
Պանթեոնում բացվեց Յուրի Վարդանյանի մահարձանը

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում բացվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն, ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի մահարձանը:
Լեգենդար ծանրորդի մահվանից մեկ տարի անց մահարձանի բացման արարողությանը ներկա էին հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, Վարդանյանի հարազատները:
«Յուրի Վարդանյան անունը տարիներ շարունակ եղել է ուղենիշ ոչ միայն ծանրամարտի, այլև ամբողջ մարզաշխարհի ներկայացուցիչների համար: Նա օրինակ է եղել այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջ նվաճումների հասնելու և բարձր ցուցանիշներ գրանցելու նպատակ են դրել: Յուրի Վարդանյանի անժամանակ մահը մեծ հարված էր, բայց վստահորեն կարող եմ փաստել, որ նա իր ապրած 62 տարում 100-ամյակների պատմություն է թողել համաշխարհային սպորտում: Ցանկանում եմ, որ Յուրի Վարդանյանի օրինակը կրթի հայ մարզիկներին և ապագա չեմպիոններին»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: