Մաղով ջուր կրողների կյանքից

Տարօրինակ զուգադիպությամբ՝ մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում ջուրն էր: Համարյա միաժամանակ: Գործադիր իշխանությունը ջրի օգտագործման ու ջրամատակարարման համակարգերի վիճակի մասին հաշվետվություն էր հրապարակել, իսկ օրենսդիրը Սևանա լճի վիճակի ու ջրօգտագործման հարցն էր քննում: Բնապահպանական կողմնորոշում ունեցող պատգամավորներն առաջարկում էին սահմանափակել Սևանա լճի ջրառը:

Վերջին 6-7 տարիներին գործադիր իշխանությունը պարբերաբար խորհրդարանից «թույլտվություն» է խնդրել մինչև 350 մլն խմ լրացուցիչ ջրառի համար: Հիմա պատգամավորներից ոմանք առաջարկում են օրենքով արգելել նման «խնդրագիր» ներկայացնելու հնարավորությունը:

Բայց խորհրդարանական քննարկմանը մասնակցող գործադիր իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հետ «համակարծիք» պատգամավորները դեմ են: Վերջիններիս կարծիքով՝ օրենքով սահմանափակված տարեկան 170 մլն խմ ջրառը բավարար չէ գյուղատնտեսական նպատակների համար:

Եվ որքան էլ տարօրինակ է` այդ բավարար լինել-չլինելու հարցն ամենևին էլ մասնագիտական քննարկման ու վերլուծության կարիք չունի: Որովհետև մեր երկրում չկա այդքան անհաշվենկատ օգտագործվող որևէ այլ ռեսուրս, քան ջուրը: 2018թ. հաշվետվությունն արձանագրում է, որ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությանն ու բնակչությանը մատակարարվել է մոտ 589 մլն 705.000 խորանարդ մետր ջուր: Բայց, մեղմ ասած, աչքերիդ չես հավատում, երբ նույն հաշվետվության հաջորդ սյունակում տեսնում ես ջրի կորստի ծավալները` 468 մլն 448.000 խմ:

Փաստորեն, պաշտոնապես հայտարարվում է, որ մեր ջրի մատակարարման գործընթացում կորուստները կազմում են 79.4 տոկոս: Նման ցուցանիշի պարագայում իսկապես տարօրինակ է որևէ քննարկում կազմակերպելը: Ուստի բավարարվենք՝ չոր թվեր դիտարկելով:

Ջրի կորուստների 42 տոկոսը բաժին է ընկնում Երևանին: Պաշտոնապես անցած տարի մայրաքաղաքին մատակարարվել է մոտ 263.3 մլն խմ ջուր: Կորուստը կազմել է 74.6 տոկոս: Այսինքն՝ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգն ավելի բարվոք վիճակում է: Նման պնդում թույլատրում է անել այն փաստը, որ Երևանի ցուցանիշը 4.8 տոկոսով պակաս է միջին հանրապետականից: Այս տվյալները կարելի է «ըմբռնել» (եթե, իհարկե, «ըմբռնել» բառը կարելի է օգտագործել նման դեպքերում)՝ հետևյալ թվերը համադրելով: Վերջին վեց տարիներին մեր հանրապետության ջրամատակարարման մագիստրալային անվանվող ջրագծերի երկարությունը չի փոխվել:

Վերջին հինգ տարիներին չի փոխվել նաև բնակավայրերի փողոցային ջրմուղի ցանցը: Այս երկու փաստից կարելի է եզրակացնել, որ նոր մագիստրալային և փողոցային ցանցեր շահագծման չեն հանձնվել (5600 կմ ընդհանուր երկարության պարագային, 18 կմ-ն, կարծում եմ, կարելի է չդիտարկել): Վերջին տարիներին հրապարակվում է, որ փոխարինման կարիք ունի փողոցային ցանցի 3.5-3.8 հազար կմ երկարության հատվածը:

Այսինքն՝ բնակավայրերի փողոցային ցանցերի մոտ 40 տոկոսից ավելին փոխանակման կարիք ունի: Միայն մայրաքաղաքի համար հայտարարվում է, որ մոտ 898 կմ երկարություն ունեցող փողոցային ցանցում փոխանակման կարիք ունի մոտ 750 կմ հատվածը: Այսինքն՝ 83.5 տոկոսը:

Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչպես կարելի է խորհրդարանական քննարկումների արդյունքում կարգավորել ջրօգտագործման համակարգի խնդիրները: Նման կորուստները թվերով արտահայտել-վերլուծելը համարյա խոհեմ զբաղմունք չէ: Այս պարագային շատ ավելի բնութագրական են ժողովրդական ասացվածքները: Օրինակ, «մաղով ջուր կրել», կամ «անապատ ջրել»: Այստեղ պետք է ուրախանալ նաև այն փաստի վրա, որ սակագնային հանձնաժողովը կամ չգիտի այդ ասացվածքները, կամ էլ տեղյակ չէ կուուստների ծավալից: Այլապես դժվար կլիներ պատկերացնել, թե որ ոլորտի մասնագետներ են ներառվել խմելու և ոռոգման ջրի սակագներ հաշվարկող հանձնաժողովում: 70-80 տոկոսանոց կորուստ ունեցող համակարգերում սակագին հաշվարկողը, հարկավ, պիտի մասնագիտությամբ ու կոչումով հեքիաթասաց լինի, կամ էլ` ֆանտաստ:

Փորձեք ինքնուրույն հաշվարկել ջրի սակագինը, ասենք, Արմավիրի մարզի գյուղերի համար` հաշվի առնելով, որ այստեղ ձրի պաշտոնական կորուստները 86.2 տոկոս են: «Բայց սա դեռ ամենը չէ»՝ ինչպես ասվում է հանրահայտ հեռուստագովազդում: Կորուստների ավելի պատկառելի ցուցանիշներ կան: Օրինակ, Վայոց ձորի մարզը: Այս մարզի գյուղերում ջրի կորուստը կազմում է 93.8 տոկոս: Պատկերացրեք՝ մատակարարված 100 լիտր ջրից «տեղ է  հասնում » 6.2 լիտրը:

Հիմա կարելի է ենթադրել, որ ջուրը մեր երկրում ամենաանիմաստ տնօրինվող ռեսուրսն է: Կամ՝ ենթադրել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, իսկ իշխանություններն այդ մասին չգիտեն: Իսկ վերջում ավելացնենք, որ ամենամեծ`  93.8 տոկոսանոց կորուստ ունեցող Վայոց ձորի մարզն ամենափոքրն է: Ավելացնենք ու մխիթարվենք:

Տեսանյութեր

Լրահոս