Ո՞վ էր ճիշտ՝ ՀՀԿ-ն, թե՞ Նիկոլը

Յուրաքանչյուր ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն նախապայմանն ընտրություններն ու ընտրական մրցապայքարն է։ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իշխանափոխությունից հետո պարադոքսների պակաս բնավ չունենք։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում էր ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար, և կոնկրետ բացահայտ քաղաքական ռեպրեսիայի արդյունքում 2018-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԺ արտահերթ ընտրությունները։ Ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները հայտարարությունների շարք սկսեցին առ այն, որ տեղի ունեցած ընտրություններն աննախադեպ էին իրենց տեսակով։

Կարևոր է փաստել մի կարևոր հանգամանք․ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ՀՀԿ-ականները տարբեր առիթներով տրված իրենց հարցազրույցներում խոսում էին այն մասին, որ իշխանությունների կողմից տեղի են ունեցել ճնշումներ և ոտնձգություններ, քանիցս հայտարարեցին, որ իրենց տրված ձայները կեղծվել են։ Քաղաքական զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից կոռուպցիոն սկանդալի մեջ մեղադրվեց, այնուհետև Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնից ազատվեց Դավիթ Սանասարյանը, ով մինչ օրս չի ընդունել իր մեղավորությունը։ Ահա այս ֆոնին կենացները քաղցրացան․ նախ պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ արդեն այսօր հայտնի դարձավ, որ դատարանը Դավիթ Սանասարյանին չվերականգնեց ՊՎԾ պետի պաշտոնում։ Սանասարյանի խոսքով՝ իր և Վանեցյանի հակասությունները խորացել են նախընտրական գործողությունների ժամանակ։ Ժամեր առաջ տրված իր հարցազրույցներից մեկում Սանասարյանն ասել է․

«Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական՝ հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։ Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ, և իմ ունեցած տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր, ես դրա մասին տեղեկացրել եմ վարչապետին։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են։ Ես կոնկրետ այդ թաղամասի բնակիչներից եմ իմացել, որ իրենց շատ կոնկրետ հորդորել են հայտնի թաղային հեղինակությունները, թե ինչպես քվեարկեն, նաև թաղապետերն էին աշխատում Ալեն Սիմոնյանի օգտին, անգամ Նորք-Մարաշի հանրապետական թաղապետին խոսք էր տվել, որ նա կշարունակի ղեկավարել։ Վանեցյանը պարտադրել է անգամ իմ կողմնակիցներին՝ աջակցեն Սիմոնյանին»։

Ըստ էության՝ Սանասարյանի ասածից պարզ է դառնում, որ իշխանությունների կողմից «փառահեղ կազմակերպված և անցկացված» ընտրություններին իշխանությունների կողմից բացահայտ կերպով գործադրվել են վարչական և տեղական լծակներ, որպեսզի կարողանան նախ կազմակերպել քարոզարշավ, ապա նաև ստանան ցանկալի արդյունք․ այսինքն՝ այն, ինչի մասին ընտրությունների ժամանակ և հետո բարձրաձայնում էին ՀՀԿ-ականները։

Ստացվում է այնպես, որ փաստացի հաստատում է այդ ասվածները, միաժամանակ գործող ռումբ դնում այդ ընտրությունների լեգետիմության տակ՝ ստվերելով այդ ընտրությունները։

Տեղի ունեցած այս ողջ քաոսից ակնհայտ է դառնում, որ «հեղափոխության» դեմքերից մեկին՝ Դավիթ Սանասարյանին, Նիկոլն իրեն հատուկ ոճով «փուռն» է տալիս՝ ողջ պետական համակարգով գրոհելով Սանասարյանի վրա։ Այստեղ առկա է երկու տեսակետ՝ կամ ստացվում է այնպես, որ Փաշինյանն օգտագործեց և դեն նետեց, մյուս դեպքում՝ իշխանության «սորոսական» թևի թեման է, ասել է թե՝ «Սորոսը» հայաստանյան «թավշյա բոլոլայից» հետ է քաշում իր դեսանտին։

Իրականում պոպուլիզմը քաղաքականության ոճ է՝ խիստ կապված «մենք ներքևում ենք» «նրանք վերևում են» հակադրության հետ։ Հենց այս հակադրությունն է ընկած քաղաքական կոնդոտիերների պնդումների հիմքում, որը նրանք ներկայացնում են «ժողովրդին»։ Որոշ քաղաքական գործիչներ շարունակում են հավատարիմ մնալ այս գծին նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք են գտնվում պետության ղեկին։

Ներկայացուցչական ժողովրդավարության մեջ «ժողովրդի» և «քաղաքական ղեկավարության» միջև սահմանագիծ կա։ Ժողովրդավարության մեջ ընտրված ներկայացուցիչները ոչ միայն պարզապես տարբերվում են նրանցից, որոնց ներկայացնում են, այլև զբաղեցնում են առաջատար քաղաքական պաշտոններ։ Քաղաքացիները, իհարկե, ընտրում կամ չեն ընտրում իրենց ղեկավարներին, այնպես որ, ժողովուրդն իր դիրքում ավելի բարձր է, քան քաղաքական գործիչները։ Սակայն, մինչ ներկայացուցիչները զբաղեցնում են իրենց պաշտոնները, վերջիններիս իշխանությունն ու ազդեցությունը շատ ավելին է, քան նրանց, ում նրանք ներկայացնում են։ Ամփոփելով՝ ամրագրենք․ եթե անգամ Դավիթ Սանասարյանն է բացահայտ բողոքում ընտրություններին տեղի ունեցած ապօրինություններից ու զեղծարարություններից և բացահայտ պատմում դրա մասին, ապա մնում է պատկերացնել, թե քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ինչեր են տեղի ունեցել։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս