«Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, բայց հաճոյանում է բոլորին անխտիր, որի իրավունքը չունի». Կարինե Աճեմյան
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երկխոսության ժամանակ նկատել է, որ ՀՀ վարչապետը Ադրբեջանի նախագահին դիմել է անուն-հայրանունով, ինչը, ըստ նախկին պատգամավորի, հարգանքի նշան է:
«Իմ ականջից չվրիպեց մի շատ վտանգավոր և տգեղ փաստ, Նիկոլ Փաշինյանը, իր երկրի նախագահներից մեկին պահելով կալանքի տակ, մյուսին տարիներ շարունակ ամենավերջին բառերով վիրավորելով, իր թշնամի երկրի նախագահին դիմում է անուն-հայրանունով՝ Իլհամ Հեյդարովիչ, որը հարգանքի նշան է: Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, իր նախկին ղեկավարներին, բայց հաճոյանում է բոլորին անխտիր, որի իրավունքը չունի: ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն այն ֆորմատն է, որը Նիկոլ Փաշինյանն ամենախիստ ձևով քննադատել է: Քո երկրի նախագահներին տարիներ շարունակ վերջին բառերով վիրավորում ես, իսկ նրանց հաճոյանում ես»,- ասում է նա:
Կարինե Աճեմյանը պնդում է՝ մեր երկրի բյուջեն մսխվում է: Նման բան վերջին 30 տարում ՀՀԿ-ական նախկին պատգամավորը չի տեսել.
«Իր այդ տափակ, պրիմիտիվ աֆորիզմները տարածելու համար բյուջեից մեծ գումարներ է ծախսում, որ քաղաքի տարբեր վահանակների վրա հայտնվեն: Ազգային ժողովի այս վոյաժները աննախադեպ են: 30 տարվա ընթացքում նման մսխումներ չեն եղել: Ես Միջխորհրդարանական միության պատվիրակության անդամ եմ եղել, մենք նիստերին գնում էին 3-4 հոգով, մաքսիմում՝ 9-ը, հիմա 16 հոգի է գնում, իրենց հետ գնում է անգամ տնտեսվարը»:
Ըստ Կարինե Աճեմյանի՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Հայաստանը դառնա միանձնյա կառավարվող երկիր:
«Նիկոլ Փաշինյանը որևէ կոնստրուկտիվ աշխատանքի ընդունակ չէ, եթե իրենք չեն հետևում, մենք աշխարհին հետևում ենք, Հայաստանը դադարել է հետաքրքիր լինել աշխարհին, մեր երկիրը կամաց-կամաց հայտնվում է իզգոյի կարգավիճակում: Որևէ երկրում հեղափոխություն ու պոպուլիզմ չեն խրախուսում, իսկ մենք մինչև հիմա հեղափոխությունից ենք խոսում»,- ասում է Կ. Աճեմյանը:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը պնդում է՝ վարչապետի Փաշինյանի թիրախում ժողովրդին իրար դեմ տրամադրելն է.
«Փաշինյանի թիրախում ժողովուրդն է, թշնամանքն ավելանում է, գզվռտոցն ավելանում է, հանցագործությունների քանակն է ավելացել, վթարների, թույնը, որը ներարկվում է՝ թուլացնելու է երկիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն էլ բերելու է հայ ընտանիքի մոդելի խարխլման»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ