Արսեն Թորոսյանը՝ ռազմական դրության ժամանակ նախարարության կողմից մասնավոր հիվանդանոցները կառավարելու մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռազմական դրության ժամանակ նախարարության կառավարման տակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը ստանձնելու հանգամանքին, տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկել են այն շահագրգիռ կազմակերպությունների հետ, որոնք այդ գործով զբաղվում են:

«Այս խնդիրը միշտ մեր առջև դրել են ուժային կառույցները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության կողմից վերջին զորավարժության ժամանակ: Հատուկ քննարկելու կարիք չկա, քանի որ ռազմական դրության ժամանակ պետք է գործի մեկ հատուկ համակարգ, որը կսպասարկի թե՛ բնակչությանը, թե՛ մարտական գործողությունների մասնակիցներին: Կարիք կար միասնական կառավարման, որն օրենքի նախագծով տրամադրվում է Առողջապահության նախարարությանը»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այս գործընթացում սեփականատիրոջ իրավունքների ոտնահարում չկա, քանի որ սեփականատերը պաշտպանված է օրենքով:

Հարցին՝ սոցհարցումների արդյունքներով իր վարկանիշը նվազել է, արդյո՞ք այդ հարցումների արդյունքներին հավատում է, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ ուշադրությամբ չի հետևում այդ հարցումներին:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս