Հռութի գիրքը գեղեցիկ պատմություն է Մովաբ երկրից մի կնոջ՝ Հռութի մասին
Հռութի գիրքը գեղեցիկ պատմություն է Մովաբ երկրից մի կնոջ՝ Հռութի մասին: Հռութը ամուսնու մահից հետո սկեսրոջ Նոյեմի հետ տեղափոխվում է Բեթղեհեմ բնակության, ամուսնանում է Բոոսի հետ: Նրանց համատեղ ամուսնությունից ծնվում է Օբեդը՝ Դավիթ թագավորի հոր հայրը: Այսինքն՝ Հռութը դառնում է Իսրայելի Դավիթ թագավորի նախամայրը:
Գրքի բովանդակութունը հիմնականում վերաբերում է Դատավորաց ժամանակաշրջանին: Այս գիրքը, եկեղեցու հայրերի համոզմամբ, մեկտեղված է Դատավորաց գրքի հետ, և իր բովանդակությամբ կարծես եզրափակում է Դատավորացը: Միևնույն ժամանակ այն կարող է համարվել Թագավորական գրքերի նախաշավիղ, քանի որ ցույց է տալիս Հուդայի երկրի թագավորական հարստության հիմնադիր Դավթի ազգաբանությունը: Այս գիրքը Հրեաների նշանավոր տոներին կարդացվող հինգ ընթերցվածներից մեկն է, որը ռաբբիները դասում են սուրբ գրքերի թվին:
Գրքի հեղինակն է համարվում Սամուել մարգարեն: Հավանական է, որ այն գրվել է Դատավորաց ժամանակից հետո, որովհետև եթե գրված լիներ Դավթի մահից հետո, ապա, անշուշտ, նաև կհիշատակվեին նրա ժառանգները: Բայց քանի որ այստեղ չեն նրանց մասին որևէ հիշատակում չկա, պետք է եզրակացնել, որ այն գրվել է Սավուղի անկումից հետո:
Սամուելի այս գրքի հեղինակության նպատակն էր ոչ միայն ցույց տալ Դավթի ազգաբանությունը և հասկացնել, որ նա սերում է հին ազնիվ ընտանիքից, այլև հաստատել, որ Աստծո արքայության մեջ բարեգործությունը մշտապես գնահատվում և արժանավույնս վարձատրվում է:
Հռութի գիրքը չափազանց գեղեցիկ է թե՛ իր բովանդանությամբ, թե՛ իսրայելցիների կյանքի նկարագրությամբ, և ցույց է տալիս, թե ինչպես է ծաղկում իրավական կարգն ու ընտանեկան կյանքը այդ խառն ու վայրենի ժամանակաշրջանում: Այս գիրքը եզրափակում է Իսրայելցիների թափառական և դժվարին ժամանակները և հաստատում, որ Աստված հավատարիմ է Իր խոստմանը: