս երկու հիմնական շուկաների նման դրսևորումների պայմաններում Կենտրոնական բանկը չգիտես ինչից վերցրել է, որ տարադրամային ճնշման պատճառը զուտ զբոսաշրջությունն է։ Զբոսաշրջությունը գուցե ինչ-որ դեր խաղացել է, բայց այնպես չէ, որ դա բացառապես զբոսաշրջության հետ է կապված։ Պատահական չէ, որ զբոսաշրջության սեզոնն ավարտվում է, բայց տարադրամի ճնշումը չի դադարում։ Ու հիմա ԿԲ-ն ու կառավարությունը սկսել են այլ հիմնավորումներ փնտրել։
«Մենք սպասում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոնը կարող է լինել 12 ամիս»,- ասում է Նիկոլ Փաշինյանը` հավանաբար ինքն էլ չհավատալով իր ասածներին։
Որ տարադրամի հոսքերը շարունակվում են, ամենևին էլ հիմք չէ խոսելու, որ մեզ մոտ տուրիզմի սեզոնը 12 ամիս է դարձել։ Տուրիզմի սեզոնն իրականում ավարտվել է։ Իսկ արտարժութային հոսքերի պահպանվող ակտիվությունն ընդամենը խոսում է այն մասին, որ տարադրամային ճնշումը կապված չէ տուրիզմի հետ։ Գուցե այն որոշակի ազդեցություն ունեի, բայց դա չէ հոսքերի ակտիվության պատճառը։
Զբոսաշրջային հոսքերի ակտիվություն նախկինում էլ է եղել։ Այնպես չէ, որ այս տարի գործ ունենք, ինչպես վարչապետն է սիրում ասել, «աննախադեպ» ակտիվության հետ։ Տարեսկզբի վեց ամսվա տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ավելացել են 12-13 տոկոսով։ Խոսքն 84 հազար զբոսաշրջիկի մասին է։ Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ օրական ծախում է 80-100 դոլար և մնում է 7-10 օր, ապա ստացվում է, որ առաջին կեսին այս հատվածից տարադրամային լրացուցիչ մուտքերը կարող էին կազմել առավելագույնը 50-60 մլն դոլար։
Մի՞թե սա այն գումարն է, որն այդքան ժամանակ կարող էր արժութային շուկան պահել տարադրամային լարվածության մեջ։ Իհարկե ոչ։
Ի վերջո, նախկինում զբոսաշրջային շատ ավելի ակտիվ ժամանակահատվածներ ենք ունեցել։ Ասենք` 2017թ. զբոսաշրջության աճը հասնում էր գրեթե 19 տոկոսի։ Բայց արժութային շուկան դրանից այնպես չի «ազդվում», ինչպես այս տարի է։ Ու հիմա ի՞նչ եղավ, որ զբոսաշրջության 12-13 տոկոս աճի պայմաններում տարադրամային հոսքերի այդպիսի ակտիվություն ունենք։ Այս հարցի պատճառները պետք է այլ տեղ փնտրել։ Ու այդ տեղերից մեկն ավտոմեքենաների շուկան է, որը դարձել է Հայաստանի արժութային շուկայում տարադրամային ակտիվ հոսքերի ձևավորման հիմնական պատճառներից մեկը։
Թեև նույն գործոնով պայմանավորված՝ երկրից բավական մեծ քանակությամբ տարադրամ է դուրս գալիս, այնուհանդերձ նաև ակտիվ մուտքեր են լինում` դրանց վերարտահանման արդյունքում։ Գաղտնիք չէ, որ ներմուծվող ավտոմեքենաների մի զգալի մասը ներքին շուկայի համար չէ։ Այս հատվածում բավական մեծ հավելյալ տարադրամային միջոցներ են ձևավորվում, որոնք մնում են ներսում։ Մի բան, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ արժութային շուկայի վրա։
Արդեն հաջորդ տարի այդ մուտքերը չեն լինի։ Գուցե ոչ տարվա առաջին կեսին, բայց երկրորդում այդ հանգամանքն անպայման կունենա իր ազդեցությունն արժութային շուկայի վրա։ Տարադրամային հոսքերն այլևս այնպիսին չեն լինի, ինչպիսին այս տարի է։ Ու լավ կլիներ, որպեսզի Կենտրոնական բանկը պատրաստ լիներ նման զարգացումներին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ