«Երեկ եմ իմացել». Բաբկեն Թունյանը՝ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի մասին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նախապես չի իմացել, որ ՀՀ վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է նախարարների աշխատավարձը:

«Անձամբ ես չեմ իմացել, երեկ եմ իմացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը:

168.am-ի հարցին, թե ի՞նչ ռիսկեր է պարունակում նախարարների աշխատավարձի բարձրացումը, որ վարչապետը գաղտնի հանձնարարական է տվել, Բաբկեն Թունյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ որևէ ռիսկ չի պարունակում, սակայն ավելի լավ է՝ այդ հարցն ուղղեք կառավարությանը, քանի որ դրա հասցեատերը նրանք են: Ինչ վերաբերում է՝ աշխատավարձերի բարձրացումն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, ապա, կարծում եմ, որ արդարացված է: Ես փորձելու եմ պարզաբանում ստանալ այս հարցի հետ կապված, բայց ոչ ամբիոնից, քանի որ դա մեր թիմի ներքին որոշելիքն է»:

Ինչ վերաբերում է պատգամավորների աշխատավարձը բարձրացնելուն կամ չբարձրացնելուն, Բաբկեն Թունյանը նկատեց.

«Դուք ասեք, մեր աշխատավարձը բարձրացնե՞ն, թե՞ ոչ»:

Լրագրողի հարցը՝ իրենց հարևան Պողոսը տեղյա՞կ է, որ իր հարկերի հաշվին նախարարները բարձր աշխատավարձ են ստանալու, Բաբկեն Թունյանը խոստացավ փոխանցել հարևան Պողոսին, և, եթե հարկ համարի, ապա կպատասխանի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս