«Ինձ կարող են կալանավորել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ». Հրայր Թովմասյան

«Միշտ նշել են, որ դատական իշխանությունն անկախ է, և որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական իշխանությանը: Բայց ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է վաստակի իր անկախությունը, և այդ անկախություն վաստակելն այդքան հեշտ չէ: Միգուցե այն «ճնշումները» կամ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ, դա հենց այն ճանապարհն է, որ դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը: Այս ճանապարհով պետք է վաստակել: Ոչ ոք սկուտեղի վրա չի բերելու ու այդ անկախությունը քեզ չի տալու»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ 168TV-ի եթերում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ դատավորի աշխատանքն ամենալավ ու ամենավատ աշխատանքն է: Ամենալավ աշխատանքն է, երբ դու իրականում անկախ ես, քո խղճի հետ կռիվ չունես, դու քո խղճի հետ խաղաղությամբ ես ապրում ցանկացած որոշում կայացնելուց, և ամենավատ աշխատանքն է, երբ դու կռիվ ունես քո խղճի հետ ու անկախ չես, իսկ այդ անկախությունը պետք է վաստակել:

«Երկրում կարող են քաղաքական  տարբեր փոփոխություններ լինել, երկրում կարող են տարբեր քաղաքական ուժեր գալ իշխանության, բայց երկրի կայունության, տնտեսական զարգացման, անվտանգության գրավականը, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, անկախ դատական իշխանությունն է: Եվ ով փորձի դատական իշխանության նկատմամբ ոտնձգություն կատարել կամ իրեն ենթարկեցնել, միգուցե ժամանակի կարճ հատվածում իր համար կարող է հաջողություններ գրանցել, բայց երկար ժամանակահատվածում չի՛ ստացվելու: Իրոք չի ստացվելու»,- հայտարարեց ՍԴ նախագահը:

Սերժ Սարգսյանի հագով կարված և Նիկոլ Փաշինյանի հագած «կոստյումի» մասին

Հրայր Թովմասյանը, հիշեցնենք, 2015թ. Սահմանադրության հեղինակներից մեկն է։ Այդ Սահմանադրության քննարկումներից առաջ և հետո նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասում էր, որ այն ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է։ Իսկ երբ Փաշինյանը եկավ իշխանության՝ բոլորը նրան հիշեցրեցին իր այդ խոսքերը։ Եվ ուրեմն, ինչո՞ւ Փաշինյանը հագավ այդ նույն կոստյումը, որի մասին ասում էր, թե հատուկ Սերժ Սարգսյանի հագով է կարված, ինչո՞ւ չի փոխում այն։

Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց Փաշինյանի այդ խոսքերը, որին ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն ասաց՝ այդ նույն Սահմանադրության պայմաններում եղան այդ թավշյա իրադարձությունները՝ այսօրվա իշխանությունների գնահատմամբ, և, փառք Աստծո, որևէ մեկի քթից արյուն չեկավ: Ուրեմն այս Սահմանադրությունը, այնուամենայնիվ, այդ առումով նպաստեց:

«Ես, դեռևս 1993-94թթ, դեռևս ուսանող, ասում էի, որ կառավարման այդ համակարգը շատ վատն է: Առաջին անգամ պառլամենտական կառավարման ձևի մասին՝ որպես ամբողջական Սահմանադրություն, ես և Վարդան Պողոսյանը կազմել ենք դեռևս 2005թ. առաջ: 2005թ. ես Սերժ Սարգսյանին չէի տեսել. ես ընդհանրապես իշխանությունում չկայի: Եվ ես խոսում էի պառլամենտական կառավարման ձևի, նրա  առավելությունների մասին: Կարող եմ մի գաղտնիք էլ բացել: Ես ժամանակին դուրս եմ եկել «Ժառանգություն» կուսակցությունից հենց այդ տարաձայնության պատճառով, որովհետև կուսակցության հիմնական մասը գտնում էր, որ երկիրը պետք է կիսանախագահականից անցնի կառավարման նախագահական ձևի, իսկ ես գտնում էի, որ պետք է անցնի պառլամենտականի: Իրենք գտնում էին, որ մեծամասնական համակարգը լավ է, ես գտնում էի, որ պետք է անցնել համամասնական ընտրական համակարգի,- հիշեց Հրայր Թովմասյանը ու հավելեց,- այսինքն՝ ինձ մեղադրել մի բանի համար, որի մասին ես խոսել եմ տասնամյակնե՞ր, և դա կապել ինչ-որ մի անձի հե՞տ: Սա ինձ համար տարօրինակ է»:

Նա նշում է, որ այդ գաղափարի լոկոմոտիվը սահմանադրական հանձնաժողովում անգամ ինքը չի եղել, սակայն եղել է դրա ջատագովը:

«Ես որևէ լուրջ քննադատություն կառավարման այս ձևի վերաբերյալ չեմ տեսել: Ուրեմն, այդ կոստյումը, եթե պատկերավոր ասենք, ճիշտ է կարված: Այդ կոստյումը ստանդարտ կառուցվածք ունեցող քաղաքացու համար է: Մեկ անձի համար չէ»,- նկատեց Հրայր Թովմասյանը:

Խոսելով իր հրաժարականի մասին՝ ՍԴ նախագահը նշեց, որ, եթե վերջին հաշվով իր հրաժարականն է լինելու մեր երկրի զարգացման գրավականը, մեր երկրում առկա խնդիրների լուծումը, ապա իր համար երկիր, հայրենիք, անվտանգություն արժեքները շատ ու շատ ավելի բարձր արժեքներ են, քան իր պաշտոնը:

«Հրայր Թովմասյանը պատմության մեջ չպետք է մտնի՝ որպես ՍԴ նախագահ: Հրայր Թովմասյանին կարող են հիշել՝ որպես տարբեր օրենքների հեղինակ, երկու հայկական պետությունների Սահմանադրություններին մասնակցող հեղինակ, և, թե Հրայր Թովմասյանը որտե՞ղ կլինի մի ամիս հետո, մի հասարակական կազմակերպության, մի ֆոնդի ղեկավա՞ր կլինի, թե՞ ՍԴ շարքային դատավոր, նրա համար հինգերորդական հարց է»,- ինքն իր մասին ասաց Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով իր ընտանիքի անդամներին Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) հրավիրելուն՝ ՍԴ նախագահն ասաց, որ, անշուշտ, 75 տարեկան հորը, ով վերջին 4 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է տարել, ունի ծանր հիվանդություն, տեսնել, որ ինչ-որ հարցեր են տալիս, ու նա չգիտի էլ՝ ի՞նչ պատասխանի, թեպետ ոստիկանության 29 տարվա ստաժ ունի և փոխգնդապետ է. «Անշուշտ, հաճելի չէ, և մեղավորության զգացողություն ես ունենում այն առումով, որ 50-ին մոտ մարդ ես, ու ծնողդ դեռ քեզ համար պատասխան է տալիս»:

«Դու տեսնում ես քո դուստրերին, որոնց միանգամայն այլ կերպ ես դաստիարակել, որոնցից մեկն ընդամենը 10-15 օր առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ գերազանցությամբ Բերքլիի համալսարանի մագիստրատուրան է ավարտել, և ինքը պիտի գնա, ինչ-որ հարցերի պատասխանի… Այս ամբողջը ցանկալի երևույթ չէ: Մեր տանն արդեն կատակում են, ասում են՝ միայն մամային չեն կանչել, որովհետև մաման իջևանցի է: Ոչ ԱԱԾ, ոչ մի տեղ չեն կանչում: Սա, իհարկե, հաճելի չէ, բայց հուսով եմ՝ և՛ ծնողներս, և՛ երեխաներս ողջամտությամբ այս ամբողջը կհասկանան և կընկալեն: Չեմ ուզում ասեմ՝ իրենցից ներողություն եմ խնդրում, կընկալեն իրենք այս վիճակը, և սա էլ մի պրոցես է, որը կանցնի: Ես շատ եմ ասել ու հիմա էլ եմ կրկնում՝ ես իմ խղճի հետ պիտի ներդաշնակ ապրեմ, իմ խղճի հետ ես գործարքի գնացողը չեմ»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Խոսելով այն մասին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ ԱԺ դիմումը վարույթ չընդունելը վիրավորական էր, Հրայր Թովմասյանը հակադարձեց. «Իսկ վիրավորական չէ՞ր Սահմանադրական դատարանի դռները փակելը խմբակցության ղեկավարի կողմից: Թող այս հարցը օդում մնա: Ի՞նչ էր արել Սահմանադրական դատարանը, ինչի՞ց էիք բողոքում, երբ որ դռներն էիք փակում»:

Նա հավելեց, որ ՍԴ-ի համար բոլոր դիմող սուբյեկտները՝ երկրի նախագահ, կառավարություն, ԱԺ, դատարաններ, դրանք սովորական դիմողներ են, և եթե վարույթ չի ընդունվում, ինքն ուղղակի խնդրում է՝ սա երբեք չընկալել՝ որպես անհարգալից վերաբերմունք որևէ ատյանի նկատմամբ:

«Սահմանադրական դատարանների և անգամ մեր պրակտիկայում օրինակները բազմաթիվ են: Մենք անգամ Վճռաբեկ դատարանի դիմումները վարույթ չենք ընդունել, Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը վարույթ չենք ընդունել»,- նկատեց ՍԴ նախագահը:

 Դատավոր Վահե Գրիգորյանի դեմ գործընթաց չսկսելու մասին

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ՍԴ-ն պրոցես չի սկսում դատավոր Վահե Գրիգորյանի դեմ, ով առհասարակ աշխատանքի չի ներկայանում, բայց ստանում է բարձր աշխատավարձ ու օգտվում ՍԴ դատավորին հասանելիք բոլոր արտոնություններից, Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքը չէր ցանկանա իր գործընկերոջ մասին խոսել, և եթե Վահե Գրիգորյանը խոսել է, ապա դա իր գործն է: Յուրաքանչյուր ոք իր խոսքի համար է պատասխանատու:

«Եվ պետք է զգույշ լինել. խոսքերը հետ վերադարձնելու հնարավորություն չկա: Եվ այս առումով ես կարող եմ իմ փախարեն ասել՝ ինչո՞ւ չեմ դա նախաձեռնել: Որովհետև այդ մարդը կարծում է, համոզված է, որ ինքը ճիշտ է: Եվ եթե կարծում է, որ ինքը ճիշտ է, ու իմ կարգավիճակը հաշվի առնելով՝ նման պրոցես նախաձեռնելու դեպքում կարող է լինել սուբյեկտիվ ընկալում: Որ՝ տեսեք, Վահե Գրիգորյանը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, հիմա պարոն Թովմասյանը փորձում է դրան պատասխանել: Կարող է՝ շատ իրավական չէ իմ ասածը, բայց ինքը շատ մարդկային է, և հուսով եմ՝ հեռուստադիտողները կհասկանան, թե ինչով է պայմանավորված իմ՝ այս ուղղությամբ որևէ քայլ չանելը»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ Վ. Գրիգորյանը կմասնակցի բոլոր նիստերին, և իրենք հնարավորություն կունենան նաև նրա ներուժն օգտագործելով՝ ավելի լավ որոշումներ ընդունել:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի իշխանական թեկնածու Վահե Գրիգորյանին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձ և լրացուցիչ՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար օրենքով սահմանված հավելավճար) կազմում է 793 հազար 680 դրամ։ Նրան տրամադրվել է պարգևատրում 4 անգամ։ Այս տարվա հունիսի 20-ից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Վահե Գրիգորյանը չի մասնակցել որևէ նիստի, որևէ գործով չի հանդիսացել զեկուցող դատավոր։ Պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Գրիգորյանին տրամադրվել է նաև ծառայողական մեքենա (Hyundai Elantra), որը որոշակի ժամանակ անց փոխարինվել է մեկ այլ մեքենայով՝ վերանորոգման անհրաժեշտություն առաջանալու պատճառով, ինչպես նաև՝ մեքենայի համար նախատեսված 240 լիտր բենզինի կտրոն՝ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով։

Ընտանիքի և մերձավորների վրա ճնշումների մասին

Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ իր հարազատների ու մերձավորների համար խնդիրներ ստեղծելու միջոցով իր վրա ահռելի ճնշումներ են գործադրվում, Հրայր Թովմասյանն ասաց, որ դա տեսակի հարց է. «Եթե դու նման պարագաներում պիտի շատ արագ հեռանաս, հանձնվես, ոչինչ չանես, ապա դա նշանակում է, որ ի սկզբանե սխալ է եղել քո նշանակումը»,- նկատեց ՍԴ նախագահը:

Ս. Սեյրանյանի դիտարկմանը, թե՝ իսկ եթե քաղաքական որոշման արդյունքում կալանավորեն նաև իրեն, ինչը չի բացառվում, Հրայր Թովմասյանն ասաց, որ կցանկանա բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ մինչև 2018թ. ապրիլի 9-ը նշանակված ՍԴ դատավորները և եվրոպական ստանդարտներով, և ՍԴ վերջին որոշումներով արձանագրված (դա Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին էր վերաբերում), այդ ժամկետին նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունեն ոչ միայն գործառութային, այլ ամբողջական անձեռնմխելիություն:

«Ինձ քրեական պատասխանատվության ենթարկել և ընդհանրապես քրեական հետապնդում սկսել, կալանավորել կարող են միայն ՍԴ համաձայնությամբ, թեպետ 2015թ. Սահմանադրությամբ դա փոխվել է, և մնացել է միայն գործառութային անձեռնմխելիությունը: Եթե լինի քաղաքական որոշում, ապա ՍԴ-ն պիտի մնա իր դերում և կայացնի իրավական որոշում, և ցանկացած իրավական որոշում ինձ համար ընդունելի է: Սահմանադրությունն այս դեպքում շատ հստակ է, միանշանակ»,- եզրափակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով, որ 2005թ. Սահմանադությամբ ամրագրված ՍԴ անդամի, դատավորի համար անձեռնմխելիությունը պահպանում են բոլոր այն անձինք, ովքեր մինչև 2018թ. ապրիլի 9-ը, այսինքն՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ունեին ամբողջական անձեռնմխելիություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս