Էժան PR. Սերժի հետքերը

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը բավական հստակ ապացուցում է, որ գործող իշխանություններն ունեն մի քանի հստակ սկզբունքներ, որոնք հավատարմորեն կատարում են․ առաջին՝ իրենց քաղաքական հենարանն ու հանրային աջակցությունն ապահովելու համար անում են հնարավոր և անհնարին բոլոր քայլերը, երկրորդ՝ իրենց քաղաքական հակառակորդներին փորձում են չեզոքացնել, լիկվիդացնել, հետո նաև ազատվել նրանց քաղաքական ներկայությունից, և երրորդ՝ նախկին իշխանությունների ձեռքբերումներն ու դեռևս տարիներ առաջ սկսված նախագծերը շատ հնարամտորեն վերագրում են իրենց և «թավշյա սոուսով» մատուցում են հասարակությանը։

Նախօրեին կառավարությունում Փաշինյանն ընդունեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։ Կանայք մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով իրենց նույնպես խոշոր չափի փոխհատուցում տրամադրել։ Պահանջի հիմքում այն է, որ այս տարվա օգոստոսին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին Փաշինյանի կառավարությունը 30 մլն դրամի փոխհատուցում է տրամադրել, իսկ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները տարիներ շարունակ ամսական 30 հազար դրամ են ստացել։

Ստացվում է՝ կառավարությունն ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում Արցախյան հերոսամարտի տարիներին զոհված կամ ՀՀ ԶՈՒ-ում զոհված կամ վիրավորված զինծառայողների և քաղաքական նպատակներով, որոշ քաղաքական շրջանակների կողմից սադրված գործողությունների ժամանակ զոհված անձանց միջև։ Պետք է փաստենք, որ Փաշինյանը հանդիպման ժամանակ մանիպուլյացնում էր այն թեզը, թե զինծառայողների հարցերը տասնյակ տարիներ ոչ մի լուծում ու կարգավորում չեն ստացել, սակայն սա հերթական պոպուլիստական դեմագոգիան է, քանի որ դեռևս 2015-16թթ․ նախ ստեղծվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», մինչ այդ արդեն գործում էր «Բնակարան՝ զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին»  պետական ծրագիրը, որի շրջանակներում հարյուրավոր զինծառայողների ընտանիքներ ապահովվել են բնակարաններով։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կամ, ժողովրդական լեզվով ասած, «1000 դրամների» հիմնադրամի հետ կապված մի կարևոր դիտարկում․ ժամանակին Փաշինյանն այն անձանցից էր, ով քննադատում էր նախկին իշխանությունների կողմից առաջ քաշած «ազգ-բանակ» կոնցեպտը և քանիցս սուր քննադատության է ենթարկել այդ գաղափարը՝ համարելով, որ այնտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և, որ «իշխանությունները փորձում են այս քայլով պետության վրայից գցել օրենքով իր վրա դրված պարտավորությունները՝ այդ ամենը դնելով շարքային քաղաքացիների ուսերին»։ Սակայն երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հերթական անգամ ականատես եղանք, թե նա ինչպես է անընդհատ առաջ քաշում այդ հիմնադրամի կարևորությունը՝ որպես զոհված և վիրավորված զինծառայողների փոխհատուցումն ապահովող մեխանիզմ։

Կարդացեք նաև

Ըստ էության՝ պետք է արձանագրենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները տրամագծորեն հակասում են ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի նախկինում արված կոշտ հռետորաբանությանը, և այս հանգամանքը սրբորեն փորձում են «սվաղել» իշխանական թիմն ու «ագիտպրոպի» քաղաքագետ-վերլուծաբանների գիլդիան։

Փաստն այն է, որ այսօր արդեն Փաշինյանն ու իր թիմը դրանով հպարտանում են։ Փաշինյանի իշխանությունն ունի նաև երկու ոսկե կանոն, որը պարբերաբար, նեղն ընկած ժամանակ գործարկում է․ առաջին՝ երբ ինչ-որ մի բան չի ստացվում՝ վեկտորներն ուղղում է նախկին իշխանությունների կողմը և փորձում այնտեղ փնտրել մտացածին մեղավորներ, և երկրորդ՝ հանրության թիվ մեկ թշնամին հարուստներն են, պետք է հարուստներ չլինեն։ Իրականում յուրաքանչյուր իշխանություն պետք է կրի իր պատասխանատվությունը, ոչ թե ուղղակի իշխանության ծանրության տակ չդիմանալով՝ փորձի կեղծ պատասխանատուներ բերել հրապարակ։

Դիտարկենք մի առանցքային դրվագ ևս, որը Փաշինյանի կառավարությունը թմբկահարում է վերջին 2-3 օրվա ընթացքում։ Խոսքը «RyanAir» ավիաընկերության մասին է, որն առաջիկայում իր ծառայությունները կներկայացնի հայ հանրությանը։ Այստեղ կա մի առանցքային դրվագ․ բանն այն է, որ այդ բանակցությունները սկսվել են դեռ 2015-ին` Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, այս թեմայի հետ կապված հիմնական բանակցողը եղել է Քաղավիացիայի նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:

Հիշեցման կարգով ուղղակի հավելենք, որ նախկին իշխանությունների ժամանակ ՀՀ ավիաշուկայում գործում էին այնպիսի գիգանտներ, ինչպիսիք էին՝ Lufthansa-ն, British Airways-ը, Air France-ը, LOT-ը, Qatar Airways-ը, Alitalia-ն ու Austrian Airlines-ը, և եթե նրանք հայտնվեին այս ապաշնորհ կառավարության օրոք, ապա այսօր բոլորիս համակարգիչներն ու հեռախոսները տաքացել էին պոպուլիզմից ու PR-ից: Տրամաբանական հարց է առաջանում՝ նախկինից եկող գործերը որ վերջանան` ինչի՞ վրա եք այսպես PR-վելու։

Այդ ժամանակ զանգվածային ձերբակալություննե՞ր են լինելու, թե՞․․․ Ստացվում է ինչ՝ Նիկոլը Սերժի ժամանակվա լավ գաղափարներից ու բարիքներից օգտվում է, իսկ մնացած բոլոր առումներով թիվ 1 թիրախը նույն Սե՞րժն է։ Եթե Սերժի ժամանակ ամեն ինչ վատ էր, ուրեմն հրաժարվիր նաև լավ բաներից, ոչ թե հերթական մանիպուլյատիվ աֆյորան նախաձեռնիր։ Ապացուցված է՝  իշխանության եկող ցանկացած ոք ձգտում է ամեն կերպ ամրապնդել ու պահպանել իշխանությունը, և սպառնալիքների առկայության դեպքում՝ հնարավորինս սահմանափակել մրցակցային հնարավորությունները՝ հասարակական ու քաղաքական դաշտն առավել քան վերահսկելի դարձնելով:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս