Բաժիններ՝

«Աղբյուրները թող նշի, իրականացնենք». ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ աշխատավարձերի բարձրացման մասին

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ համալսարանականները պետք է արժանապատիվ աշխատավարձ ունենան:

«Հարգելի համալսարանականներ,
տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու համար առաջարկություն է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին»,- իր գրառման մեջ նշել էր նա:

Արմեն Ավետիսյանը նաև հրապարակել էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին ուղղված գրությունը, որով վերջիններիս առաջարկություն էր ներկայացրել 2020թ. հունվարի 1-ից ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ:

«Միաժամանակ ուզում ենք հիշեցնել, որ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության և ԵՊՀ-ի միջև դեռևս 2015 թվականին կնքված ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 4.2. կետով նախատեսված է, որ ԵՊՀ բյուջեի ընձեռած հնարավորությունների սահմանում գործատուն հետևողականորեն իրականացնում է միջոցառումներ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ»,- գրել էր ԵՊՀ արհեստակցական կոմիտեի նախագահը:

Այդ գրության մեջ ըստ էության նա նաև ներկայացնում է այն ուղիներն ու աղբյուրները, որոնք հնարավորություն կտային կատարել աշխատավարձի այդ բարձրացումը:

168.am-ը փորձեց հասկանալ, թե Արմեն Ավետիսյանի՝ ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը 20 տոկոսով բարձրացնելու հարցի շուրջ ի՞նչ դիրքորոշում ունի գրության հասցեատերերից մեկը՝ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը:

«Դեռ լավ է, որ 100 տոկոս չի առաջարկել, ընդամենը 20 տոկոս է առաջարկել: Զարմացած եմ ուղղակի»,- այսպես արձագանքեց հնչած հարցին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Մեր ճշգրտող հարցին, թե այսինքն՝ անիրականանալի՞ է այդ առաջարկը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց՝ աղբյուրները թող նշի, իրականացնենք:

«Իհարկե, նստած, քնած տեղն ինչ-որ բան է որոշում»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն:

Իր գրության մեջ Արմեն Ավետիսյանն առաջարկել էր ԵՊՀ 2020թ. բյուջեում շուրջ 1  միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների  (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ,  վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող և այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն իրենից ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:

«Ինչո՞ւ 10 միլիարդ չի ավելացնում, 1 միլիարդ է ավելացնում: Թող 10 միլիարդ ավելացնի»,- կրկին հեգնեց Գեղամ Գևորգյանը:

Մեր հարցին, թե չի՞ լինելու աշխատավարձերի բարձրացում առհասարակ, որովհետև իսկապես ԵՊՀ դասախոսներն արժանապատիվ վարձատրության իրավունք ունեն, Գեղամ Գևորգյանն ասաց՝ «Իհարկե կլինի, բայց ե՞րբ և ինչքա՞ն, հնարավորության հարց է: Արմենի (Արմեն Ավետիսյան:- Գ.Ս.) երազելով չենք բարձրացնելու աշխատավարձերը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ի վերջո, Երևանի պետական համալսարանում ուսման վարձավճարները փոքր թիվ չեն, արդյոք իր առջև նպատակ չի՞ դրել քայլեր կատարել աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

«Դուք հիմա հարցեր եք տալիս, որ հեչ կապ չունեն Արմեն Ավետիսյանի երազների հետ: ԵՊՀ բյուջեն մուտքերով, ելքերով, ամեն ինչով դրված է կայքում, կարող եք նայել և առաջարկել՝ որտե՞ղ պակասեցնենք, որտե՞ղ ավելացնենք: Որևէ գաղտնիք չկա, եղա՞վ»,- հեգնախառն տոնով շարունակեց ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն՝ թերևս մոռանալով, որ ավելացնող-պակասեցնողը լրագրողը չէ:

Ավելին՝ դա իր պարտականությունն ու գործառութային պատասխանատվության շրջանակն է:

Այնուամենայնիվ, նա չմոռացավ ասել, որ այս պայմաններում հնարավոր չէ աշխատավարձ բարձրացնել:

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կապիտալ ծախսեր կան ԵՊՀ-ում, որոնց առաջնահերթությունը թույլ չի տալիս աշխատավարձեր բարձրացնել:

«Կրկնում եմ, կայքում դրված է: Կարող եք բացել, նայել Արմեն Ավետիսյանի հետ միասին: Դրեք, ուսումնասիրեք»,- հուշեց ռեկտորի ժ/պ-ն:

Մեր դիտարկմանը, որ խնդիր չունենք Արմեն Ավետիսյանի հետ միասին ուսումնասիրելու ինչ-որ բան, այդ թվում՝ նաև ԵՊՀ բյուջեի ելքերն ու մուտքերը, ինչին նա արձագանքեց՝ «Մենակ ուսումնասիրեք, առանց Արմեն Ավետիսյանի»:

Գոհար Սավզյան

Հ.Գ. Հարգելի ռեկտորը երևի լրագրողների հետ շփման փորձ չունի: Հուսանք՝ ԵՊՀ հանրային կապերի պատասխանատուն իր վերադասին կտեղեկացնի լրագրողի հարց տալու իրավունքի և խնդիրները համակողմանի ներկայացնելու կարևորության մասին: Հատկապես, երբ դա բխում է նաև հենց իր շահերից, այլապես կարող էինք նյութը կառուցել բոլորովին այլ ձևաչափով:

Ինչևէ, հաջորդիվ կփորձենք ստանալ այս հարցի վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս