«Վարչապետի՝ մեր զորամասերի ու զինծառայողների թվի մասին գրառումն ադրբեջանցիների համար վերլուծության լավ նյութ է». քաղաքագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  հրապարակելով թվեր, թե ՀՀ քանի զորամասում քանի զինծառայող է կարողանում օգտվել ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգից։

168.аm-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյաննն անդրադառնալով  այդ գրառմանը, նախ՝ զինվորներին բարի ախորժակ մաղթեց, իսկ Փաշինյանին՝ մի քիչ ավելի զգուշավոր մոտեցում մեր անվտանգությանը վերաբերող հարցերում։

«Սննդի հարցն ամեն տեղ գովազդում է, ամեն տեղ բացահայտում է և՛ զորամասերի համարները, և՛ ծառայող զինվորների թիվը։ Կարծում եմ՝ Գլխավոր շտաբը պետք է գնահատի՝ նման տեղեկատվությունները որքանո՞վ  են  գաղտնի, որքանով՝ ոչ, բայց ես կասեմ, որ Փաշինյանի նման հայտարարությունները հետագայում ակնհայտորեն Ադրբեջանը կօգտագործի մեր պետությունների դեմ»,- ասաց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ հակառակորդն այդ տեղեկատվությունը կօգտագործի մեր դեմ նաև տեղեկատվական դաշտում։

«Հակառակորդին վերլուծության լավ նյութ է տալիս վարչապետի հրապարակած այդ տեղեկատվությունը, և այստեղ կարևոր չէ՝ դա հրապարակվել է անուշադրությա՞ն, թե՞ այլ բանի արդյունքում։  Փաշինյանը հաճախ է թույլ տալիս սխալներ, որի համար որևէ մեկը դրանք մատնացույց չի անում։ Սա առնվազն խոսում է նրա մասին, որ այլ օղակներում կա՛մ վախենում են, կա՛մ խուսափում նկատողություն անել, իսկ դրա արդյունքում նույն սխալը կրկնվում է և շարունակվում»,- ասաց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ  ադրբեջանցիները հարցնում են՝ իսկ վարչապետի գրած թվերը ստո՞ւյգ են, թե՞ ևս մեկ անգամ վերստուգման կարիք ունեն։

«Ուղղակի չեն ուզում շատ ծանրաբեռնեն իրանց հետախուզությունը»,- գրել է Էլիբեգովան։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս