Բաժիններ՝

«Դաստիարակությունս և համալսարանական միջավայրի հանդեպ ունեցած ակնածանքս թույլ չեն տալիս ռեկտորի ժ/պ-ին պատասխանել իր իսկ բառապաշարին համապատասխան». Արմեն Ավետիսյան

Հոկտեմբերի 31-ին 168.amանդրադարձել էր ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառմանն ու կից հրապարակած գրությանը, համաձայն որի՝ վերջինս ԵՊՀ ռեկտորին ու հոգաբարձուների խորհրդին առաջարկել էր 20 տոկոսով բարձրացնել ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը: Խոսել էինք նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, ով ըստ էության ասել էր, որ աշխատավարձերի բարձրացում գոնե առաջիկայում չի լինելու: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հեգնանքով էր խոսել նաև Արմեն Ավետիսյանի ու նրա առաջարկի մասին:

168.am-ը խնդրո առարկայի մասին զրուցեց նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի հետ:

– ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը պնդում է, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը՝ կապված աշխատողների 20 տոկոս աշխատավարձ բարձրացնելու հետ, մեջբերում եմ, «նստած քնած տեղը ինչ-որ որոշած բան է, և Արմեն Ավետիսյանի երազելով չենք բարձրացնելու աշխատավարձերը»: Ի՞նչ կարծիք ունեք՝ այս տեսակետի հետ կապված:

– Նախ՝ ուզում եմ ասել, որ Ձեր կողմից հիշատակված հարցազրույցը կարդացել եմ և ծանոթ եմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքին, և այն շատ դժվար է տեսակետ անվանել: Դաստիարակությունս և համալսարանական միջավայրի հանդեպ ունեցած ակնածանքս թույլ չեն տալիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին պատասխանել իր իսկ բառապաշարին համապատասխան: Բայց, այնուամենայնիվ, հարցազրույցում հանդիպած միակ լրջախոհ մտքին պատասխանելով՝ ասեմ, որ առաջարկությունը հիմնավոր է, և առաջարկության մեջ հստակ նշված են աշխատավարձի բարձրացման բոլոր աղբյուրները: Չեմ զլանում կրկնել. դրանք են՝ ուսման  վարձավճարները (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019թ. սկսվել և հաջորդ տարիներին ևս դիտարկվում է շրջանավարտների, հետևաբար՝ դիմորդների թվաքանակի էական աճ), ՀՀ պետական բյուջեից ստացվող լրացուցիչ ֆինանսավորումը տարիների ընթացքում կուտակված  ռեզերվային (պահուստային) ֆինանսական միջոցները, ինչպես նաև ԵՊՀ բյուջեի որոշ հոդվածների (ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսեր, հիմնանորոգման և շինարարության ծախսեր, գործուղման ծախսեր, ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման ծախսեր և այլն) կրճատումները: Այս աղբյուրները բավարար են, որ աշխատավարձերը 20 տոկոսով բարձրանան: Իսկ ինչ վերաբերում է իմ երազելուն, այո, ի տարբերություն ժամանակավոր պաշտոնակատարի, ես երազում եմ, որ Մայր բուհի աշխատողները ստանան բարձր և արժանապատիվ աշխատավարձ:

– Երեկ պարզվեց, որ ԵՊՀ պաշտոնական կայքից և Facebook-յան էջից հեռացրել են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը, որոնք հրապարակվել էին նախօրեին, ի՞նչն է պատճառը՝ ի՞նչ եք կարծում:

– Սա, նախ և առաջ, խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության ազատ տարածման իրավունքի ակնհայտ սահմանափակում է, որ Մայր բուհի նման ակադեմիական միջավայրում բացարձակ դատապարտելի և անթույլատրելի արարք է: Կարծում եմ՝ այս քայլով ժամանակավոր պաշտոնակատարը ցանկանում է լռեցնել աշխատավարձի բարձրացման հետ կապված՝ արհեստակցական կազմակերպության առաջարկի վերաբերյալ քննարկումները, որոնք լայն թափ առած՝ կազմակերպվում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և վարչական ստորաբաժանումներում:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը լուսաբանել են հանրապետության գրեթե բոլոր առցանց առաջատար լրատվամիջոցները: Ասենք թե՝ ԵՊՀ կայքից աշխատավարձերը բարձրացնելու նյութը ջնջեցին, բա հազարավոր համալսարանականների մտքից ո՞նց են ջնջելու արժանապատիվ աշխատավարձ ստանալու արդար պահանջը. հարցը ԵՊՀ կոլեկտիվի համար օրակարգի թիվ մեկ հարցն է, և այն հրատապ ու անհապաղ լուծում է պահանջում:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս