Փաշինյանի և նախարար-փոխնախարարների մեսիջը մարզերի կանանց

Ամիսներ առաջ մարզերի բնակչությունից տեղեկություն ստացվեց, որ որոշ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) միջոցով համայնքներում հավաքներ են անցկացվում համայնքների կանանց-հարսների հետ, և Երևանից ժամանող պաշտոնատար անձանց համար կազմակերպված այդ հանդիպումներին, ինչպես նկատել է մեր աղբյուրը, մշտապես ընդգծված մի միտք է հնչեցվում՝ «կանա՛յք, հիշեք, որ երեխա ունենալու որոշումը ձերը պիտի լինի, դուք անձամբ պիտի որոշեք՝ ունենա՞լ երեխա, թե՞ ոչ»:

Մեր աղբյուրի տպավորությամբ՝ պետական պաշտոնյաների միջոցով ինչ-որ գրանտային ծրագիր է իրականացվում, ընդ որում՝ որոշակի ապազգային քարոզչական գաղափարներ տարածելու նպատակով, որի շրջանակներում պաշտոնյաները պարտավորված լիկբեզ են անցկացնում կանանց հետ՝ սովորեցնելու, վարժեցնելու այն մտքին, որ ձեր ընտանիքներում՝ ամուսին թե սկեսուր, չեն կարող պահանջել մեկից ավելի երեխա, եթե դուք դա չեք ցանկանում, ուստի հիշեք, որ դա ձեր իրավունքն է, և պայքարեք Ձեր իրավունքի համար:

Այս տեղեկատվությունը ստուգելու համար դիմեցինք մի քանի նախարարություններ։

Պարզվեց՝ հանդիպման գնացող պաշտոնյան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է եղել, որի կուրացիայի տակ կանանց և երեխաների հիմնախնդիրներն են:

Նշենք, որ Ժ. Անդրեասյանը սոցիալական պաշտպանության ոլորտ է եկել հեղափոխությունից հետո, մինչ այդ նա աշխատել է կրթական ծրագրերի ԾԻԳ-երում։ Իսկ նախարար Զարուհի Բաթոյանի մասին մամուլը հաճախ հիշատակում է, որ նա, այսպես ասած, «Սորոս»-ական թևից է ՝ գործունեության պատճառահետևանքային բոլոր կապերով ու առաքելությամբ:

168.am-ի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը չհերքեց, որ ամառային հանգստի շրջանում ակտիվ ռեժիմով հանդիպումներ է անցկացրել մարզային բնակչության, հատկապես՝ կանանց խմբերի հետ, և նրանք ընտրվել-հրավիրվել են հանդիպման՝ մարզերում գործող ակտիվ ՀԿ-ների միջոցով: Ըստ փոխնախարարի՝ հանդիպման առիթը կանանց հիմնախնդիրները լսելը և գույքագրելն է եղել:

«Ունեինք խտրականության, բռնության դեպքերի մասին հարցեր, որոշ համայնքներում լսել ենք նաև թրաֆիկինգի հետ կապված խնդիրներ: Կաբինետում նստած՝ դու չես կարող հասկանալ՝ որոնք են իրական խնդիրները, փորձեցի առերեսվել նրանց հետ, հավաքագրել դրանք, որպեսզի հետագայում բոլոր այն ծրագրերը, որ նախարարությունն իրականացնում է իր շահառուների համար, լինեն հենց իրենց խնդիրներից բխող, լինեն հասցեական և առավել արդյունավետ»,- իր մարզային շրջայցի հանդիպումների մասին պարզաբանեց փոխնախարար Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հանդիպումների օրակարգը հընթացս է որոշվել:

Անդրադառնալով մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ապազգային ընկալում եք փորձում ձևավորել, և հանդիպումներին պարբերաբար կարմիր թելի պես անցնող մի գաղափարի քարոզչություն է իրականացվել, առ այն, որ կինն ինքն է որոշում՝ երեխա ունենա՞լ, թե՞ ոչ, փոխնախարարը հերքեց.

«Մեր հանդիպումների ձայնագրությունները կան, և կտրամադրենք, ինքներդ լսեք, համոզվեք՝ այդպիսի միտք պարբերաբար հնչեցվե՞լ է, թե՞ ոչ: Գիտեք, մենք ընդհանրապես այդ հարցից գրեթե չենք խոսել, մեր թեմաները հիմնականում զբաղվածությանն են առնչվել: Ես, անկեղծ ասած, նման ձևակերպում չեմ հիշում, թեև չեմ վարանի երբեք նաև այդ մասին խոսել, որովհետև երեխա ունենալը կնոջ իրավունքն է, միտքը պարզապես այլ կերպ է ընկալվում և մեկնաբանվում»:

Փոխնախարարին հիշեցրեցինք, որ նույն հայտարարությունը նախարար Զարուհի Բաթոյանն ամիսներ առաջ հնչեցրել է Հանրային հեռուստաընկերության եթերից («Կապրենք՝ կտեսնենք» ժամանցային հաղորդման շրջանակում): Հետևաբար՝ ստացվում է՝ նախարարությունն այս գաղափարի քարոզչությունն իրականացնում է հենց նախարարի դեմքով և բացեիբաց: Հարցին՝ արդյո՞ք փոխնախարարն անձամբ այդ տեսակետին է, և ինքն էլ իր հերթին է, նախարարի օրինակով, նույն քարոզչությունն իրականացնում ամենուր, պաշտոնյան ուշագրավ հայտարարություն արեց.

«Ես նախարարի հայտարարության մեջ որևէ սխալ բան չեմ տեսնում, որովհետև երեխա ունենալը կնոջ որոշումն է, կնոջ իրավունքն է, եթե նա ունի այդ ցանկությունն ու հնարավորությունը, ուրեմն ինքն է որոշում՝ ինչպես անել: Մենք միշտ ասում ենք, որ մեր քաղաքականությունը իրավունքահեն է և ելնում է մարդու իրավունքից, ուստի երեխա ունենալը պիտի լինի պայմանների արդյունք»:

Նկատենք, այս հայտարարությունն անում է 33% ծայրահեղ աղքատություն ունեցող երկրի սոցապփոխնախարարը և քաղաքական այն թիմի նշանակած կադրը, որի առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին Արցախում հայտարարել էր՝ իր ռազմավարական գենպլանով՝ 2050 թվականին Հայաստանը 5 միլիոնանոց բնակչությամբ երկիր դարձնելու մասին:

Հարց ուղղեցինք փոխնախարարին. Արդյոք հակասության մեջ չի՞ դրվում նույն քաղաքական թիմի առաջնորդի ու գործադիր մարմնի վարած քաղաքականությունը, երբ Դուք և Ձեր նախարարը պնդում եք՝ միայն լավ պայմաններում երեխա ունեցեք, իսկ նույն քարոզչության ֆոնին՝ վարչապետը ժողովրդագրական թվի աննախադեպ աճ է խոստանում: Այս հարցից հետո փոխնախարարը զգուշանալով՝ խմբագրեց միտքը.

«Այո, պարոն Փաշինյանը դա հայտարարել է, բայց միաժամանակ հայտարարել է բազմաթիվ այլ բաներ, որոնցից բխում է, որ մենք պիտի ստեղծենք այն պայմանները, որոնց պարագայում ընտանիքները, եթե ունեն ցանկություն երեխա ունենալու համար, չեն վարանի, կունենան, որովհետև ապահովված կլինեն և կիմանան՝ ինչ է լինելու վաղը իրենց հետ, որ կա բնակարանային հարցի կարգավորման հնարավորություն, կունենան եկամուտներ, տնտեսական զարգացում կլինի:

Ի վերջո, հետազոտությունները ցույց են տալիս, թե ի՞նչ պայմաններում մարդիկ կունենային ևս մեկ երեխա: Մեր երկրում ընտանիքների համար երեխաների ցանկալի թիվը նշվում է երեքը, բայց ընտանիքը չի ունենում այդ երեքը: Եվ այս խոսակցությունը վերաբերում է նրան, որ երեխա ունենալը պիտի լինի ոչ թե՝ պարտադրանք, որը մենք խոսում ենք, այլ այս հայտարարությունները արվում են այն կոնտեքստում, որ մենք պիտի ստեղծենք այն պայմանները, որպեսզի մարդիկ կարողանան իրացնել իրենց երեխաներ ունենալու ցանկությունն ու իրավունքը»:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս