Ո՛չ դեպի կործանում տանող հեղափոխական ուղուն
Աշխարհի երկբևեռ կառավարման համակարգի փլուզման գործընթացն իր ավարտին հասավ 1991-ին, երբ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ։ Այդ գործընթացն ուղեկցվում էր նախկին սոցճամբարի, իսկ այնուհետև՝ հետխորհրդային տարածքի երկրներում իրականացված գունավոր հեղափոխություններով։
Այդ գունավոր հեղափոխությունների իրագործման հետևանքով երկբևեռ աշխարհի փլուզումը հետխորհրդային տարածքի ժողովուրդների համար վերածվեց իսկական ողբերգության։
Միևնույն սցենարով իրականացված 90-ականների, այսպես կոչված, սեփականաշնորհման գործընթացը վերջ դրեց ԽՍՀՄ նախկին հանրապետությունների արդյունաբերական հզորությանը, որն ամբողջովին թալանվեց՝ սկիզբ դնելով քրեաօլիգարխիկ կոռուպցիոն համակարգի ստեղծմանը։
Այլևս բացարձակ իշխանություն ստացած միաբևեռ կառավարիչները հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների նկատմամբ իրականացրեցին իրավական, գաղափարախոսական, տնտեսական և արժեհամակարգային ինտերվենցիա՝ պարտադրելով իրենց իսկ կողմից դավանած «արժեքները»։ Կործանարար այդ գործընթացներից չխուսափեց նաև Հայաստանը։
Համաշխարհային միաբևեռ կառավարման համակարգի հաստատումից հետո գունավոր հեղափոխությունների շարքը դրանով չավարտվեց։ Այդ հեղափոխությունների սցենարիստների թիրախում հայտնվեցին նաև պետություններ, որոնք կարող էին դիմադրություն ցույց տալ միաբևեռ աշխարհի կայացմանը։ Հեղափոխությունները ծանր հետևանքներ թողեցին այդ պետությունների վրա՝ հանգեցնելով մարդկային, տարածքային, տնտեսական, մշակութային և այլ կորուստների։ Իսկ այդ երկրներից որոշները վերածվեցին միջազգային ահաբեկչության որջի։
2018 թվականին գունավոր հեղափոխությունների զոհ դարձած երկրների շարքին միացավ նաև Հայաստանը։ Հետհեղափոխական Հայաստանը բախվեց պետականության դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքների հետ, որոնք դրսևորվում են թե ներքին, և թե արտաքին քաղաքականության ոլորտներում՝ տնտեսության անկում, հասարակության պառակտում, ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում, պարտվողական քաղաքականություն Արցախի հարցում, հակազգային տարրերի ամրապնդում իշխանության վերին էշելոններում, և այլ վտանգավոր գործընթացներ։
Գունավոր հեղափոխությունների դառը փորձը տեսած երկրների և Հայաստանի վերջին մեկ ու կես տարվա ծանր իրավիճակը պետք է որ բավարար լինեին՝ հասկանալու համար հեղափոխական ուղու կործանարար բնույթը։ Փորձագիտական որոշ շրջանակներ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները գնահատեցին՝ որպես օկուպացիա։
Եթե գունավոր հեղափոխության նպատակը երկրի օկուպացիան է, ապա օկուպացիայից ազատվելու միակ հայտնի պատմական մեթոդն ազատագրական պայքարն է։
Հեղափոխական ցանկացած ճանապարհ տանում է դեպի փակուղի և կործանում, անկախ անվանումից և հայտարարվող նպատակներից։ Հետևաբար, ասում ենք՝ ո՛չ հեղափոխությանը, այո՛ ազգային-ազատագրական պայքարին, այո՛ ինքնիշխան Հայաստանին։
Վահե Հայկունի