Թռիչքային աճը մնաց անցյալում. Տնտեսության մեջ հաջորդ տարի սպասվում է վերջին չորս տարվա աճի ամենացածր ցուցանիշը
Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չունեցավ։ Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի։
2020թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց։ Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայացրած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։ Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագրված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասումներն են։
Հիշեցնենք, որ 2018թ. տնտեսական աճը Հայաստանում կազմեց 5,2 տոկոս։ Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտեսական աճը հասավ վերջին տարիների համար ռեկորդային` 7,5 տոկոսի։ 2019թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով։
Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի։ Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը։
Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում արձանագրվող փայլուն ցուցանիշների և երկնիշ աճերի՝ կառավարության սպասումները Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ այնքան էլ լավատեսական չեն։ Աճի տեմպն արագանալու և թռիչքային դառնալու փոխարեն՝ հետ է գնալու։ Ու դրա հետ ըստ էության համաձայն է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այլապես հազիվ թե կառավարությունում կգտնվեր որևէ մեկը, ով կհամարձակվեր հակադրվել վարչապետին։
Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս։
Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել։ Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում։ Նույնպիսի կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը։
Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել ևս՝ սոցիալական իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով։
Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն անհամեմատ ավելի բարձր լինի և, կարևորը` որակյալ։ Այնինչ, Հայաստանի տնտեսության աճը որակ չունի։ Զարմանալի չէ, որ տնտեսությունը պաշտոնապես աճում է, բայց սոցիալական իրավիճակը երկրում գրեթե չի փոխվում։ Ու չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսության աճի հիմնական բաղադրիչը ծառայություններն են։ Այն այդպիսին կլինի նաև հաջորդ տարի` ամենամեծ նպաստումը բերելով սպասվող ոչ այնքան ցածր, բայց ոչ էլ բարձր տնտեսական աճին։
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից՝ թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում։ Ընդհակառակը` մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպը նույնիսկ կնվազի։
Խոսքը վերաբերում է, առաջին հերթին՝ արդյունաբերությանը։ Այս տարի սպասվող 6,5 տոկոսի դիմաց հաջորդ տարի արդյունաբերության մեջ տնտեսական աճի պոտենցիալը կառավարությունը գնահատել է հազիվ 5 տոկոս։
Եթե այն իրականանա, ապա կլինի նախորդ հինգ տարիների, թերևս, ամենացածր ցուցանիշը։ 2016թ. արդյունաբերության ոլորտում գրանցվեց արտադրության ծավալների 7,6 տոկոս աճ։ Արդեն հաջորդ տարի աճի տեմպը կտրուկ արագացավ և հասավ 11,8 տոկոսի։ Սակայն իշխանափոխության առաջին տարում, որքան էլ քաղաքական իշխանությունը թռիչքային աճեր էր խոստանում, այն նույնքան կտրուկ նվազեց` կազմելով ընդամենը 5,8 տոկոս։ Սպասվում է, որ այս տարի աճը 0,7 տոկոսային կետով կավելանա։ Հաջորդ տարի դարձյալ 1,5 կետով կնվազի։
Աճի տեմպի ավելի մեծ անկում է կանխատեսվում ծառայությունների ոլորտում։ Այս տարվա 8,1 տոկոսի դիմաց՝ հաջորդ տարի սպասվում է ընդամենը 6 տոկոս աճ։
Այդ ցուցանիշն ամենացածրն է 2016թ. հետո։ 2017թ. ծառայությունների ոլորտում գրանցվեց երկնիշ` 10,6 տոկոս աճ։ Իշխանափոխությունից հետո աճի տեմպը նվազեց։ Անցած տարի արձանագրվեց 9,3 տոկոս աճ։ Այս տարի սպասվում է աճի տեմպի անկում՝ 1,2, հաջորդ տարի` 2,1 տոկոսային կետով։
Մեծ ակնկալիքներ չկան շինարարության ոլորտում։ Ինչպես այս, այնպես էլ՝ հաջորդ տարվա համար աճի պոտենցիալը գնահատվում է ընդամենը 4 տոկոս։ Ու սա՝ այն դեպքում, երբ դեռևս տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե կանգնած ենք շինարարության բումի շեմին։ Պարզվում է՝ այդ բումը մեզ չի սպառնա նաև հաջորդ տարի, բայց աճը բարձր կլինի նախորդ մի քանի տարիների համեմատ։ Ինչպես հայտնի է, տևական անկումից հետո, 2017թ. շինարարության ոլորտում ի վերջո աճ գրանցվեց։ Այդ տեմպն իշխանափոխությունից հետո չհաջողվեց պահպանել։ Առաջին տարում արձանագրվեց 1 տոկոսից ցածր աճ։ Կառավարությունը հույս ունի, որ գոնե այս տարի շինարարության աճի տեմպը կարագանա և կհասնի 4 տոկոսի։ Այս պահին զարգացումները դրա շրջանակներում են, թեև բավական ժամանակ է, ինչ աճի տեմպը դանդաղ, բայց նվազում է։ Վերջին ամիսներին այն տատանվում է հիմնականում 1-2 տոկոսի սահմաններում։
Միակ ոլորտը, որտեղ հաջորդ տարի դրական դինամիկա է ակնկալվում, գյուղատնտեսությունն է։ Կառավարությունը հույս ունի, որ արդեն այս տարվա վերջին գյուղատնտեսությունն այնուամենայնիվ դուրս կգա անկումից, իսկ հաջորդ տարի աճի տեմպը նույնիսկ ավելի բարձր կլինի։
Իհարկե, այն, ինչ ակնկալվում է, հազիվ թե կարելի է մեծ առաջընթաց համարել։ Այս տարի գյուղատնտեսության մեջ կանխատեսվում է 0,2 տոկոս աճ։ Հաջորդ տարի աճը կարագանա և կհասնի 0,5 տոկոսի։
Ահա սրանք են այն տնտեսական ակնկալիքները, որոնք հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով ներկայացրել է կառավարությունը։ Դրանք, անշուշտ, հեռու են թռիչքային լինելուց։ Կառավարության սպասելիքները բոլորովին էլ այնպիսին չեն, ինչպիսին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են։ Այդ ցուցանիշներում չկան տնտեսության այն բուռն զարգացումները, որոնց շատ հաճախ իր գրառումներում անդրադառնում է վարչապետը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ