
Չավուշօղլուն ցեղասպանության բանաձևի մասին. «Մենք էլ որոշ քայլեր կձեռնարկենք»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք պատասխան քայլեր են անելու ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իշխանամետ «Akşam» թերթին տված հարցազրույցում Չավուշօղլուն մասնավորապես ասել է.
«Որոշ քաղաքական գործիչներ ու լրատվամիջոցներ հայկական որոշման նախագծի (բանաձևը) վերաբերյալ օրինագիծ բառն են օգտագործում: Դա օրինագիծ չէ, ուստի պատժամիջոցներ չի նախատեսում: Դա ԱՄՆ-ի իշխանություններն էլ են հաստատել: ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը դադարեցնելը սխալ է, բայց մենք էլ որոշ քայլեր ենք ձեռնարկելու: ԱՄՆ-ի դեսպանին տեղեկացրել ենք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմագործողություն հետևանքով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ: