ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:

Համագործակցության շրջանակում UnionPay քարտապանները հնարավորություն կստանան իրենց քարտերով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի POS տերմինալների միջոցով վճարումներ կատարել Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև գումար կանխիկացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր բանկոմատներից:

«Այսօր մեզ համար շատ նշանավոր օր է. կնքեցինք պայմանագիր, որով հնարավորություն կունենանք Հայաստանում սպասարկել ամենադինամիկ զարգացող վճարային համակարգերից մեկի՝ UnionPay-ի քարտերը և այս շրջանակում Հայաստանը զբոսաշրջիկների համար կդառնա ավելի հարմարավետ, քանի որ բոլոր կանխատեսումներով Հայաստանում զբոսաշրջության ծավալները տարեցտարի աճելու են և այս տարի արդեն իսկ գրանցել ենք բավականին լուրջ աճ՝ մասնավորապես Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սպասարկում է Հայաստանում ամենամեծ թվով վճարային համակարգերի կողմից թողարկված քարտերը և մենք հուսով ենք, որ շատ արագ կկարողանանք մեր սպասարկման  բոլոր կետերում սպասարկել UnionPay քարտերը։ Պայմանագիրը մեզ համար նաև ռազմավարական նշանակություն ունի: Մեծ պատիվ է լինել UnionPay-ի գործընկերը Հայաստանում և վստահ ենք, որ շատ շուտով կարձանագրենք նշանակալի արդյունքներ։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս իրադարձության առթիվ և վստահություն եմ հայտնում, որ մեր համագործակցությունը կլինի բեղմնավոր և մենք պատիվ կունենանք մեկ տարի անց այդ մասին խոսելու»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ուրախ եմ Հայաստանում գտնվելու առթիվ: Հայաստանի մասին շատ եմ լսել: Այսօր UnionPay-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի համագործակության մեկնարկն ենք ազդարարում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս օրվա կայացմանը: UnionPay-ը արագ զարգացող միջազգային վճարային ընկերություն է և մենք ցանկանում ենք մեր տարիների կուտակած փորձը փոխանցել և ներդնել Հայաստանում: Ուրախ ենք մեր գործունեությունը նաև Հայաստան հասցնելու կապակցությամբ: Մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում ունի մեծ թվով բանկոմատներ, սպասարկում է ամենամեծ թվով վճարային համակարգերը, ինչը UnionPay-ի քարտապաններին թույլ կտա Հայաստանում լիարժեք օգտագործել իրենց քարտերը: Ուրախ եմ նշել նաև, որ ապագայում UnionPay-ի բջջային վճարումները ևս հասանելի կլինեն Հայաստանում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս համագործակցության կապակցությամբ»,- նշել է China UnionPay-ի տնօրենների խորհրդի նախագահ Շաո Ֆուջունը:

«Կենտրոնական բանկի անունից շնորհավորում եմ հերթական ձեռքբերման համար: UnionPay-ի մուտքը հայաստանյան շուկա շատ կարևոր իրադարձություն է և  պետք է արձանագրենք, որ ըստ էության սա սկիզբն է այն երկարատև և փոխշահավետ համագործակցության, որ մենք ունենալու ենք: Հույս ունենք, մեր գործընկերների շնորհիվ մենք նաև նոր տեխնոլոգիաների մուտք կունենանք Հայաստանի Հանրապետություն: Վստահ եմ, որ դա կնպաստի ֆինանսական ծառայությունների բազմազանությանը, որի արդյունքում կշահի սպառողը: Ես վստահ եմ նաև, որ սա կնպաստի նաև շուկայում առողջ մրցակցությանը և նման միջազգային խոշոր խաղացողների առկայությունը հնարավորություն է տալիս մեզ վստահ լինելու, որ միջազգային լավագույն փորձը ևս ներկա կլինի մեր երկրում»,- իր խոսքում նշել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

«Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին և UnionPay-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան անունից: Վստահ եմ, որ  UnionPay-ի մուտքը Հայաստան կբարձրացնի զբոսաշրջության արդյունքներն ու ակնհայտորեն կբարելավի դեպի Ասիա և Չինաստանից Հայաստան ճանապարհորդելու ընթացքում վճարումներ կատարելու պայմանները: Կարծում եմ, որ UnionPay-ի մուտքը Հայաստան նաև էական պայմաններ կստեղծի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության զարգացման համար»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Թիան Էրլունը:

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի շուրջ 177 երկրներում, որոնցից 55-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտեր:

Տեսանյութեր

Լրահոս