Արարատ Միրզոյանը հիշեցնում է, որ Արփինե Հովհաննիսյանը «հիվանդ» էր անվանել Իոաննիսյանին, իսկ Բադասյանին՝ «անուղեղ»

Արարատ Միրզոյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե որպես ԱԺ նախագահ ինչպե՞ս է արձագանքում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտություններին:

«Ինչ խոսք, գեղեցիկ չէր ձեւակերպումը, բայց ես դա տեսնում եմ ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի դեպքում: Մենք տեսնում ենք վերջին ամիսներին Հայաստանում իսկապես այդ բանավեճի կամ քննադատության մեջ՝ անկախ որ կողմից, անկախ որ անձից կամ որ անձի նկատմամբ ոչ վայելուչ ձևակերպումներ, որոնք, իհարկե, անցանկալի են: Կարիք չկա դրանց, կարելի է մշտապես բովանդակային խոսել»,- ասաց նա՝ կոչ անելով բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները և հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

Միաժամանակ նա հավելեց. «Ինձ թվում է, Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին «հիվանդ» անվանելը, արդարադատության նախարարին «անուղեղ» անվանելը եւ այլ որակավորումները հիմք չեն տալիս մի ուրիշ մարդու կամ նույնիսկ թիրախ հանդիսացող մարդուն նույն բառապաշարով ու նույն ոճով պատասխանելու: Կարծում եմ, որ տգեղ է»:

Հարցին՝ չե՞ք պատրաստվում էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կարծում եմ, լավ կլինի Արփինե Հովհաննիսյանը մի կարճ պարզաբանում տա այն մասին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չէր ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ, իմ խորին համոզմամբ, շատ տգեղ, ոչ կոռեկտ եւ անձնական վիրավորանքներով լի ձեւակերպումներ են եղել իրենց ժամանակ տարբեր պատգամավորների կողմից»:

Դիտարկմանը, որ մերժվել է այդ արժեհամակարգը, դրա համար իրենք այլեւս իշխանություն չեն, հիմա խոսքը հեղափոխական իշխանության մասին է՝ ԱԺ նախագահը պատասխանեց, թե իր կարծիքով էթիկայի հանձնաժողովն, այնուամենայնիվ, «չափազանց լուրջ դեպքերի է վերաբերում»:

«Ես սա էլ եմ համարում լուրջ դեպք: Եթե այս գործիքը սկսվի չարաշահվել, այն կարող է յուրօրինակ մահակ հանդիսանալ ու կաշկանդել պատգամավորների քաղաքական դիրքորոշումն այս կամ այն ձեւով հայտնելը»,- ասաց Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս