Բաժիններ՝

«Իմ ծննդավայրում ինձ տեղ չեն տալիս, և ես չեմ հասկանում, թե այդ լարումն ինչո՞ւ են ստեղծել». Նոյեմբերյանի բնակիչը վերադարձել է հարազատ քաղաք ու անգործ մնացել

Նոյեմբերյանի բնակիչ, դիզայներ-նկարիչ Ալինա Անանյանը, ով հանդես է գալիս Ալ Անանյան անունով, թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հետո դիմել է համայնքային իշխանություններին՝ աշխատանք ստանալու խնդրանքով, բայց այդպես էլ որևէ առաջարկ չի ստացել:

«Ինչքան ղեկավար փոխվել է՝ դիմել եմ, բայց մերժվել եմ: Նրանք նախկին և ներկա համայնքապետերն են, մարզպետները:

2000-2004թթ. ընդունվել և ավարտել եմ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման բաժինը։ Ավարտելուց հետո աշխատել Երևանի լամպերի գործարանում (GRAND-SAN) աշխատել եմ որպես նկարիչ, ապա Manet Tiles-ում՝ բնական քարերի բաժնում։ 2008թ. տեղափոխվել եմ Նոյեմբերյան ու մինչ օրս աշխատանք չունեմ։ Դիմել եմ նաև մշակույթի նախկին նախարարներ Արմեն Ամիրյանին, Լիլիթ Մակունցին, Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Սոնյա Զուրաբյանին, ով խոստացավ, որ ինձ աշխատանք կտա, որի դիմաց ինքը վճարելու է իր գրպանից, ուստի ես իմ աշխատանքը պետք է գնահատեմ շատ ցածր։ Եթե ունեն գրպան, էլ ինչո՞ւ են աշխատում։ Եթե ունեն գրպան, էլ ինչո՞ւ էին միջոցառումներից հավաքված գումարները յուրացնում, այլ ոչ թե մուտք անում համայնքի բյուջե։ Ես նաև առաջարկել եմ՝ օգնեն, որպեսզի խմբակներ ստեղծենք, Սոնյա Զուրաբյանը պատասխանել է. «Եթե դու խմբակ բացես, կփակվի մեր գեղարվեստի դպրոցը»։

Միշտ ստացել եմ սպառիչ պատասխան, որ համայնքը բյուջե չունի։ Իսկ ինչո՞ւ. համայնքը բյուջե ունի՝ միջնակարգ կրթությամբ և մի կերպ դպրոցն ավարտած քաղաքացիների, բայց ոչ՝ պետական համալսարանն ավարտածների համար:

Սահմանին ունենալ լավ մշակույթ, նշանակում է՝ ունենալ ամուր սահման։ Մինչ օրս ինձ կերակրում և նյութերով ապահովում են 60-ամյա ծնողներս։ Ես ստեղծագործող, բազմաժանր (դիմակներ, տիկնիկագործություն, գոբելենագործություն, քանդակագործություն, բատիկա, աբստրակցիա, գեղանկար, գրաֆիկա, կոմպոզիցիա) նկարչուհի եմ և ես ինքս ուզում եմ աշխատել, վաստակել իմ հանապազօրյա հացը։ 2004թ. մասնակցել եմ Նոյեմբերյան քաղաքում Հունաստանի օժանդակությամբ կառուցված զբոսայգու բացմանը:

Այնտեղ կատարել եմ ձևավորման աշխատանքներ և ցուցադրել եմ նաև իմ անձնական աշխատանքները: Այնուհետև մասնակցել եմ Տավուշի մարզում կայանալիք մրցույթին, լավագույնն եմ ճանաչվել և իրավունք եմ ստացել մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հանրապետական փառատոնին: 2005թ. հունիսի 24-ին մասնակցել եմ Երևանի Հ.Թումանյանի անվան տուն-թանգարանում բացված «Մենք, մենք, մենք» ցուցահանդեսին, 2009թ. հուլիսի 18-ին ք. Նոյեմբերյանում կազմակերպել եմ անհատական ցուցահանդես՝ «Ես ու ես» խորագրով: Երկրորդ անհատական ցուցահանդեսը կայացել է 2014թ. նոյեմբերի 17-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում, «Մոլորված հոգիներ» խորագրով:

2015թ ապրիլի 22-ին սահմանամերձ Բաղանիսում կայացել է երրորդ անհատական ցուցահանդեսը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված, «Անցյալի վկաները» խորագրով: 2016թ. սեպտեմբերի 26-ին մայրաքաղաքում կազմակերպել եմ անհատական ցուցահանդես՝ «Թաքնված հայացքները» խորագրով: 2017թ. մարտի 10-ին Կողբ համայնքում կայացավ իմ 5-րդ անհատական ցուցահանդեսը՝ «Գարնան շունչը» խորագրով:

Ես երբեք չեմ կոտրվել, չեմ նահանջել և միշտ ստեղծագործել եմ, ծառայել իմ ժողովրդին։ Միշտ ապրել եմ Նոյեմբերյանում, նույնիսկ պատերազմի տարիների։ Շատերն են ասել, որ իմ ստեղծագործությունները հիշեցնում են 90-ական թվականները։ Ես միշտ ստեղծագործելու ծարավ եմ զգում։ Այս ամենին հասել եմ իմ ուժերով, առանց հովանավորի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալինան:

Նրա փոխանցմամբ՝ վերջերս կրկին դիմել է Տավուշի մարզպետարան, սակայն պատասխան չի ստացել:

«Նոյեմբերյանում միջոցառում կար, դիմումով հանդերձ գնացի՝ մտածելով, որ, եթե հարմար լինի՝ կտամ մարզպետին: Ծրարը փոխանցեցի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, վերցրեց, փոխանցեց կնոջը, եկա այն պահին, երբ Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրենը մարզպետի կնոջ հետ այն բացում է: Ես իրենց ասացի, որ դիմումն իրենց ուղղված չէ, բայց որպես մասնագետներ՝ կցանկանայի՝ խոսեինք:

Հարցրեցի՝ Ձեզ դո՞ւր էր գալիս մեր մշակույթի տունն իր ձևավորումներով: Մարզպետի կինը, ով Տավուշի մարզի նկարիչների միության ղեկավարն է, պատասխանեց, թե՝ դիմիր տեղի համայնքապետին: Մեր համայնքապետն էլ և՛ կա, և՛ չկա…

Մասնագիտությամբ դիզյաներ-նկարիչ եմ ու իմ մասնագիտությամբ էլ ուզում եմ աշխատել: Աշխատատեղ կա, բայց ասում են՝ հաստիք չկա: Հաստիք իջեցնելը դժվար բա՞ն է: Մի ռեժիսոր ունենք, ով և՛ ձևավորումներ է անում, և՛ սցենարներ գրում, և այլն: Իսկ իրենք իավունք չունե՞ն դիզայների համար աշխատատեղ բացել, որ աշխատի: Իմ ծննդավայրում ինձ տեղ չեն տալիս, և ես չեմ հասկանում, թե այդ լարումն ինչո՞ւ են ստեղծել»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է սեփական աշխատանքների վաճառքին՝ նա նկատեց. «Նկարները տարվա մեջ մեկ անգամ կամ 3-4 տարվա մեջ մեկ անգամ վաճառվում են, բայց դրանով ես քանի՞ տարի ապրեմ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս