«Մերձավոր Արևելքում չաշխատելը հղի է ոչ միայն ռիսկերով, այլև վտանգներով». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, թե թուրք-սիրիական սահմանին վերջին հայտնի ռազմական գործողություններից հետո Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփություն է նկատվել, որովհետև Թուրքիան իր նախանշած ծրագրին չի հասել կամ հասել է մասնակիորեն:

«Սիրիա-Թուրքիա սահմանագծի ողջ հատվածը լիարժեքորեն չկարողացավ վերահսկել, ըստ էության, թուրքերը ներկայում գերակայում են այդ սահմանագծի կտրտված հատվածներում»,- «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց իրանագետը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ռազմական գործողությունների նպատակը միասնական անվտանգության գոտի ստեղծելն էր, իսկ այժմ այդ միասնական անվտանգության  գոտին չկա:

Վարդան Ոսկանյանը նշեց, որ թուրքական նախորդ և ներկա ներխուժումների արդյունքները վկայում են, որ Թուրքիան հատվածական մակարդակներում է լուծել իր խնդիրները:

Անդրադառնալով Սիրիայում Իրանի ներկայությանը՝ իրանագետն ընդգծեց թե՛ դիվանագիտական կարևոր լծակների առկայությունը Սիրիայում, թե՛ ռազմական՝ իրանամետ խմբավորումների տեսքով, և հիշեցրեց, որ քրդերն իրանական ժողովուրդներից մեկն են:

Իրանագետը կարևոր լծակ համարեց նաև Ադանայի համաձայնագիրը, որը կնքվել էր Եգիպտոսի և Իրանի միջնորդությամբ. «Իրանին թույլ է տալիս օգտագործել դա՝ որպես իմիջային կարևոր գործոն սիրիական գործընթացների վերահսկման առումով»:

Ի դեպ, բանախոսը շեշտեց, որ իրանական ազդեցությունն ակնհայտորեն համեմատելի չէ թուրքական ազդեցության հետ. «Իրանը շատ ավելի մեծ ազդեցություն ունի Մերձավոր Արևելքում»:

Վարդան Ոսկանյանն անդրադարձավ նաև «հայկական գումարտակի» մասին խոսակցություններին՝ դրանք համարելով թուրքական քարոզչական խայծ: «Հայկական գումարտակի» մասին Չավուշօղլուի ելույթում ակնարկը, ըստ նրա, պետք է արժանանար խիստ պաշտոնական արձագանքի:

Մերձավոր Արևելքը, ըստ բանախոսի՝ հայերի համար ունի գոյութենաբանական նշանակություն և մեր անմիջական շահերի տիրույթում է՝ հաշվի առնելով ոչ միայն հայ համայնքների գոյությունը, որոնց թվաքանակը կրճատվում է, այլև, քանի որ ապրում ենք այդ տարածաշրջանում. «Մերձավոր Արևելքում չաշխատելը հղի է ոչ միայն ռիսկերով, այլև վտանգներով»:

Հայաստանը, ըստ իրանագետի՝ չունի ոչ միայն մշակված քաղաքականություն Մերձավոր Արևելքի պարագայում, այլև ընդհանուր մշակված եզրաբանություն. «Պաշտոնական «Պարսից ծո՞ց» պետք կոչենք, թե՞«Ծոց»: Ռուսական քաղաքականությունը կիրառում է «Պարսից ծոց» եզրույթը: Մտաբերեցի փոքր օրինակ, որպեսզի հասկանաք, որ նույնիսկ եզրաբանության բացակայություն կա:

Մենք պետք է ունենանք Հայաստան-Մերձավոր Արևելք ընդհանուր քաղաքական հայեցակարգ. Իրանի հետ ունենք կենսական նշանակության շահեր, բայց Մերձավոր Արևելքի մյուս երկրները մեզ համար պակաս կարևորություն չունեն՝ սկսած Սիրիայից, վերջացած Աֆղանստանով»:

Նա կարևորեց աֆղանական գործոնը հակաադրբեջանական տիրույթում:

Վ. Ոսկանյանը մերձավորարևելյան կապերի կարևորության շրջանակում հիշեց ՀՀ վարչապետի հարցազրույցը «Գալֆ նյուզին»՝ նկատելով, որ Պարսից ծոցի պետությունները միապետություններ են, և «հեղափոխություն» բառն ասոցիացվում է Սատանայի հետ, մինչդեռ այդ մասին հիշատակվել է հարցազրույցում.

«Ես չգիտեմ՝ ով է խորհրդատվություն տրամադրում այս հարցում, բայց գործ ունենք կոպտագույն սխալի հետ,և գործ ունենք ոչ միայն ընդհանուր, այլև կոնկրետ դեպքում՝ օպերատիվ կառավարման ունակությունների անհրաժեշտության հետ, որպեսզի կարողանանք կիրառել ճիշտ եզրաբանություն տարբեր երկրներում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս