Բաժիններ՝

Կառավարությանն անհրաժեշտ է աշխատանքի էկոնոմիկայի դասատու

Այն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մեր երկրում բոլոր խնդիրներն անմիջապես վերացել են, այդ թեզը դեռ շուտվանից էինք լսել։ Դա համարելով իշխանությունների կողմից զուտ պոպուլիստական, ամբոխահաճո հնարք՝ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար,  այն մեծ արձագանք չի ստացել, քանի որ հասարակության լուրջ հատվածների կողմից ընկալվել է՝ որպես հերթական ճառ ու կենաց, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվել։

Բայց արի ու տես, որ անարձագանք մնալը ոչ թե ղեկավարությանը ստիպեց այսօրինակ ճառերը պահել տոնական սեղանների համար, այլ ցանկացած իրավիճակում սկսեցին համանման մանիպուլյացիաներ մոգոնել՝ ցույց տալու համար, թե տեսեք՝ իսկապես բոլոր խնդիրները լուծվել են։

Այսօրինակ դրսևորումներից վերջինը, որ պատճառ հանդիսացավ թեմային անդրադառնալու համար, Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցելությունն էր ու ոտքի վրա, քայլելով՝ Սիսիանի քաղաքապետի հետ անցկացրած լայվ-խորհրդակցությունը։

Այսպես, Սիսիանի քաղաքապետը քայլելու ընթացքում Փաշինյանին հայտնում է, որ մոտ 30 աշխատողի պահանջ կա այս պահին։ «Այ քեզ հիանալի կենաց»,- անմիջապես մտքում մտածում է ժողովրդի վարչապետը և մոտ կանչում իր այցը տեսանկարահանող օպերատորին։ «Քաղաքապետը ներկայացնում էր սուբվենցիոն ծրագիրը, և այս պահին Սիսիանում 40-50 աշխատատեղի խնդիր կա՝ բանվորի, ինժեների, շինարարի»,- ասում է նա։

Մի կողմ թողնենք այն հրաշքը, որ ոտքի վրա մոտ 30 աշխատատեղը դարձավ 40-50, ու կանգ առնենք երևույթի բովանդակության վրա։ Գործազրկությունը անկախության ողջ ընթացքում եղել է մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկը և կառավարությունների հիմնական խնդիրը։ Բոլորն էլ այս թեմային անդրադառնալիս շատ զգույշ են մոտեցել հարցին, քանի որ իսկապես գործազրկության մակարդակը բարձր է մեր երկրում, դրանում օբյեկտիիվ պատճառները շատ են, և, իհարկե, այսօրվա վարչապետի մեղքով չէ, որ այսպես է։ Սակայն, արի ու տես, որ նոր իշխանությունը, որն իրականում արդեն վաղուց նոր չէ, այս խնդիրը լուծելու հեշտ ձև է գտել՝ մեղքը բարդելով քաղաքացիների վրա։ Հասկանում եք,  պաշտոնապես հաստատված  17 տոկոս գործազրկության մակարդակ, այսինքն՝ մի քանի հարյուր հազար գործազուրկ ունեցող երկրի վարչապետը Սիսիանում 40-50 թափուր աշխատատեղ ունենալու օրինակով փորձում է համոզել բոլորին, որ աշխատատեղ կա, բայց մարդիկ չեն աշխատում։

Չհասկացողների և ընտրյալ կառավարության համար հենց Սիսիանի օրինակով բացատրենք այս թեզի իրականության հետ որևէ առնչություն չունենալը։

Նախ և առաջ, լավ կլինի՝ վարչապետը գոնե իր խոսքից հասկանա, որ շինարարության վրա բոլորը չէ, որ կարող են աշխատել, հատկապես՝ բանվոր, շինարար և ինժեներ։ Դրանցից առաջինը խիստ ծանր աշխատանք է, մյուսները՝ մասնագիտական։ Եվ եթե մարդը չունի ֆիզիկական և առողջական տվյալներ, կամ, առավել ևս, ինժեների մասնագիտական որակավորում, ապա այս աշխատատեղը հաստատ չի կարող լրացնել, հատկապես, եթե կին է, կամ, ասենք, երիտասարդ աղջիկ։

Ավելին, այն նաև ժամանակավոր է, հատկապես, որ Սիսիանում մի ամսից ձմեռ է սկսվելու, և այդ աշխատատեղն էլ ինքնըստինքյան դադարելու է գոյություն ունենալ։

Սա՝ զուտ խնդրի տրամաբանական կողմը, հիմա անցնենք բուն մասնագիտականին։

Լավ կլինի, որ նման հետևություններ անելուց առաջ մարդը գոնե տարրական պատկերացում ունենա աշխատանքի տնտեսագիտության կամ գործազրկության մասին։ Եթե ունենա, կամ գոնե ցանկություն և ինտերնետ ունենա, ապա Վիկիպեդիայի միջոցով կարող է կարդալ՝ ի՞նչ է գործազրկությունը և ի՞նչ տեսակներ ունի։

Ինչո՞ւ են տեսակները կարևոր, որովհետև այդ տեսակներից մեկը կոչվում է ֆրիկցիոն, որն իր բովանդակությամբ ժամանակավորն է։  Այսինքն՝ մարդը, օրինակ, աշխատում է լրագրող, բայց ցանկանում է դառնալ վարչապետ, դուրս է գալիս թերթի իր աշխատանքից և սկսում է քայլել դեպի վարչապետի պաշտոն։ Բնականաբար, թերթը միանգամից չի կարող նոր աշխատող գտնել, և մի որոշ ժամանակ այդ լրագրողի հաստիքը թափուր է մնում՝ մինչև համապատասխան կադր գտնելը։ Հիմա այս առարկայական օրինակը պետք է հուշի վարչապետին, որ այդ 40-50 դարձած մոտ 30 աշխատատեղը ժամանակավոր աշխատատեղեր են, ինչպիսիք, համաձայն տնտեսագիտության, կազմում են աշխատաշուկայի  5 տոկոսը։

Դրանում հավաստիանալը դժվար չէ: Բազմաթիվ կայքեր կան, որտեղ շրջանառվում են թափուր հաստիքներ, որոնք ոչ թե նոր են առաջացել, այլ մեկը գործից դուրս է եկել, մյուսին հեռացրել են, մեկը թոշակի է գնացել, մյուսն էլ, օրինակ, ամուսնացել է ու տնային տնտեսուհի է դարձել։ Այս հիմքով առաջացած հաստիքները նոր ստեղծված աշխատատեղեր չեն։ Այդպիսիք կան նաև կառավարությունում, կարող եք աշխատակազմի ղեկավարից թիվը ճշտել։ Կամ ավելի լավ պատկերացում կազմելու համար Ձեր սիրելի և անբաժան Ֆեյսբուքում գրեք՝ #Գործկա,  և բազում օրինակները կլինեն ձեր աչքի առաջ։

Բայց, առհասարակ, մի բարի խորհուրդ. լավ կլինի, որ կառավարությունը աշխատանքի էկոնոմիկայի դասատու վարձակալի, որպեսզի տնտեսագիտության այս տարրական գիտելիքները փոխանցվեն ներկայիս ղեկավարությանը և այսօրինակ զավեշտալի իրավիճակներ չստեղծվեն այլևս, քանի որ  17 տոկոս գործազուրկները մի քանի հարյուր հազար հպարտ քաղաքացիներ են, որոնք այլևս նոր իշխանությունների այս մանիպուլյացիաներին չեն հավատում, և գործազրկության վերացման փաշինյանական թեզին կհավատան այն ժամանակ, երբ իրենք անցնեն աշխատանքի։

Աշխատանքի էկոնոմիկայի դասատուին աշխատանքի ընդունելը շատ կարևոր է։ Նախ, գոնե հպարտանալու տեղ կունենաք, որ նոր աշխատատեղ եք ստեղծել, բացի այդ, վարչապետի խորհրդականները, որ պետք է  այս ամենի շուրջ խորհուրդներ տային, կարծես թե չեն կարողանում, միգուցե մասնագիտական պոտենցիալը չի հերիքում։

Չնայած, երբ հիշում ենք Փաշինյանի խորհրդականների կազմը,  պատկերացնում ենք,  որ առավոտյան գործազրկության թեմայի  շրջանակներում, թերևս, նրան զեկուցել են, որ ոստիկանության  աշխատակիցների շրջանում գործազրկություն երևույթ առհասարակ չկա։ Այդպիսի տոտալ գործազրկության բացակայություն երևի մեկ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում է, որի պատգամավորների մեծ մասը, անկախ մասնագիտական հմտություններից և կարողություններից, պատահականորեն, իրենցից անկախ՝ հայտնվելով պատգամավորական աթոռին, այսօր ապահովված են բարձր վարձատրվող աշխատանքով։

Մաքսիմ Մուսինյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս