«Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու». բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Այսօր առավոտյան ժամը 10-ից ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների ու մի շարք ակտիվիստների խորհրդարանի առջև հավաքվելու պատճառը Եվրոպայի խորհրդի կազմում գործող GREVIO՝ Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդինի և քարտուղարության անդամների հանդիպումն է ԱԺ Պետաիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ։

Քննարկման թեման «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերն և տաբուները կոտրելն» է։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհրդարան մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է դեմ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը։

«Ես անձամբ դեմ եմ այս կոնվենցիայի ընդունմանը, քանի որ այն սպառնում է մեր ազգային արժեքներին։ Հույս ունեմ, որ իմ կարծիքը կիսում են իմ կուսակցությունում բոլորը։ Գագիկ Ծառուկյանն էլ միշտ դեմ է արտահայտվել այս կոնվենցիային»,-  ասաց Գևորգ Պետրոսյանը:

«Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը վստահ է՝ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում։ «Մեր երկիր դեսանտ է իջեցվել Եվրախորհրդից։ Բոլոր այն երկրները, որոնք ընդունել են այս կոնվենցիան, ընդունել են ճնշումների տակ, հակառակ ժողովրդի կարծիքին։ Մեր իշխանությունը պետք է իր մեջ ուժ գտնի սրա դեմ պայքարելու, իրենց մեջքին այս հարցում կանգնած ենք մենք բոլորս։ Մենք արդեն 107 օր է՝ ստորագրահավաք ենք անում այս կոնվենցիայի դեմ, արդեն 55.000 ստորագրություն ենք հավաքել»,- ասաց Վահագն Չախալյանը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ԱԺ-ում անցկացվող քննարկումն ուղիղ հեռարձակել՝ վստահեցնելով, որ, եթե գաղտնի որևէ բան չլիներ, ապա ուղիղ եթերում կլիներ այն։

«Այստեղ քննարկում չկա, կան ասողներ և կան լսողներ, Եվրոպայից եկածներն ասում են, մերոնք՝ լսում»,- ասաց Վահագն Չախալյանը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս