Վահե Գուլանյանը՝ իր հրաժարականի, վարչապետից ստացած ցուցակի և իր բիզնեսներն ընդլայնելու մասին

«Սևան» Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. որոշել է զբաղվել խոշոր բիզնեսով և հոգուն առավել հարազատ՝ գիտահետազոտական աշխատանքներով։

Այսօր 168.TV«Ռեվյու» հաղորդման եթերում Վահե Գուլանյանը նշեց, որ այսօր արդեն լրացել է իր դիմումի մակագրման վերջնաժամկետը, սակայն այն դեռ մակագրված չէ։

Դիտարկմանը, որ սա իր առաջին աշխատանքից ազատվելու դիմումը չէ, նախորդները, սակայն, չեն մակագրվել, այս վերջինի չմակագրվելու պարագայում էլ պատրաստվում է մնալ և աշխատել «Սևան» Ազգային պարկում, Վահե Գուլանյանը պարզաբանեց.

«Այո, և՛ տնօրեն աշխատած տարիներին, և՛ տնօրենի պաշտոնակատար եղած ժամանակ ևս դիմումներ եմ գրել, սակայն, եթե հիմա չմակագրեն, միևնույն է, դարձյալ գրելու եմ. Մնալով՝ ես շատ բան կկորցնեմ. ինչ-որ մի պահի ես պետք է թողնեմ պետական ապարատը»,- ասաց Գուլանյանը։

Վահե Գուլանյանին խնդրեցինք անդարդառնալ նաև իր ղեկավարման տարիներին «Սևան» Ազգային պարկում անցկացված ուսումնասիրություններին և արձանագրված խախտումներին։

Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ Ազգային պարկի գլխամասային տարածքում եղել են 12 հատ ամբողջական բիոզուգարաններ, որոնք, սակայն, պարզվել է, որ պատկանում են իրեն, իր անձնական գույքն է եղել, և իրեն փոխկապակցված անձը դրանք տվել է վարձակալության: Այս մասին հարցին ի պատասխան՝ Գուլանյանն ասաց.

«Այո, կան տեղադրված բիոզուգարաններ, որոնք պատկանում են ինձ, իմ սեփական գույքն է, և ես դրանք ամեն տարի անհատույց տրամադրել եմ հանրային լողափերին։ Այդ բիոզուգարանները գնել եմ ես ինքս, բացառապես իմ անձնական միջոցներով»։

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին պատկանող ընկերության վերաբերյալ վերջերս հարուցված քրգործին՝ Գուլանյանը նշեց, որ ինքն այդ ընկերության հետ ժամանակին աշխատել է, իսկ հարուցված քրգործի շրջանակում էլ մեկ անգամ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության։

Հիշեցնելով, որ հարցազրույցներից մեկում Գուլանյանը հայտնել էր, որ իրեն ցանկանում են լիկվիդացնել, հարցրեցինք՝ արդյո՞ք հայտնի է՝ ովքե՞ր են նրանք, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Քիչ չեն եղել դեպքերը, երբ փորձել են հաշվեհարդար տեսնել ինձ հետ: Բանը հասել է նաև կրակոցների և նրան, որ փորձել են ինձ արանքից հանել։ Ես միակ տնօրենն եմ եղել, որը ապօրինի շինություն է ապամոնտաժել, և կան դեռ ապամոնտաժման ենթակա շինություններ ևս»։

Հարցին՝ արդյոք ապամոնտաժվելո՞ւ է, օրինակ, նախկին ոստիկանապետի շքեղ ափամերձ շինությունը, Գուլանյանը պատասխանեց.

«Ո՛չ. կար վարչապետի ցուցակ, հանձնարարական»։

Հարցին՝ չկա՞ր այդ ցուցակում Գասպարյանի շինությունը, Գուլանյանը պատասխանեց.

«Միգուցե, չեմ բացառում, վարչապետի ներկայացրած ցուցակում կային բոլոր խախտումների և իրավազանցումների մասին, այդ ցուցակում հայտնի շատ դեմքերի անուններ էլ կային, բոլորն էլ ունեին ինչ-որ բան քանդելու, բայց հիմա ես չեմ ցանկանում դրանից խոսել, բոլորն էլ լինելու են դատարանի որոշումից հետո»:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս