Ինչի՞ց են ոգևորվել իշխանությունները, կամ՝ Բուքիքիոյի կոշտ պատասխանը

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի նկատմամբ վերջին ամիսների ընթացքում, քաղաքական հետապնդումից բացի, այլ կերպ ձևակերպում տալ չի կարելի, քանի որ տեղի ունեցած բացահայտ ռեպրեսիվ գրոհներն ունեն ակնհայտ քաղաքական ենթատեքստեր։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանված են այն քաղաքական գնահատականները, որոնք հնչեցվում են տարբեր քաղաքական գործիչների ու կառույցների կողմից՝ այդ ամենը որակելով ՀՀ գործող իշխանությունների կողմից դատաիրավական համակարգին ու Սահմանադրական դատարանին (ՍԴ) ուղղված տոտալ գրոհ։ Պատահական չէր, որ բոլորովին վերջերս այս թեմային իր թվիթերյան էջում անդրադարձավ նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը՝ իր աջակցությունը հայտնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ նշեելով, որ Թովմասյանի և ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները ոչ իրավաչափ են։

Դոլի հայտարարությունից հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ առաջիկայում եվրոպական համապատասխան կառույցները նույնպես կներկայացնեն իրենց կարծիքը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Տեղեկատվությունն այնպիսին էր, որ առաջիկայում իր դիրքորոշումը կներկայացնի նաև Վենետիկի հանձնաժողովը, որն արդեն մեկ անգամ թեմայի հետ կապված որոշակի մեսիջներ էր հղել ՀՀ իշխանություններին։ Արդեն երեկ երեկոյան ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր մասնագիտական գնահատականները, պարզաբանումները ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։ Իր խոսքում նա նշել էր, թե Վենետիկի հանձնաժողովը միշտ քննադատաբար է վերաբերվել դատավորների հարկադիր կենսաթոշակի անցմանը։ Նա մատնանշել է Լեհաստանի օրինակը, որտեղ կենսաթոշակի տարիքը նվազեցվել է:

«Հայաստանում այլ իրավիճակ է. առաջարկ է ներկայացվել դատավորներին, որը նրանք կարող են ընդունել կամ ոչ: Մյուս կողմից՝ մենք միամիտ չենք և գիտենք, որ այստեղ կա ռիսկ, որ դատավորներին կարող են այլ միջոցներով մղել` ընդունելու առաջարկը: Այդ է պատճառը, որ իմանալով հանդերձ, որ վաղ կենսաթոշակի անցումը չի հակասում եվրոպական չափանիշերին, մենք շեշտել ենք, որ այն իսկապես պետք է լինի կամավոր»,- ասել էր Բուքիքիոն: Նա հավելել է, որ Հանձնաժողովը նաև մտահոգված է, որ, եթե չափազանց շատ դատավորներ ընդունեն առաջարկը, ապա ՍԴ աշխատանքը կարող է կաթվածահար լինել, ուստի ՀՀ իշխանություններին խնդրել է մտածել, թե ինչպես կարելի է  խուսափել այս իրավիճակից: Հանձնաժողովի նախագահի կոշտ գնահատականն ուղղակի մեսիջ էր ՀՀ իշխանություններին, որով կոչ է անում սթափվել և զերծ մնալ իշխանության ճյուղերից մեկի նորմալ ու ընթացակարգային բնականոն աշխատանքներից։

Բուքիքիոյի տեքստից միանգամից պարզ է դառնում, որ նա իր խոսքի ենթատեքստում հասկացնում է «թավշյա հեղափոխականներին», որ այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի անձի շուրջ և ՍԴ մատույցներում՝ դասական քաղաքական հետապնդում է։ Բուքիքիոյի հայտարարությունից հետո տարօրինակ կերպով միանգամից կտրուկ ակտիվացավ իշխանության «ֆեյսբուքյան» սեգմենտը, ու սկսեցին ֆլեշմոբ հիշեցնող «շնորհակալությունների» շարք տարածել և իրենց երախտագիտությունը հայտնել Վենետիկի հանձնաժողովին նման հայտարարություն անելու համար։ Այս հարցում բավական ակտիվ էին, մասնավորապես, Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ովքեր նույն ժամին, նույն րոպեին, նույն տեքստն էին հրապարակում ֆեյսբուքյան տիրույթում։ Ի դեպ, փաստացի երկուսն էլ պարզապես խեղաթյուրում էին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը։ Նրանք նշել էին, թե Բուքիքիոյի ասածը վկայում է այն մասին, որ «վերջինս փաստացի ընդունում է, որ այսօրվա Սահմանադրական դատարանում հաստատված ստատուս-քվոն Հրայր Թովմասյանի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:

Ըստ էության՝ ունենք մի վիճակ, երբ Վենետիկի հանձնաժողովից փաստացի հնչել է սուր և չոր դիրքորոշում, ինչը լղոզվել և մեղմվել է իշխանական ներկայացուցիչների կողմից, և այդ վարքագիծը խոսում է այն մասին, որ անգամ նման կոշտ հայտարարություններից հետո, հնարավոր է՝ շարունակեն իրենց կոշտ քաղաքականությունը և կանգ չառնեն ոչնչի առաջ։ Այսինքն՝ Սիմոնյանը, Ռուբինյանը և մյուսները նման տեքստերով փորձում են շարունակել իրենց քաղաքական գիծը, որպեսզի հետագայում հանրության առաջ կարողանան ներկայանալի և ընկալելի լինել։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները շատ փայլուն հասկացել են Բուքիքիոյի բուն ասելիքը, սակայն այն մեկնաբանում են իրենց ցանկալի պրիզմայով։ Պարզապես անհասկանալի է մնում, թե ինչից են ոգևորվել իշխանության ներկայացուցիչները, և հանձնաժողովի նախագահի հատկապես ո՞ր մեսիջն է նրանց այդպես խանդավառել։

Տեղին է հավելել, որ այս երկու գործիչներն էլ բացառապես հեռու են արտաքին քաղաքական զարգացումներից և ի վիճակի չեն ադեկվատ գնահատական ու կանխատեսելի մեկնաբանություն ներկայացնել որևէ միջազգային գործընթացի ու տեղի ունեցած իրադարձության մասին։ Եթե իշխանություններն ուշադիր կարդան դոն Ջիաննիի տեքստը, ապա կհասկանան, որ սա հերթական քաղաքական ապտակն էր ՀՀ կառավարությանը, իշխանություններին։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Բրյուսելում նույնպես այս առիթով լուրջ անհանգստացած են և ուշադիր հետևում են զարգացումներին։  Չի բացառվում, որ առաջիկա օրերին շատ ավելի կոշտ գնահատականներ հնչեցվեն նաև եվրոպական կառույցներից։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս