«Վետո Ստամբուլյան կոնվենցիային». Նարեկ Մալյան

Ստամբուլյան կոնվենցիան վավերացրած երկրներում  բռնության տեսակետից որևէ դրական դինամիկա չկա. այսօր հայտարարեց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժան ղեկավար Նարեկ Մալյանը՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման  ԵԽԽՎ գրասենյակի առջև կայացած ակցիայի ժամանակ:

«Մեր և այլ հասարակական կազմակերպությունների ջանքերով կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի քարոզը: Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը հիմնված է կեղծիքի, ստի, մանիպուլյացիայի վրա, իսկ քարոզով զբաղվում են հիմնականում Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլ նաև լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ:

Բռնության տեսակետից կա՞ արդյոք դրական փոփոխությունների դինամիկա այն երկրներում, որոնցում վավերացվել է այս փաստաթուղթը, ոչ, չկա, Հայաստանի ցուցանիշն ավելի լավ դիրքերում է, քան Ստամբուլյանը վավերացրած երկրներինը: Այսինքն՝ այս կոնվենցիան զուրկ է իր դեկլարատիվ նպատակների կիրառական նշանակությունից, այդ դեպքում որո՞նք են այս կոնվենցիայի թաքնված և իրական նպատակները:

Որպես օրինակ՝ կոնվենցիայի օրենսդրության մեջ կամրագրվի զուգընկեր եզրույթը՝ փոխարինելով ամուսիններ եզրույթին, տրանսվեստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ՝ որպես զուգընկերներ:

Հաջորդը՝ կենսաբանական սեռ եզրույթը փոխարինվում է սոցիալական սեռ արտահայտությամբ»,- ասաց Նարեկ Մալյանը:

Ըստ նրա՝ կեղծ է նաև շրջանառվող այն թեզը, թե մենք ցանկացած պահի կարող ենք ապավավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

«Կոնվենցիայի պաշտպաններն այսպիսի կեղծ թեզ են շրջանառում, որ՝ եկեք վավերացնենք, եթե դուրներս չգա, հետ կվերցնենք մեր ստորագրությունը ու կապավավերացնենք, նման բան հնարավոր չէ: Այս թեզը կեղծիք է և սուտ: Ֆորմալ առումով յուրաքանչյուր երկիր կարող է հետ վերցնել իր ստորագրությունը, ուղղակի երկու ամիս առաջ զգուշացնելով այդ մասին, իսկ իրականում այս տխրահռչակ կոնվենցիայի ապավավերացումը բարդ, որոշ դեպքերում՝ անհնար խնդիր է, քանի որ հենց վավերացնենք կոնվենցիան, փոխվելու է Սահմանադրությունը, ձևավորվելու են մարմիններ, որոնք իրականացնելու են կատարողականը կոնվենցիայի»,- ասաց Նարեկ Մալյանը:

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժան ղեկավարը վստահեցնում է՝ կոնվենցիան նաև իրավական տեսանկյունից որևէ նպատակ չունի, քանի որ մեր Սահմանադրությունը բռնությունը կանխելու առումով թերի չէ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս