Իմ առաքելությունը ողջ կյանքի ընթացքում համարել եմ իրական փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, պետությանը, եկեղեցուն. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին Մայր Աթոռ Սուրբ էջմիածին այցելելու, Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անդամներին հանդիպելու համար և ներկայացրել նիստում քննարկվող հարցերի օրակարգը:
Դիմելով ներկաներին, վարչապետ Փաշինյանը նշել է.
«Վեհափառ Տեր,
Սրբազան հայրեր,
Գերագույն հոգևոր խորհրդի հարգելի անդամներ,
ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Իհարկե նման հանդիպումների կարիքը և անհրաժեշտությունը կա, գուցե ավելի հաճախ, քան տեղի է ունենում: Ընդհանուր առմամբ, իհարկե, ինչպես Վեհափառը նշեց, պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները շատ կարևոր են, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում: Այդ պայմաններն ու հարաբերություններն ունեն բազմաթիվ նրբություններ և ես հույս ունեմ, որ այսօր այդ նրբությունների կարևոր դետալներին մենք հնարավորություն կունենանք անդրադառնալ:
Ընդհանուր առմամբ, երբ ասվում է պետություն-եկեղեցի հարաբերություն՝ ես առաջին հերթին հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումներ, չնայած դրանք էլ կարևոր և էական են, այլ առաջին հերթին հասկանում եմ քննարկում՝ մեր երկրում հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես հոգևոր մթնոլորտի առումով:
Ընդհանուր առմամբ, երբ ես մտածում եմ մեր երկրում առկա մթնոլորտի մասին՝ ես այն եզրակացությանն եմ գալիս, որ ցավոք մեր ժամանակներում, ես չեմ ուզում այդ ժամանակների մեկնարկ, ավարտ, այսինքն մի կոնկրետ ժամանակ նշել, ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է: Եվ սա ես նկատի չունեմ որպես ծառայություն, ես նկատի չունեմ որպես պաշտոն, կարգավիճակ, ես նկատի ունեմ առաջին հերթին ընկալումը հանրային հարաբերություններում, այսպես ասած, էլիտայի և հանրության հարաբերությունները, ընդհանրապես կամայական երկու քաղաքացիների հարաբերությունները: Իմ կարծիքն այն է, որ այդ ապահոգևորականացման ֆոնին է, որ տեղի են ունենում քաղաքական դեգրադացիաներ և տեղի է ունենում կոռուպցիայի ծավալում և ոչ միայն կոռուպցիայի ծավալում, այլև դա դառնում է շատ սովորոական հարաբերությունների կերպ և այս ապահոգևորականացման ճանապարհին և ֆոնին է, որ հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր են ներգրավվում ահա այդպիսի երևույթների մեջ:
Ընդհանրապես ուզում եմ անկեղծ խոստովանել, որ երբ մի որևէ քաղաքական թիմ կամ անձ հասնում է իշխանության կամ իշխանական կարգավիճակ է ձեռք բերում, սովորաբար, համենայն դեպս պատմական տրամաբանությունը շատ հաճախ եղել է այդպիսին, նրանց առաջին մտածումը և միտումը լինում է հետևյալը. ի՞նչպես անել՝ այդ կարգավիճակը հնարավորինս երկար պահել և եթե նույնիսկ հնարավոր է՝ սեփականել:
Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը: Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ:
Եվ ուզում եմ ասել, որ ես նաև, իմ սուբյեկտիվ ընկալումն է սա, չեմ հավակնի պնդել, որ սա ամենաճիշտ կամ ամենաարդարացված կամ գուցե ամենապրագմատիկ ընկալումն է, բայց դա իմ ընկալումն է, որ ընդհանրապես մեր կյանքին պետք է նայել այս պրիզմայով, որովհետև ժամանակակից քաղաքակիրթ հարաբերությունները ես պատկերացնում եմ որպես որոշակի սպեկտրի և մասերի բաժանած շրջանակ, որտեղ կան տարբեր կոմպոնենտներ՝ կա նյութական կոմպոնենտ, հոգևոր կոմպոնենտ, քաղաքական կոմպոնենտ, արժեքային կոմպոնենտ և իրավական կոմպոնենտ:
Այդ ամեն ինչի ճիշտ համադրությամբ է, որ ձևավորվում է մրցունակ պետություն և հասարակություն: Ուզում եմ ասել նաև, որ հենց այս առաքելության գիտակցությունից է բխում, որ ես հասկանում եմ, որ մենք և հանրության հետ, և եկեղեցու հետ և քաղաքացիների հետ, և քաղաքական ուժերի հետ պետք է պատրաստ լինենք ուղիղ, բաց, անկեղծ խոսակցության, և այդ խոսակցությունների նպատակն է շատ կարևոր, որ մենք արձանագրենք՝ ինչի համար է այդ խոսակցությունը՝ հաղթահարել ճգնաժամը կամ կանխարգելել ճգնաժամն այն դեպքերում, երբ ճգնաժամ չկա:
Իսկ ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, որովհետև եթե չլիներ այդ ճգնաժամը՝ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում՝ ուղղակի տեղի չէին ունենա: Եթե չկա ճգնաժամ՝ այդ իրադարձությունները տեղի չէին ունենա և այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ և Սփյուռքի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով: Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ՝ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ: Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է:
Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը և լուծենք նաև մյուս բոլոր ճգնաժամերը և լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով: Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաև պետություն-եկեղեցի հարաբերությունները:
Չեմ կարող ասել, թե մենք այս առումով հասել ենք երկխոսության մի այնպիսի մակարդակի, որը կարող ենք համարել, որ կատարյալ է, բայց որ մենք այս ճանապարհին տեղում կանգնած չենք մնացել՝ դա էլ փաստ է: Մենք որոշակի քայլեր արել ենք, խոսել ենք, զրուցել ենք, քննարկել ենք և ես ուրախ եմ առաջինը սրա համար, որ մենք կարող ենք դա անել: Սա առողջության շատ կարևոր ցուցիչ է և առողջության շատ կարևոր վկայություն է: Ես շնորհակալ եմ նաև այսպիսի հնարավորության համար, շնորհակալ եմ Վեհափառ հայրապետին, որ ինքն անընդհատ այս հնարավորություններն օգտագործում է նման խոսակցությունների համար և նորանոր առիթներ է փնտրում և ստեղծում, որպեսզի մենք այս երկխոսությունն ունենանք: Ես այսօր այստեղ եկել եմ Վեհափառ հայրապետի հրավերով՝ հենց այսպիսի զրույց և երկխոսակցություն ունենալու:
Շնորհակալ եմ»:
Բաց և անկեղծ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերություններին, մեր պետության և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, առկա խնդիրներին և դրանց լուծման հանարավորություններին, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև հանրության շրջանում հնչեղություն ունեցող թեմաներին վերաբերող մի շարք հարցեր: