«ՌԴ նախագահը մեսիջ ուղարկեց, որ ՌԴ պետությունը ՀՀ երկրորդ նախագահի գործն իր ուշադրությունից դուրս չի թողնելու և նրան աջակցելու է հնարավոր բոլոր մեթոդներով»
«Ես չեմ պնդում, բայց ենթադրում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկությանն Ազգային ժողովում չմասնակցելը կապ ուներ քվեարկության նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը հանդիպելու փաստի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա կարծիքով՝ ԲՀԿ-ն այդ հարցի հիմքերը քննարկում էր տևական ժամանակ, և նրանք հստակություն մտցրին այն բանից հետո, երբ նախորդ օրը՝ ուշ երեկոյան, դեսպանատանը տեղի ունեցավ այդ հանդիպումը, չնայած նրան, որ դա այնպիսի փաստաթուղթ էր, որ ԲՀԿ-ն մեկ օր առաջ կարող էր պատասխանել քվեարկության վերաբերյալ հարցին: Ըստ նրա՝ դա այն հարցը չէր, որ մինչև վերջին վայրկյանը պետք է սպասեին:
Մեր այն հարցին, թե ի՞նչ կապ կարող էր ունենալ ԲՀԿ որոշումը Վլադիմիր Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպման հետ, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ մինչ Պուտինի Հայաստան գալը՝ Երկրորդ նախագահի աջակիցները, նրան աջակցող գործիչները շատ էին գրում, որ նա չի գա Հայաստան՝ կապված Երկրորդ նախագահի կալանավորման կամ ձերբակալման փաստի հետ, սակայն պարզվեց, որ նա գալու է:
«Եվ եթե գար ու հանդիպում տեղի չունենար թեկուզ Բելլա Քոչարյանի հետ, ապա բավականին բարդ իրավիճակ էր ստեղծվելու Երկրորդ նախագահի կողմնակիցների համար, որովհետև իշխանության քարոզչամեքենան նշելու էր, որ՝ տեսեք, եկավ ու չհանդիպեց ո՛չ Երկրորդ նախագահի, ո՛չ էլ նրա աջակիցներից որևէ մեկի հետ»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները PR պայքարում հոգեբանական հարված կստանային:
«Իսկ երբ ՌԴ նախագահը եկավ ու ՌԴ տարածքում (իսկ չպետք է մոռանալ, որ դեսպանատունը տվյալ երկրի տարածքն է) հանդիպում է տիկին Քոչարյանի հետ, սրանով նա մեսիջ է ուղարկում ներքին քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին, որ ՌԴ պետությունը, ոչ միայն ղեկավարությունը, այլ հենց պետությունը Երկրորդ նախագահի գործն իր ուշադրությունից դուրս չի թողնելու և նրան աջակցելու է հնարավոր բոլոր մեթոդներով: Այս մեսիջն էր, որ ուղարկվեց և քաղաքական դաշտում գործող ուժերին, և փորձագիտական շրջանակներին, և նրա հակառակորդ ու աջակից կողմերին, և դատաիրավական համակարգին, բայց հիմնական ասելիքը քաղաքական դաշտի գործիչների համար էր»,- նկատեց Արմեն Բադալյանը:
Ըստ քաղտեխնոլոգի՝ այդ մեսիջը տեղ հասցվեց ԲՀԿ-ին, և նրա իրավաբանները հենց դրանից ժամեր հետո պարզեցին, որ ՍԴ նախագահի իմպիչմենթի գործընթացը իրավական առումով թույլ է հիմնավորված:
Նրա խոսքով, սա էր, թերևս, պատճառը, որ ԲՀԿ-ի պատասխանը ձգձգվեց մինչև վերջին պահը, և երբ հաջորդ օրը պարզ դարձավ (իսկ պարզ դարձավ, որովհետև ռուսական կողմն էր ցանկացել, որ այդ մասին տեղեկացվի) Երկրորդ նախագահին ՌԴ նախագահի կողմից տրված աջակցության մասին, նա, ճիշտ է, դեմ չքվեարկեց, չգնաց ուրիշ խաղի մեջ մտնի, այլ խաղաց իր խաղը՝ առհասարակ չմասնակցելով քվեարկությանը:
«Այդ հանդիպումը ոչ թե մղում էր, որ ԲՀԿ-ն գնար ու դեմ քվեարկեր, որ կողքից տպավորություն կթողներ, թե նա ուրիշի խաղի մեջ է, այլ հենց իր ղեկավարի խաղն է խաղում: Ինքն իր մասով իր գործը կատարեց»,- ասաց Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ի կողմից տվյալ պարագայում մեսիջը ճիշտ ընկալվեց:
Գոհար Սավզյան