Բաժիններ՝

ՔԿՀ-ներում սնունդ ապահովելու մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն և հաղթել է

Քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը բարելավելու համար Արդարադատության նախարարությունը փորձնական ծրագիր է իրականացնում: Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար տրամադրվող սննդի ապահովումը նախարարությունը տվել է մասնավոր հատվածին:

Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը»: Նրանք հաղթել են, ու արդեն 15 օր փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ներառյալ՝ հաց): Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ծրագիրը շարունակելու միակ խնդիրը ֆինանսական խնդիրն է: Այս տարի ՔԿՀ-ներում սննդի ապահովման համար պետությունը պետբյուջեից հատկացրել է ավելի քան 723 միլիոն դրամ:

«Եթե ծրագիրը շարունակենք 2 քրեակատարողական հիմնարկում, 2020 թվականի բյուջեով նախատեսվածը գրեթե բավարար է: Աննշան հավելում է պահանջում: Եթե 2020 թվականից ծրագիրը շարունակենք իրականացնել 4 քրեակատարողական հիմնարկում, մեզնից կպահանջվի լրացուցիչ մոտ 250 միլիոն դրամ: Եթե բոլոր 12 ՔԿՀ-ներում միաժամանակ իրականացնենք, ապա շուրջ 570 միլիոն դրամ հավելյալ գումար կպահանջվի»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նաև նշեց, որ մինչ այս՝ 1 դատապարտյալին կերակրելու պետության բեռն օրական 950 դրամ էր կազմում: Այս ծրագրի ներդրմամբ պետությունը 1 դատապարտյալին կերակրելու համար օրական կծախսի 1400 դրամ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս