«Եկեք խոստովանենք, որ մեզ մոտ ազատ մամուլ չկա, եկեք փարիսեցիություն չանենք». Աղասի Ենոքյան

«Աշխարհի տարբեր երկրներում լինում են նման հարձակումներ մամուլի վրա, դրա համար մենք ասում ենք, որ ազատ մամուլ չկա այդ երկրներում: Մեր ամենաբարձր ղեկավարությունն ասում է, որ հիմա մեր երկրում մամուլն ազատ է, քան երբևէ, լինում է նման հարձակում, ու արձագանք չկա: Ուրեմն` եկեք խոստովանենք, որ մեզ մոտ էլ չկա ազատ մամուլ»,- անդրադառնալով հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդների կողմից «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքին՝ ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ մամուլի նկատմամբ ճնշումներ կան, և դրանք պատիժներ չեն ստանում:

«Մենք նախազգուշացնում էինք, որ մամուլի նկատմամբ լինելու են ճնշումներ, կան ճնշումները, այս ընթացքում տեսել ենք դա՝ թե՛ այդ շուրջ 100 դատական գործերը մամուլի դեմ, թե՛ ինչ-որ լրատվամիջոցի համակարգիչների բռնագրավումը, Ոստիկանության անհիմն այցերը, սա արդեն հասնում է նաև օրենսդրական մակարդակի, օրենքի նախագծեր են մշակվում, որոնք էլի ճնշելու են մամուլը:

«Հայելի» ակումբի վրա հարձակումը հերթական ոտնձգությունն է մամուլի նկատմամբ: Դրա պատճառները բազմաթիվ են, օրինակ՝ իշխանությունների կողմից բռնության չթաքցվող քարոզը, անընդհատ ասում են, որ պետք է բռնության խոսքը սահմանափակվի, բայց կարծես թե իրենք են դա առաջ տանում, անիշխանությունը, մարդիկ գիտեն, որ դրա համար չեն պատժվելու: Այսինքն՝ ընտրովի արդարադատություն է, նայած, թե դու որ ճամբարից ես. եթե ընդդիմադիր ես, ապա նույն գործողության համար դու կարող ես շատ խիստ պատժի արժանանալ, եթե՝ իշխանության, ապա դու կմնաս անպատիժ: Եթե սա չստանա ամենալուրջ հակահարվածը, ապա նման գործողությունները կշարունակվեն, ավելի կոշտ ոտնձգություններ կլինեն մամուլի նկատմամբ»,- վստահեցնում է նա:

Աղասի Ենոքյանին զարմացրել է մամուլի ներկա և նախկին ներկայացուցիչների արձագանքը դեպքին. Նրա խոսքով՝ մամուլը մի ժամանակ ավելի միասնական էր.

«Նախկին լրագրողները, որոնք այսօր քաղաքական գործիչներ են, ասում են՝ «թող մամուլը չհասցներ դրան, թող «Հայելի» ակումբը չհասցներ այն իրավիճակին, որ իր վրա հարձակվեն»: Այսինքն՝ թող իրեն խելոք պահեր, նման բան չէր լինի: Փոխանակ ամբողջ պետական ապարատը ներդնեն, որ այսպիսի ոտնձգություններից մամուլը պաշտպանեն, նման հայտարարություններ են անում: Իշխանության ձեռքին են այն լծակները, որով կարող են սա զսպել: Հիմնական պրոբլեմը, որը կարողացան ներկա իշխանությունները լուծել, դա մամուլը երկու ճամբարի բաժանելն է, իշխանական ճամբարը նման գործողություններից ուրախանում է, հակառակ ճամբարը՝ դրանից բողոքում է: Ժամանակին լրագրողական նման ակցիային բոլորը միասնական էին: Մամուլի միասնականությունը չկա, դա թուլացրել է դիմադրությունը»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարը վստահ է՝ իշխանությունը փորձում է բոլոր միջոցներով լռեցնել իր համար անցանկալի մամուլը:

«Պետական մակարդակով ոչ մի հայտարարություն չկա: Երեկ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ դատավորին հարցապնդումներ անողներին միանգամից կալանավորեցին, իսկ այստեղ խոսք է գնում միայն աշխատավարձից որոշակի պահումների մասին: Սա արդեն իշխանությունների վերաբերմունք է: Հարձակվողներն էլ ֆեյսբուքյան իրենց էջերում հպարտանում են, չկա գիտակցումը, որ վատ բան են արել: «Հայկական Ժամանակն» այն ժամանակ ավելի շատ հոդվածներ էր տպում նման վերնագրերով, քան հիմա «Հայելի» ակումբը, բայց նման հարձակումներ չեն եղել, հիմա այդ հարձակվողները գիտեն, որ քաջալերվելու են:

Ուզում են բոլոր միջոցներով լռեցնել իրենց համար ոչ հաճելի մամուլին: Խուլիգանական գործողություններն էլ այդ միջոցներից մեկն է: Սա իշխանություններին, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին հաճելի գործողություն է, դրա համար է նա լռում:

Աշխարհի տարբեր երկրներում լինում են նման հարձակումներ: Դրա համար այդ երկրներում, մենք ասում ենք, որ ազատ մամուլ չկա, այստեղ մեր ամենաբարձր ղեկավարությունն ասում է, որ հիմա մամուլն ազատ է, քան երբևէ, լինում է նման հարձակում, ու արձագանք չկա: Ուրեմն՝ եկեք խոստովանենք, որ մեզ մոտ էլ չկա ազատ մամուլ, ժողովրդավարության մասին եկեք չխոսենք, եկեք փարիսեցիություն չանենք: Այդ երկրներում էլ խնդիրը կարգավորվում է նույն կերպ, չի կարգավորվում»,- ասում է նա:

Աղասի Ենոքյանը վստահ է՝ այս դեպքը պայմանավորված է նաև «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի անձով.

«Հրայր Թովմասյանի վրա աննախադեպ ճնշումներ են, քրքրել են նրա հետ կապված բոլոր փաստաթղթերը, սկսել են հարձակումներ նրա սանիկների վրա, պետք է հարձակում լիներ նաև քրոջ նկատմամբ, ուզում են ահաբեկել Հրայր Թովմասյանին: Չեմ կարող ասել՝ սա իշխանությա՞ն կողմից էր կազմակերպված, թե՞ անհատների, բայց անողերը գիտեին, որ սա իշխանությանը հաճելի գործողություն է»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս պետք է կարգավորվեն այն դեպքերը, երբ հասարակության ներկայացուցիչները վատ վերաբերմունք են ցույց տալիս, վիրավորում են տարբեր լրատվամիջոցների լրագրողների ակցիաների ժամանակ, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ դրանով պետք է զբաղվեն ոստիկանները:

«Եթե լրագրողներին վիրավորում են ակցիաների ժամանակ, ապա պետք է ոստիկանները գործողություններ իրականացնեն, թույլ չտան: Ժողովուրդն էլ բաժանված է երկու մասի, ինչպես մամուլը, յուրաքանչյուրը մտածում է, որ ինքն է ճիշտը:  Կոնսոլիդացիան, որ պետք է բերեր հեղափոխությունը, չբերեց, հեղափոխությունը հանգեցրեց նրան, որ ժողովուրդը բաժանվեց երկու մասի»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս