Բաժիններ՝

«Զգույշ կլինես, մոտակա երկու շաբաթը սորոսականների մասին ոչինչ չխոսես». հաղորդագրություն Մարինա Խաչատրյանին

«Զգույշ կլինես, մոտակա երկու շաբաթը սորոսականների մասին ոչինչ չխոսես». սա բժիշկ Մարինա Խաչատրյանին ուղղված հաղորդագրություն է, որը նա հրապարակել է  Ֆեյսբուքում ու հայտարարել, որ  նամակը ստանալուց հետո իր մեքենայի մեջ լար է կտրվել, որն առաջացրել է խնդիրներ՝ կապված մեքենայի արգելակման հետ: Այսօր նա ԱԱԾ շենքի դիմաց մամուլի ասուլիս էր հրավիրել՝ լրատվամիջոցների, ԱԱԾ-ի և Ոստիկանության ուշադրությունը այս և նմանատիպ այլ դեպքերի վրա սևեռելու համար:

«Ինձ ծանոթ անձանցից մեկը ինձ  նախազգուշացրել է, որ սորոսականները իմ դեմ բռնություն են նախապատրաստում, չգիտեմ, սակայն, ինչ տեսքով, ֆիզիկակա՞ն, հոգեբանակա՞ն, թե՞ ինֆորմացիոն: Ես կարծում եմ, որ դա արվում է իմ ծավալած հասարակական-քաղաքական գործունեության համար»,- ասաց Մարինա Խաչատրյանը:

Հարցին, թե հատկապես ինչի՞ մասին է խոսքը, բժիշկը մանրամասնեց:

«Վերջին հիմնական գործողությունը Տիկնիկային թատրոնում «սատանիստական» համերգի տեղի ունենալը թույլ չտալն է: Այն տեղի ունեցավ այլ տեղում, ինչն ինձ համար որպես անձ, որպես հայ՝ նույնպես անընդունելի է, բայց կարողացանք մեր մանկական օրրանը դրանից զերծ պահել: Դա կազմակերպվեց շատ հեշտ, զանգեցի ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանում, ասացի՝ նման միջոցառում կա, հարցրի՝  տեղյա՞կ եք՝ ի՞նչ բովանդակությամբ է լինելու, որ շրջված խաչ է լինելու, սատանայի պատկեր, ասացին, որ տեղյակ չեն, ինձ համար շատ զարմանալի էր, իհարկե, որ բացարձակապես անտարբեր են, բայց անմիջապես դրանից հետո նրանք զանգահարել են Տիկնիկային թատրոն, և շատ արագ, հաջորդ առավոտյան հայտարարվեց, որ այդ համերգն այնտեղ տեղի չի ունենալու: Հետագայում և՛ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, և՛ անգամ երգիչ Սերժ Թանկյանը համացանցում գրեցին, որ նման բաներ չի կարելի անել:

Ներողություն, եթե այնտեղ չկար որևէ վախենալու բան, եթե իմ խոսքերն իրականությանը չէին համապատասխանում, ինչո՞ւ անմիջապես տեղը փոխեցիք, եթե վախենալու բան չկար, խնդրեմ, ես ուզում էի տոմս գնել, գնալ նայել, հարցրի՝ որտե՞ղ են վաճառում տոմսերը, եթե նորմալ էր, ապա ոչ մի խնդիր չէր լինի: Բայց խմբի սոլիստը հայտարարում է, որ ինքը սատանիստ է, մենք իմանում ենք, թե ի՞նչ է լինելու բեմում, ոչ ոք իրավունք չունի մեր երկրում խաչը շրջելու: Ես հանցագործության մասին հաղորդում ներկայացրի, տեղը փոխեցին: Իրենցից վախեցող չկա: Սորոսական կազմակերպությունների գործունեությունը պետք է դադարեցվի Հայաստանում, պետական և ոչ պետական գործիչները, ովքեր հակապետական գործունեություն են ծավալում, պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Մարինա Խաչատրյանը վստա՞հ է, որ իր դեմ բռնության կոչեր անողներն իրական մարդիկ են:

«Այն հաղորդագրությունը, որի մասին խոսում էի, ինձ ուղարկել է իմ ծանոթներից մեկը, դա սպառնալիք չէր, այլ ուղղակի ընկերական նախազգուշացում, քանի որ ինքը նրանց ներսից է ճանաչում, բայց իմ բոլոր հրապարակումների տակ կան մարդիկ, որոնք բռնության կոչեր են անում, անհրաժեշտության դեպքում դրանք կհայտնվեն իրավապահ մարմինների մոտ: Սա ես համարում եմ ծրագրված գործողությունների պլան: Հենց այսպես էլ ծրագրել էին՝ հայ ազգին բաժանել սևերի ու սպիտակների՝ չհասկանալով, որ սևն ու սպիտակը իրար հետ շատ համահունչ են, հայ ազգը չի կարելի պառակտել: Ինչո՞ւ են միայն աղմուկ բարձրանալուց հետո գործեր հարուցում, ինչպես իմ դեպքում  էր, օրինակ՝ Բակո Սահակյանին սպառնացողների դեմ ինչո՞ւ գործ չհարուցվեց: Պետք է համախմբվել ու մեր պետությունը հանել այս ճահճից:

Մարինա Խաչատրյանն ասում է՝ ոչ մեկից չի վախենում, ինքը պարապում է և ներքին մեծ ուժ ունի: Ասում է՝ մեքենայի կտրված լարի և իր հայտարարության հետքերով Ոստիկանությունից իրեն զրույցի են կանչել:

«Ոստիկանությունից ինձ հրավիրել են զրույցի՝ հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել: Ինձ ասացին, որ ցանկացած խնդիր նկատելուց իրենց զգուշացնեմ, շատ արագ կարձագանքեն: Իրենք, վստահ եմ, ինձանից ավելի շատ բան գիտեն, և իրենք էլ ուզում են օրինական երկիր ունենալ: Հանցագործության մասին հաղորդում, սակայն, չեմ ներկայացրել: Չեմ կարծում, որ այս ամենից հետո որևէ բան կանեն իրենք»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս