WCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ելույթով:
Պաշտոնական բացումից հետո վարչապետը հանդիպումներ է ունեցել WCIT 2019 մասնակից ՏՏ ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Infosys» կորպորացիայի համահիմնադիր, հնդկաստանցի հայտնի գործարար Նարայանա Մուրտիի հետ էր: «Infosys» ընկերությունն զբաղվում է էլեկտրոնային առևտրի և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների համար ծրագրային ապահովման մշակմամբ և խորհրդատվության տրամադրմամբ:
Կառավարության ղեկավարը ողջունել է Նարայանա Մուրտիին Հայաստանում և կարևորել ՏՏ ոլորտի նման հեղինակավոր կազմակերպության ղեկավարի մասնակցությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսին, ինչը երկկողմանի լավ հնարավորություն է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:
«Infosys» կորպորացիայի համահիմնադիր Նարայանա Մուրտին շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերի համար և նշել, որ ուրախ է այցելել Հայաստան, որտեղ անցկացվում է ՏՏ ոլորտի՝ միջազգային նշանակության կարևորագույն միջոցառումը և քննարկել տեխնոլոգիական բնագավառի զարգացմանը վերաբերող, ինչպես նաև փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Վարչապետը խոսել է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը տրվող կարևորության մասին և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն և հետևողական քաղաքականություն է իրականացնում Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու, մասնավորապես, կրթական ենթակառուցվածքները զարգացնելու և տաղանդավոր մարդկանց համար համապատասխան էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ: «Մենք կրթությունը համարում ենք մեր երկրի զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը և ներկայում առաջ ենք շարժվում կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով: Մեր ՏՏ ոլորտը կայուն զարգանում է՝ տարեկան 20-25 տոկոսանոց աճ գրանցելով և մեծացնելով մեր երկրի գրավչությունը: Նաև հարկային լայն արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, ԱՄԷ «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ: «Mubadala Investment»-ը միջազգային ներդրումային կազմակերպություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրում և ներդրումային ծրագրեր իրականացնում տարբեր ոլորտներում:
Վարչապետը ողջունել է «Mubadala Investment» ընկերության պատվիրակության մասնակցությունը նման կարևոր միջոցառմանը, ինչը գործընկերության հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Կառավարության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունների մասին, նշել, որ լուրջ քայլեր են իրականացվել համակարգային կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ, ինչը մեծ կարևորություն ունի ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու առումով: «Մեր ռազմավարությունն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ հսկայական ներուժ կա: ՏՏ ոլորտը մեր երկրում դինամիկ զարգանում է, մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը ևս հետաքրքիր է մեզ համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հոմեյդ Ալ Շիմմարին շնորհավորել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար: Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, նշել, որ «Mubadala Investment»-ը աշխարհի ավելի քան 50 երկրներում տարբեր ոլորտներում կայուն և եկամտաբեր ներդրումներ է կատարում՝ նպատակ ունենալով նպաստել ինտեգրված և դիվերսիֆիկացված միջազգային տնտեսության զարգացմանը: «Մենք լավ տպավորություն ունենք Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտից և հետաքրքրված ենք համագործակցությամբ, մասնավորապես, վենչուրային ֆոնդերի ձևավորման ոլորտում», – ասել է «Mubadala Investment» ընկերության ներկայացուցիչը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում գործընկերության հնարավորությունների մասին:
***
Վարչապետի հաջորդ հանդիպումը WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ հայազգի Քեթրին Սարաֆյանի հետ էր: «Pixar Animation Studios»-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղակայված ամերիկյան կինոստուդիա է, որը գործունեություն է ծավալում համակարգչային անիմացիայի ոլորտում:
Ողջունելով Քեթրին Սարաֆյանի մասնակցությունը WCIT 2019-ին՝ վարչապետը նշել է, որ միջազգային նշանակության այս համաժողովն անցկացվում է Հայաստանի համար կարևոր փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ արմատական քաղաքական փոփոխություններից հետո երկիրը թևակոխել է տնտեսական և տեխնոլոգիական փոփոխությունների շրջան: «Մեր նպատակը տեխնոլոգիական ոլորտը տնտեսության շարժիչ ուժ դարձնելն է, և ձեր ընկերության հետ հնարավոր համագործակցությունը մեզ համար օգտակար կլինի: Հուսով եմ՝ Դուք կգտնեք մեր երկրում ՏՏ ոլորտում որոշակի գործունեություն ծավալելու համար հետաքրքիր հարթակներ: Ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում ոչ միայն որպես «Pixar Animation Studios» ընկերության ներկայացուցիչ, այլև որպես մեր հայրենակից, ում ձեռքբերումներով մենք հպարտանում ենք», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկայացրել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերը, տեխնոլոգիական ձեռնարկությունների համար ստեղծված հարկային արտոնությունները՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է այդ գործընթացը:
«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին: «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել «Pixar Animation Studios» և PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի միջև, մասնավորապես, անիմացիայով զբաղվող մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, և «Pixar Animation Studios»-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել այդ գործակցությունը: Քեթրին Սարաֆյանը նաև ոգևորիչ է համարել վարչապետի՝ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման ելույթը և մաղթել հաջողություն:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ: «VWmare» ընկերությունը գործունեություն է ծավալում ծրագրային ապահովման ոլորտում, որը ներառում է հաշվարկային, ամպային, ցանցային տեխնոլոգիաները, անվտանգությունը և թվային ոլորտը: 2010 թվականից Հայաստանում գործում է նաև «VWmare» ընկերության գրասենյակը:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում՝ այս կարևոր համաժողովին: Շատ ուրախ եմ, որ ի դեմս «VWmare» ընկերության հայաստանյան գրասենյակի՝ հուսալի գործընկերներ ունեք, և մենք հպարտ ենք մեր հայրենակիցների համար, որոնք նման արդյունավետ համագործակցություն են ձևավորել Հայաստանի և Ձեր ընկերության միջև: Ակնկալում ենք Ձեր ընկերության հետագա հաջողությունները մեր երկրում: Մեր կառավարությունը ներդնում է առավելագույն ջանքերը՝ տեխնոլոգիական բնավագառը մեր երկրում առաջ մղելու համար: Կարևորագույն քայլերից է ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար եկամտային հարկի կրճատումը, որի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թ. հունվարի 1-ից»,- ողջունելով հյուրին՝ նշել է հանրապետության վարչապետը: Կառավարության ղեկավարն անդրադարձել նաև մեր երկրում ՏՏ բնագավառի զարգացման տեմպերին, ներկայացրել ընթացիկ ցուցանիշները, գործադիրի կողմից ձեռնարկվող քայլերին:
«VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին նշել է, որ ուրախ է այցելել մեր երկիր և մասնակցել ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսին: Անդրադառնալով ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությանը՝ «VWmare» ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թվականին, երբ «VWmare»-ը նոր է սկսել գործունեությունը Հայաստանում, ունեցել է 16 աշխատակից, իսկ այսօր աշխատակիցների թիվը հասնում է 200-ի: Սա, Ռաջիվ Ռամասվամիի խոսքով, վկայում է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի մեծ ներուժի, տաղանդավոր մասնագետների և այս ճյուղի դինամիկ զարգացման մասին: «Մենք շատ ուրախ ենք ներդրումներ կատարել մարդկային տաղանդների ոլորտում, ինչը Հայաստանում առկա է: Միայն մեկ խնդրանք ունենք Ձեզ՝ ավելացրեք տաղանդների թիվը, ներդրում կատարեք տեխնոլոգիական կրթության ոլորտում», – ասել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի զարգացումը, բարեփոխումների իրականացումը Հայաստանի կառավարության գերակայություններից են, և ներկայում Հայաստանն առաջ է շարժվում տաղանդավոր մարդկանց համար կրթական և մասնագիտական որակյալ էկոհամակարգ ձևավորելու ճանապարհով:
***
Հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել WCIT 2019 տաղավարներով, ծանոթացել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացրած արտադրանքին և ծառայություններին: