«Այսպես ստացվում է, որ վարչապետն էլի իր վրա օրենսդիրի գործառույթ է վերցնում». Սեդրակ Ասատրյան

«Այսպես ստացվում է, որ վարչապետն էլի իր վրա օրենսդիրի գործառույթ է վերցնում». Սեդրակ Ասատրյան

Արդեն տևական ժամանակ է՝ չեն դադարում քննարկումները նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերի բարձրացման գաղտնի հրամանի շուրջ:

Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Այդ հարցին նրա աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանը հետևյալն է.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան, աշխատանքային իրավունքի մասնագետ Գևորգ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չի կարող լինել, քանի որ դա օրենքով է կարգավորվում, և ըստ այդմ՝ այդ հարցը պետք է անցնի ԱԺ-ով:

Մեր դիտարկմանը, թե կոնկրետ նախարարներ ամսական 1.5 միլիոն դրամի չափով աշխատավարձ են ստացել, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, թե դա գուցե խրախուսում լինի, բայց ոչ՝ աշխատավարձի բարձրացում, որովհետև աշխատավարձի չափը սահմանվում է 2013թ. ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  ՀՀ օրենքով, և վարչապետն իրավունք չունի ներքին կարգով հանձնարարել բարձրացնել աշխատավարձերը:

«Դա պիտի գա ԱԺ: Չի կարող այլ կերպ լինել: Կառավարությունը չի կարող գաղտնի ընթացակարգով Ազգային ժողովի փոխարեն քայլ անել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս կարծում է, որ եթե, այնուամենայնիվ, նման բան եղել է, ապա դա հանցագործություն է:

«Դա նշանակում է, որ վարչապետն ինքնակամ պետական բյուջեի հաշվին հատկացումներ է արել, որի իրավունքը չունի: Պաշտոնական լիազորությունների դասական սահմանազանցում է: Եթե մի բան կարգավորվում է օրենքով, ապա օրենքով էլ կարող է փոխվել: Ու ոչ միայն նախարարներինը, այլև Հանրապետության նախագահից սկսած՝ դատավորներով, դատախազներով վերջացրած: Ի՞նչ իրավունք ունի ինքնակամ որոշել մի հարց, որն օրենքով պիտի որոշվի: Ուրիշ, ավելի ցածր ուժ ունեցող որևէ բան այդ հարցը չի կարող որոշել: Վարչապետի որոշումն օրենքից ցածր ուժ ունեցող իրավական ակտ է: Այն, ինչ կարգավորվում է օրենքով, չի կարող լուծվել ավելի ցածր ուժ ունեցող իրավական ակտով»,- նկատեց պատգամավորը:

Ի վերջո, պարզվեց, որ դա եղել է խրախուսում, ոչ թե աշխատավարձի բարձրացում, բայց, փաստորեն, ֆիքսված ու գաղտնի կերպով հրամանագրված: Միայն թե խնդիրն այն է, որ այդտեղ էլ ամեն բան հարթ չէ, քանի որ խրախուսումը չի կարող գերազանցել պարգևավճարների ֆոնդի 30 տոկոսը, սակայն փաստորեն եղել է 100 տոկոս բարձրացում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախարարների և փոխնախարարների գաղտնի ձևով աշխատավարձերի կրկնակի բարձրացումն իրենք դատապարտել են, քանի որ պարգևավճարների ֆոնդի 30 տոկոսը չի կարող գերազանցել, մինչդեռ իրենք 100%-ով են բարձրացրել։

«Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո մոտեցա վարչապետին՝ այս հարցի հետ կապված, նա ասաց, որ իրենք առաջորդվել են «Բյուջեի մասին» օրենքով, ապա միասին Ատոմ Ջանուղազյանին ենք մոտեցել, ում ներկայացրել եմ, որ իրենք պետք է առաջնորդվեին «Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքով, որը տվյալ ոլորտը կարգավորող օրենքն է։ Ջանջուղազյանն էլ ասել է, որ ինքն իրավաբան չէ, և առաջնորդվել են «Բյուջեի մասին» օրենքով»,- երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էդմոն Մարուքյանը։

Այս, ըստ էության, առկախված հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանից, ով նկատեց, որ այս հարցում ևս, ինչպես հանրային ծառայողների աշխատավարձերի դեպքում, կա սանդղակ, ըստ որի՝ օրենքով կարգավորված է, որ ստորին ու վերին գործակիցը 20-ից ավելի չպիտի լինի, այնպես էլ օրենքով կարգավորված է պարգևավճարների մասը:

«Պարգևավճարների ֆոնդը չի կարող գերազանցել աշխատավարձի 30 տոկոսը: Հիմա այս ֆոնդը որոշակի գումար է: Առանձին չի ասում, որ կոնկրետ աշխատողին դու չես կարող 100 կամ 200 տոկոս պարգևավճար տալ: Ուզում ես՝ 300 տուր այդ ֆոնդից, բայց դա նշանակում է, որ մյուսներինը 0-ին մոտ է ձգտում: Խնդիրը դրանում է»,- ասաց Սեդրակ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ օրենսդիրը հաստատել է, որ 30 տոկոսից ավելի պարգևավճար գործադիրը չի կարող տալ, ինչը նշանակում է, որ բոլորը դրանով պետք է առաջնորդվեն:

«Փաստորեն, եթե նախարարին 100 տոկոս պարգևավճար են տալիս, սա նշանակում է, որ նրանից ներքև՝ փոխնախարար, վարչության պետ, մասնագետ և այլն, տոկոսը փոքրանում է, ֆոնդը քիչ է մնում»,- նկատեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը:

Ըստ Սեդրակ Ասատրյանի՝ ամբողջ խնդիրն այն է, որ գործադիրը, ի դեմս վարչապետի, որոշում է, թե այդ ֆոնդից ում պարգևավճար տա:

«Իմ գնահատմամբ՝ պետք է բարձր ստանան, արժանի են, որ ստանան: Կարծում եմ՝ ավելի շատ պետք է ստանան, որովհետև նախարարի, փոխնախարարի աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ անհնար է այդ թվով նորմալ աշխատել: Բայց դա օրենսդիրը պետք է անի: Դա Ազգային ժողովում օրենքով պետք է կարգավորվի: Իսկ այսպես ստացվում է, որ վարչապետը էլի իր վրա օրենսդիրի գործառույթ է վերցնում»,- եզրափակեց Սեդրակ Ասատրյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս