Էրիկ Գրիգորյանը՝ Ողջի գետի աղտոտվածության մասին
«Հայաստանում բնապահպանական իրավախտումների մասով ամբողջ վարչարարությունն իրականացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Յուրաքանչյուր խախտում, որին ականատես եք լինում, դրա ուղիղ հասցերատերն այդ մարմինն է: Ողջի գետից տեսչական մարմինը նմուշառումն ու հետազոտությունն իրականացրել է: Կարծում եմ, որևէ սահմանափակում չունեն, եթե լրագրողը դիմի՝ անալիզները կարող են տրամադրել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ողջի գետի աղտոտմանը:
Նախարարի խոսքով՝ պարզվել է, որ գետում որոշակի մետաղների՝ ալյումինի, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են թույլատրելիի սահմանը:
Ըստ նրա՝ կա նաև այլ հետազոտություն, որը մի քանի օրում հնարավոր չէ իրականացնել, ուստի հասցված վնասը որոշվում է Կառավարության հատուկ որոշմամբ սահմանված կարգով, և, եթե թույլատրելիի սահմանն անցել են, ապա հարուցվում է քրեական գործ, կամ ենթարկվում են վարչական պատասխանատվության:
«Այս պահին չեմ կարող ասել, թե որքան վնասի մասին է խոսքը»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է Ողջի գետը թափված մետաղների վնասակարությանը, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ դրանք ծանր մետաղներ են, որոնք վնասակար են թե՛ օրգանիզմի, թե՛ էկոհամակարգի համար՝ կախված դրանց խտությունից:
Հիշեցնենք, որ հայկական բնապահպանական ճակատը գրառում էր կատարել՝ նշելով. «Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում։ Աղտոտման աղբյուրը պարզելու համար բնակիչները գնացել են ԶՊՄԿ-ի պոչատարում դեռ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի վայր։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է եղել, բայց պարզվել է, որ ջրի պղտոր հոսքը Ողջի գետն էր թափվում այդ հատվածում գործող փոքր հէկ-ի թունելից։ Հէկ-ը որոշել էր ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի հետևանքով պոչանքով լցված իր թունելը մաքրել, որն էլ Ողջի գետի հերթական պղտորվելու պատճառ հանդիսացավ։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ աշխատանքները համաձայնեցված են եղել պետական լիազոր մարմինների հետ, և ինչո՞ւ է դա արվել մթության քողի տակ»։
Զվարթ Խաչատրյան