«Էական որևէ նորության ականատես չենք լինի առաջիկա հանդիպումից հետո, քանի որ քաղաքական կամք չկա»
ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին օրերս հայտնել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը.
«Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահը բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Սակայն այժմ իրավիճակը կարծես կայուն է»:
Բրատիսլավայում դեկտեմբերի 5-6-ը ծրագրված է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը. այն ավանդաբար անցկացվում է նախագահող երկրի մայրաքաղաքում՝ դեկտեմբերի սկզբին:
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այս տեղեկության վերաբերյալ նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումներն իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:
«Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:
Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,- ասել էր Նաղդալյանը: Թեև պաշտոնապես հանդիպման ժամկետները չեն հստակեցվում, սակայն տարածված տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ նման հանդիպում իսկապես տեղի է ունենալու:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են լինելու նախարարների հանդիպման օրակարգում:
«Ամենայն հավանականությամբ, նրանք ընթացիկ հարցեր են քննարկելու: Առավել կարևոր, սակայն, համարում եմ հանդիպումների կայացման փաստը, նման հանդիպումներն ապահովում են դիվանագիտական գործընթացի շարունակականությունը, որը կարևոր է նման երկարաձգված հակամարտության դեպքում: Անկախ տարատեսակ գործընթացներից, որոնք ժամանակ առ ժամանակ ծավալվում են ԼՂ հակամարտության գոտում, հնչող հայտարարություններից, շատ գործիչների հայտնած լավատեսությունից, ես կարծում եմ, որ այս հակամարտությունը դեռ շատ է ձգվելու վերջին տարիների տրամաբանությամբ՝ առանց էական արդյունքների կարգավորման սեղանի շուրջ:
Բայց քանի որ իրավիճակը շփման գծում սովորաբար այնքան էլ հանդարտ չէ, նման հանդիպումները հարկավոր են կանոնավոր երկխոսությունը պահպանելու և իրավիճակներին արձագանքելու նպատակով: Մենք ականատեսը դարձանք նաև նրա, որ ամիսներ առաջ հաջողվեց մի հումանիտար բնույթի պայմանավորվածություն իրագործել, կամ դրանից շատ ավելի վաղ հաջողվեց հնգակողմ հայտարարություն տարածել: Սրանք, ըստ էության, փոքր քայլեր են, չեն հանգեցնում կարգավորման, չեն մոտեցնում կարգավորման, բայց որոշակի դրական հանգրվաններ են բանակցային գործընթացում:
Ես այն համոզմանն եմ, որ քանի դեռ կողմերը չեն կարողանում կարգավորել հակամարտությունը, կարևոր է հանդիպելը, որպեսզի շփման գծում գոնե լուրջ բռնկումներ տեղի չունենան: Ըստ իս, առավել հանգամանալի խոսակցություն տեղի է ունենում ղեկավարների հանդիպումների ժամանակ,. Բայց, ինչպես հայտնի է, վերջին հանդիպումներից ամենաէականը Դուշանբեի պայմանավորվածություններն էին, մնացած հանդիպումների դեպքում ղեկավարները մտքեր էին փոխանակել»,- նշեց Ալեքսեյ Մալաշենկոն:
Ըստ նրա՝ Մերձավոր Արևելքում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները որևէ ուղիղ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա: «Ավելին, այնտեղ իրավիճակը շարժվում է կարգավորման ուղղությամբ, ինչը հավելյալ դրական մթնոլորտ է ստեղծում մեծ տարածաշրջանի համար, առավել ևս, երբ գերտերություններն են սկսում նման խնդրահարույց հարցերում «ընդհանուր լեզու» գտնել:
Կարծում եմ՝ սրանք դրական միտումներ են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակի համար»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբանը:
Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ այն, որ շփման գծում վերջին ամիսներին հարաբերականորեն հանգիստ է, պայմանավորված է ոչ այնքան նախարարական կանոնավոր հանդիպումներով, որքան կողմերի ակնկալիքներով, թե ներկայումս հնարավոր է որոշակի առաջընթաց:
«Ավելի վաղ ևս ասել եմ, որ որոշակի դրական ակնկալիքներ կային գործընթացից ամիսներ առաջ, իսկ ներկայումս գործընթացն իր ավանդական հուն է վերադառնում՝ ժամանակ առ ժամանակ լարվածություններով շփման գծում, բանակցային փակուղով, ռազմատենչ հայտարարություններով և նման ոչ այնքան դրական, խաղաղությանը նպաստող զարգացումներով:
Նախարարական հանդիպումները չեն երաշխավորում հրադադար շփման գծում, բայց շփման հնարավորություն են տալիս կողմերին, ինչը մենք մշտապես դրական ենք գնահատում: Բայց էական որևէ նորության ականատես չենք լինի առաջիկա հանդիպումից հետո, քանի որ քաղաքական կամք չկա»,- ասաց նա: