
Հնդկաստանի մայրաքաղաքում թանձր ծխամշուշի պատճառով փակել են դպրոցները

Էկոլոգիական իրադրության կտրուկ վատթարացումը Նյու Դելիում Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանություններին հարկադրել է մինչեւ նոյեմբերի 5-ը փակել բոլոր դպրոցները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Օդի սաստիկ աղտոտումը, որը Նյու Դելիում դիտվում է երրորդ օրն անընդմեջ, արտակարգ դրություն է ստեղծել քաղաքացիների առողջության ապահովման ոլորտում,-գործակալությունը մեջբերում է կառավարական փորձագետների խմբի հայտարարությունը:-Էկոլոգիական նման իրադրությունը (Հնդկաստանի մայրաքաղաքում) անբարենպաստ հետեւանքների կհանգեցնի ամբողջ բնակչության, հատկապես երեխաների առողջության համար»:
Այս եզրակացությունը հաստատում են օդի աղտոտման մակարդակի՝ Հնդկաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում անցկացված մոնիթորինգի տվյալները: Այն, Reuters-ի հաղորդագրության համաձայն, ցույց է տալիս օդում PM 2.5 մասնիկների կուտակման մակարդակի թույլատրելի մակարդակի զգալի գերազանցում:
PM 2.5 մասնիկները չափազանց վտանգավոր են առողջության համար: Դրանք կուտակվում են օրգանիզմում եւ առաջ բերում սիրտ-անոթային հիվանդությունների, շնչուղիների հիվանդությունների եւ թոքերի քաղցկեղի զարգացում:
Հնդկաստանի մայրաքաղաքում էկոլոգիական իրադրության վատթարացումը պայմանավորված է հարեւան նահանգներից եկող ծխով, որտեղ գյուղացիներն այրում են գյուղատնտեսական մթերքների մնացորդները եւ այդպիսով դաշտերն ազատում նոր ցանքի համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են Հնդկաստանի առողջապահության մարմինների ներկայացուցիչները, Նյու Դելիի գոտում աղտոտված օդը քաղաքացիների կյանքը կրճատում է մոտավորապես յոթ տարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: