
Էսեքսում 39 միգրանտների գործով հետախուզվող եղբայրներին կոչ են արել հանձնվել ոստիկանությանը

Ռոնան եւ Քրիստոֆեր Հյուզ եղբայրները, որոնց կասկածում են 39 միգրանտների զոհվելուն մեղսակից լինելու մեջ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոնսությունում, բեռնատարի կցասայլում, պետք է ներկայանան իրավապահ մարմիններին եւ օգնեն հետաքննությանը: Այս կոչը մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակում էր Sky News հեռուստաալիքը, նոյեմբերի 1-ին արել է Էսեքսի քրեական ոստիկանության գլխավոր տեսուչ Դանիել Սթոութենը:
«Այսօր ես կցանկանայի դիմել ուղղակիորեն՝ Ռոնան եւ Քրիստոֆեր, հանձնվեք Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությանը: Մեզ հարկավոր է, որ դուք երկուսդ էլ ներկայանաք եւ համագործակցեք այդ հետաքննության մեջ»,-ասել է նա: Սթոութենը նշել է, թե, չնայած այն բանին, որ Ռոնան Հյուզն արդեն ոստիկանության հետ խոսել է հեռախոսով, իրավապահ մարմինները պնդում են երկու եղբայրների հետ անձնական զրույց անցկացնելը:
Հոկտեմբերի 29-ին բրիտանական ոստիկանությունը եղբայրների հետախուզում է հայտարարել 39 միգրանտների զոհվելուն մեղսակից լինելու կասկածանքով եւ հրապարակել է նրանց լուսանկարները:
Ներկայում կալանքի տակ են մնում միգրանտների զոհվելուն մեղսակցության մեջ կասկածվող երկու անձ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: