Բաժիններ՝

Գիտությունների ազգային ակադեմիան փակելով, ազգային դրույթները հանելով՝ մենք այլ երկրների համար աշխատուժ ենք դառնում

Սեպտեմբերին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի աշխատանքային տարբերակը ներկայացվել է բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այն դեռևս հանրության լայն շերտերի համար հասանելի չէ, սակայն աղմկահարույց որոշ կետեր ոլորտի ներկայացուցիչները շարունակում են բարձրաձայնել: Դրանցից են՝ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր դարձնելու և ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկները:

Թեմայի հետ կապված զրուցել ենք ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աելիտա Դոլուխանյանի հետ:

 Հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը բուհերում ոչ պարտադիր դարձնել՝ նշանակում է՝ հայի մեջ բթացնել ազգայինը

Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները ցանկանում են ցրել բուհերի միջև: Դա սխալ է, նշանակում է՝ վերացնել Ակադեմիան, Հայաստանում թուլացնել գիտությունը, որովհետև բոլոր այն երկրներն են ուժեղ, որոնք ունեն գիտություն: Երբ Ճապոնիան հետ էր ընկնում աշխարհից, շատ լավ միջոց գտավ՝ ուսանողներին ուղարկեց Եվրոպա, ԱՄՆ՝ կրթություն ստանալու: Եվ հիմա Ճապոնիան իր գիտությամբ շատ առաջ է: Գիտե՞ք, թե Ճապոնիան որքան է դողում իր ազգայինի վրա: Մեկ ուրիշ օրինակ բերեմ. Ֆինլանդիան կենսամակարդակով աշխարհի լավագույն երկրներից մեկն է:

Կարդացեք նաև

Վազգեն Ա-ն եկել էր մեզ հետ հանդիպման և ասաց՝ գալիս եմ Հելսինկիից, ես տեսա, թե ի՞նչ է նշանակում՝ կոմունիզմ, բայց Հելսինկին բոլորովին չի մտածում, որ ինքը պետք է ազգային գրականությունը և լեզուն դարձնի երկրորդական: Վերջերս, երբ նրանց պրոֆեսորներից մի քանի հոգի եկել էին Հայաստան, ամբիոնի վարիչներին կանչեցին նրանց հետ հանդիպման, ես հարցրեցի, թե՝ դուք ձեր ազգային էպոսը՝ «Կալևալան», ո՞ր ֆակուլտետներում և ո՞ր կուրսերում եք դասավանդում, ինձ պատասխանեցին. «Կալևալան» անցնում են առաջին դասարանից մինչև վերջին կուրսը՝ բոլոր դպրոցներում և ֆակուլտետներում:

Իմ խնդրանքով մեր բոլոր ֆակուլտետներում, հայոց լեզվի հետ միասին, մեկ կիսամյակ նաև հայ գրականություն են անցնում: Բայց դպրոցական ծրագրով չէ, դա շատ ծիծաղելի կլինի և անհետաքրքիր: Նախադպրոցական ֆակուլտետում դաս եմ տվել՝ իմ պահանջը փորձարկելու համար: Ուսանողները 47-ն էին, 17-ը՝ տղա: Երբ հարցրի, թե ինչո՞ւ են ընդունվել նախադպրոցական ֆակուլտետ, պետք է մանկապարտեզո՞ւմ աշխատեն, պատասխանեցին՝ ոչ, դիմել ենք Արևելագիտական, միավորները չեն հերիքել ,ու եկել ենք այստեղ: Դուք տեսնեիք, թե տղաներն ինչպես էին կարդում հայ գրականությունը: Պարզապես նոր ծրագրեր պետք է լինեն, որպեսզի դպրոցից տարբերվի:

Իմ կարծիքով՝ նրանք դարձան լավ հայեր և լավ մարդիկ, որովհետև հայ գրականությունը շատ հումանիստական է, ունի համամարդկային գաղափարներ՝ սկսած Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից: Հայ երեխան և հայ ուսանողն առաջին հերթին՝ պետք է լինեն հայ, ապա նոր՝ աշխարհաքաղաքացի: Հովսեփ Օրբելին, երբ համահավաք բնագիրը կազմում էր, ասում էր՝ ես կուզեի, որ բոլոր հայերը նմանվեին Սասունցի Դավթին, ով համամարդկային գաղափարներ ուներ. Մելիքի զորքին ոչինչ չարեց, որ երկրում նեղվում էին, ասում էր՝ կանչեք, կգամ կօգնեմ:

Հիմա, եթե մենք փակում ենք Գիտությունների ազգային ակադեմիան, ազգային դրույթները հանում ենք, մենք այլ երկրների համար աշխատո՞ւժ ենք դառնում, բանվո՞ր: Խելոքներն էլ կգնան արտասահման, անգլերեն կսովորեն, և Հայաստանում այլևս մարդ չի մնա:

Պետության հիմքը գիտությունն է, և դա գիտեին և՛ Հովսեփ Օրբելին, ով եկավ և հիմնեց ԳԱԱ-ն, և՛ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ով «ատամներով պահում էր»

Պետության հիմքը գիտությունն է, և դա գիտեին և՛ Հովսեփ Օրբելին, ով եկավ և հիմնեց ԳԱԱ-ն, և՛ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ով «ատամներով պահում էր»: Իր կտակում նա գրում է. «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:

Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ»: Գրեք նաև այն, որ եզակի մի ազգ կա աշխարհում, որն արտասահմանում ունեցել է երկու բարձրագույն ուսումնական հիմնարկ. Մխիթարյանները՝ Իտալիայում ու Լազարյանները՝ Մոսկվայում:

Մեր ազգայինը պետք է պինդ պահենք:

Հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանն ասում էր. «Տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»: Վիկտոր Համբարձումյանն աշխարհահռչակ գիտնական էր, բայց նա ինչո՞ւ էր պահանջում, որ Մոսկվայից, Լենինգրադից և այլ տեղերից եկած իր ասպիրանտները հայերեն սովորեն և մինիմում հանձնեն հայերենից, որովհետև ուզում էր ցույց տալ, որ մենք հին քաղաքակրթության կրողն ենք, հարգում ենք մեր լեզուն:

Որակյալ ուսուցիչ ունենալու համար կամ պետք է լավ վարձատրել ու խիստ պահանջել, կամ նա պետք է խաչ բարձրանա հանուն մանկավարժության

– Կրթության, գիտության մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարը լրագրողներին ասել էր. «Դուք գիտեք, որ դպրոցները 12-ամյա են և, ըստ էության, մեր ուսանողներն այն ավարտում են 18 տարեկանում: Եվ, եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր, և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ՝ հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է հասուն տարիքում, այդ հարցը լուծված է:

Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում անհրաժեշտ չի լինում»:

Eս երեք անգամ կարդացել եմ Չեռնիշևսկու «Ի՞նչ անելը»: Առաջին անգամ` դպրոցում, հետո ուսանող ժամանակ կարդացի, կարդացի նաև 15 տարի առաջ, երբ արդեն դոկտոր էի, ու երրորդ անգամ կարդալիս ուրիշ ձևով ընկալեցի: Հայոց լեզուն՝ մեր ծնողը, գրականությունը մեր ոգին է։ Հայոց պատմությունը շատ պարտադիր է, ուրիշ հարց է, որ պետք է հետաքրքիր անցնեն։ Դրա հետ համաձայն եմ, ուրեմն թող պահանջն այդպես դնեն՝ անցնել հետաքրքիր ձևով:

Հենակետային վարժարանում գնացի դաս տվեցի, որպեսզի իմանամ, թե հայ երեխան ինչո՞ւ չի կարդում «Վարդանանքը», «Քաոսը», Բակունցի պատմվածքները, «Գևորգ Մարզպետունին»։ Մաթեմատիկական թեքումով դասարանում էի դասավանդում։ Երեխաները սկսեցին կարդալ, քանի որ շատ հետաքրքիր ծրագիր էի մշակել։ 8 ժամի համար ստանում էի 1500 դրամ։ Մեկ դրույք ունեցողները ստանում էին 5000 դրամ, իսկ նման աշխատավարձով հնարավոր չէր ապրել։

Որակյալ ուսուցիչ ունենալու համար կամ պետք է լավ վարձատրել ու խիստ պահանջել, կամ՝ նա պետք է խաչ բարձրանա հանուն մանկավարժության։ Հիմա ուսուցիչը շատ քիչ է աշխատավարձ ստանում ու, եթե մտքին արդեն կա, թե ծնողներից ինչքան փող պոկի, նա արդեն փչացած ուսուցիչ է։ Նա ընտանիք, երեխա է պահում։ 70.000 դրամով չի կարող։ Շատերը բուհն ավարտելուց հետո մանկավարժությամբ չեն զբաղվում, որովհետև քիչ է աշխատավարձը։ Դոմինիկյան Հանրապետությունում ուսուցչին՝ 500 դոլար, դասախոսին՝ 1000 դոլար են վճարում, մեծ հարգանք կա ուսուցչի, դասախոսի նկատմամբ։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս