Ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ դասական ցինիզմ
Հայտնի ու թևավոր ասված խոսք կա, որն առաջին անգամ քաղաքական նկատառումներով օգտագործել է Աբրահամ Լինքոլնը, մասնավորաբար՝ «եթե ցանկանում ես մարդուն ճանաչել իրականում՝ նրան պաշտոն տուր»։
Օրերս «Հետք» լրատվականը մի բացահայտում էր կատարել, որն ամբողջովին խառնել էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև ողջ պետական ապարատի պլանները։ Լրատվականը պարզել էր, որ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, մարզպետների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին (հետագայում, սակայն, պարզվեց՝ դա տեղի է ունեցել մարտից)։ Ի դեպ՝ նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր աշխատավարձերի բարձրացման փաստի սլաքներն ուղղել նախկինում տեղի ունեցած գործընթացին, ըստ որի՝ «այդ ամենը տեղի է ունեցել անձնական գաղտնի գրիֆով»։
Սա փաստում է այն մասին, որ Փաշինյանն ակնհայտ ստում է, քանի որ նախկինում աշխատավարձերը երբեք գաղտնի ռեժիմով չեն բարձրացվել, ամեն ինչ տեղի է ունեցել բացահայտ, և, ի դեպ, սուր քննադատվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլի կողմից։
Այն փաստը, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ առկա են տարբեր տիպի գումարային ծախսեր, քննարկման թեմա չէ, սակայն միանգամից հարց է առաջանում՝ այդ ո՞ր նախարարի կամ մարզպետի փայլուն աշխատանքն է, որ արժանացել է Փաշինյանի նման բարձր գնահատականին և աշխատավարձերի կրկնապատկման է հանգեցրել։ Եթե հետհայացք գցենք և հասկանանք, թե ովքե՞ր են այդ բարձր վարձրատրվող պետական չինովնիկները, ապա միանգամից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք նախկին քաղակտիվի հետ, ովքեր ոչ միայն չեն աշխատել պետական համակարգում, այլ անգամ կյանքում երբևէ ոչ մի տեղ չեն աշխատել։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մեկուկես տարվա ընթացքում հանրությունը չի տեսել տվյալ չինովնիկների բարձր որակի աշխատանքը, որ ըստ այդմ չարձագանքի աշխատավարձերի կրկնակի բարձրացման փաստին։
Օրինակ՝ Սուրեն Պապիկյանը հավանաբար պարգևատրվել է այն բանի համար, որ իր գործունեության ընթացքում բավական շատ է սիրում գործուղումները, և ամսվա կտրվածքով բավականին տևական ժամանակ գտնվում է երկրի սահմաններից դուրս։ Հավանաբար նրա «գերծանրաբեռնվածության» պատճառով է, որ Հայաստանում պետբյուջեով նախատեսված ծախսային պլանի հիմնական մասը չի կատարվել և ամբողջ գումարն ուղղվել է ասֆալտաշինությանը, քանի որ ամենաերևացող հատվածը դա է, և դրանով կարող են մարդկանց աչքին թոզ փչել։ Պապիկյանի «բարձր» հատկանիշներից է նաև այն, որ նախարարության կազմից բառացիորեն զտում է ոչ իշխանական կադրերին՝ հաշվի չառնելով նրանց աշխատանքային փորձն ու բազմամյա վաստակը։ Ի դեպ, Պապիկյանը հայտնի է նաև նրանով, որ ընդգծված հակառուսական գործիչ է։ Միգուցե նաև այդ հանգամանքն է դերակատարում ունեցել։
Եթե խոսենք սոցապ նախարարի «ձեռքբերումների» մասին, ապա դրանք նույնպես «բացառիկ» են, քանի որ Զարուհի Բաթոյանի թեթև ձեռամբ փակվեցին մի շարք մանկատներ ու ծերանոցներ, որոնք հանրության համար ունեն կենսական կարևոր նշանակություն։ Կամ Փաշինյանին հավանաբար ուրախացրել է Կրթության, գիոտւթյան, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից հատուկ դպրոցները փակելու գործընթացը, որի պատճառով մի շարք խնդիրներ ունեցող երեխաներ զրկվեցին իրենց համար նախատեսված հատուկ դպրոցներում պատշաճ պայմաններում գիտելիք ստանալուց։
Դե, իսկ հայկականության ու ազգային արժեքների դեմ նախաձեռնած վերջին դեմարշին նույնիսկ չենք անդրադառնում, երբ բուհական ծրագրերից պարտադիր ուսուցանվող առարկաների շարքից նախատեսվում է հանել հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների ուսումնասիրությունը։
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քանիցս է անդրադարձ կատարվել այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրերը մարզպետներն են, որոնք ոչ միայն պատկերացում չունեն իրենց ոլորտի ու բուն ֆունկցիաների մասին, այլև դասական քաղաքական անմեղսունակներ են։ Վերջերս մամուլում հրապարակումներ էին եղել, թե ինչ կարգի գնումներ էին կազմակերպել՝ սեփական մեքենաների սպասարկման համար՝ մինչև 1 մլն դրամ մարզպետարանի ֆոնդից հատկացումներ անելով։ Սակայն, ինչպես տեսնում ենք, «տեղական ֆեոդալների» գործունեությունը գոհացնում է Փաշինյանին, և նա այդ ճոխությունը վայելելու հնարավորությունից չի զրկել նաև մարզային «բրիգադին»։ Նման փաստերը շատ են, օրինակները՝ հարյուրավոր, ուստի զարմանալու ոչինչ չկա, որ մենք ներկայումս գործ ունենք դասական ցինիզմի հետ, ինչպես բավական գրագետ ժամանակին ձևակերպել էր նույն Փաշինյանը։
Արմեն Հովասափյան