Ինչո՞ւ են մարդիկ վախենում արհեստական բանականությունից. պարզաբանում է Ջուլի Լենզերը
«Խելացի քաղաքները շատ արդյունավետ են, դրանք օգնում են մարդկանց ավելի արագ գործել: Խելացի քաղաքները կարող են բոլորի համար օգտակար լինել՝ հաշվի առնելով, թե այդ մարդը որտեղից է, ինչով է զբաղվում: Հենց դա է խելացի քաղաքների ամենազարմանալի հատկությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերիլենդի համալսարանի Ինովացիոն տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջուլի Լենզերը՝ խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ճյուղի՝ խելացի քաղաքների մասին:
Նա Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Գլոբալ ինովացիոն ֆորում 2019-ին:
«Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ այստեղ եղել եմ 2 տարի առաջ: Զարմացած եմ՝ 2 տարվա ընթացքում այսքան փոփոխություն տեսնելով ինովացիոն էկոհամակարգում: Հայաստանն անհավատալի մեծ տաղանդ ունի»,- ասաց Ջուլի Լենզերը:
Նրա խոսքով՝ ամբողջական հագեցվածությամբ խելացի քաղաքներ առայժմ չկան, դրանք դեռ զարգանում են. «Տեխնոլոգիաների մի մասը նոր է, ուստի կարծում եմ, որ մենք դեռ պետք է փորձարկենք դրանք: Բայց հասարակության համար օգուտները շատ-շատ են: Խելացի քաղաքները շատ արդյունավետ են, դրանք օգնում են մարդկանց ավելի արագ գործել: Խելացի քաղաքները կարող են բոլորի համար օգտակար լինել՝ հաշվի առնելով, թե այդ մարդը որտեղից է, ինչով է զբաղվում: Հենց դա է խելացի քաղաքների ամենազարմանալի հատկությունը»:
Ջուլի Լենզերի կարծիքով՝ մարդիկ վախենում են արհեստական բանականությունից, որովհետև մտածում են, թե համակարգիչներն ու տեխնոլոգիական համակարգերը միայն վատ հատկություններ ունեն: Իրական կյանքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, Արհեստական բանականությունը հիմնականում օգտագործվում է համակարգիչների մեջ, կատարում է այն հրահանգները, որոնք մենք ենք տալիս:
«Այն անընդհատ զարգանում է, որովհետև մենք միշտ նոր տեխնոլոգիաներ ենք փորձարկում: Բայց մենք պետք է վստահ լինենք, որ համակարգիչներն ինքնուրույն չեն գործում, և մարդի՛կ են համակարգիչներին հրահանգներ տալիս: Շատերը մտածում են, թե համակարգիչներն օգտագործում են, որպեսզի արհեստական բանականությունը որոշումների կայացնի, բայց դա այնքան էլ այդպես չէ:
Ես չեմ վախենում արհեստական բանականությունից: Ես արհեստական բանականությանը մշտապես հարցնում եմ՝ արդյո՞ք ճիշտ որոշումներ են կայացվում, թե՞ ոչ: Արհեստական բանականությունից չվախենալու համար մենք պետք է շարունակենք հարցեր տալ, չպետք է ամբողջապես վստահենք համակարգիչներին: Գաղտնիքն այն է, որ համակարգիչները մարդկանց հասկանում են, իսկ մարդիկ պետք է գործընթացի մի մասը լինեն»,- ասում է Ջուլի Լենզերը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ