«Այն, որ Լոս Անջելեսի հայ համայնքը ներդրումներ չի անում Հայաստանում, քաղաքական հարց չէ». Գրեգ Բոյրազյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսի գրասենյակի գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանը «168 Ժամի» հետ զրույցում վստահեցրեց, որ ԱՄՆ-ում վստահություն կա, ուստի այս տարվա մարաթոնի հետ կապված ակնկալիքները բարձր են:

«Համայնքի վստահությունն ունենք՝ և՛ խոշոր բարերարի, և՛ ժողովրդի մասնակցության առումով, և՛ 10 միլիոնի, և՛ 10 դոլարի մասնակցություն ունեցողի: Հիմնադրամն իր արդյունքներն արդարացնում է:

Վերջերս կազմակերպեցինք մեր բարերարների այցելությունը Արցախ և Հայաստան, և մեր բոլոր ծրագրերին՝ փոքր, միջին, եղավ դրական արձագանք: Մենք մեր համայնքներին ԱՄՆ-ում այս ամենի մասին տեղեկացնում ենք, շարունակաբար հաշվետվություն է ներկայացվում:

Ավելին, վերջերս ամերիկյան հաշվեքննություն ամբողջացրեցինք, ամերիկացի հաշվեքննիչներն այցելեցին բոլոր այն ծրագրերը ստուգելու, որոնք ԱՄՆ-ից են ֆինանսավորվել հիմնադրամի միջոցով, և նրանք ապշած էին՝ և՛ որակի, և՛ թափանցիկության առումով»,- շեշտեց նա:

Հարցին՝ այդ ծրագրերն իրականացվել էին նախո՞րդ իշխանությունների օրոք, թե՞ 1.5 տարվա ընթացքում, Բոյրազյանը պատասխանեց.

«Հեղափոխության շրջանից առաջվա: Անցած տարի, քանի որ խնդիրներ եղան, մեր կողմից պարզապես ինտենսիվացրեցինք այդ հարցերը, և մոտավորապես 7 տարվա կտրվածքով ծրագրեր ստուգվեցին»:

168.am-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել էր, թե ներդրումները, այդ թվում՝ ԱՄՆ-ից սպասվող, ծավալից ցածր են, և, որ ՀՀ-ի հանդեպ քայքայված վստահությունը վերականգնելու համար մեծ ջանքեր են պահանջվելու:

Գրեգ Բոյրազյանից հետաքրքրվեցինք՝ դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում ներդրումների առումով, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Որևէ երկրում երբ ներդրումներ են կատարվում, մեկ տարվա կամ կես տարվա կտրվածքով դատելը, կարծում եմ, որ մի քիչ անարդար է, որոշ հարցեր ժամանակ են պահանջում»:

Հարցին, թե ներդրումային դաշտի՞ խնդիրն է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հեղափոխությունից հետո նոր կառավարությունն անցել է բիզնես պայմանների բարելավմանը, և, որ այստեղ մեծ խնդիր է կոռուպցիան, որի դեմ ակտիվ պայքար է մղվում:

Հակադարձմանը, թե, այո՛, կոռուպցիան խնդիր է, բայց նախկին ներդրումների չափը նվազել է, Բոյրազյանն արդեն այլ պատճառներ վկայակոչեց.

«Հայաստանն այսօր ունի լավ բիզնես թեկնածու լինելու որոշ խնդիրներ: Օրինակ՝ այսօր ՀՀ-ում «Կարգոյի» օդանավ չի իջնում, դա լուրջ խնդիր է: Եթե Հայաստանը պետք է ապրանք արտահանի, սահմանները փակ են, կան որոշ դժվարություններ: Ես կարծում եմ, սակայն, որ դա հարթվող հարց է, որովհետև մեր սփյուռքահայ ներդրողները միջոցները կգտնեն, դրանք տեխնիկական հարցեր են: Մենք Լյուքսեմբուրգ չենք, ունենք բարդ խնդիրներ, որոնք խոչընդոտում են, որ Հայաստանը լինի լավ բիզնես թեկնածու երկիր»:

Այս համատեքստում Բոյրազյանը նշեց, որ ներդրումը՝ ի տարբերություն նվիրատվության, արվում է ոչ թե զգացմունքների հիման վրա, այլ չոր հաշվարկների, ուստի, որպեսզի ՀՀ-ում որևէ գործարան կամ արտադրական օբյեկտ բացելու ցանկություն լինի դրսի ներդրողի մոտ, նա պետք է հստակ իմանա՝ ծախսերն արդարացվելու են:

«Սա ոչ քաղաքական հարց է, ոչ էլ մեկ այլ խնդիր, այլ զուտ հաշվարկ: Հիմա ինչո՞ւ Լոս Անջելեսի հայ համայնքը ներդրումներ չի անում, տեխնիկական խնդիրներ են՝ հեռավորության, պրակտիկ չի որոշ հարցերում, կան որոշ սահմանափակումներ»,- եզրափակեց Բոյրազյանը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս