Հոնկոնգում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են սկսվել դիմակների արգելումից հետո
Հոնկոնգի տարբեր շրջաններում հոկտեմբերի 4-ին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում ցույցերի ընթացքում դիմակների եւ դեմքը ծածկող այլ առարկաների արգելք սահմանելու՝ իշխանությունների որոշման հայտարարման ֆոնին։
Մի խում ակտիվիստներ արդեն հայտարարել են, որ մտադիր են հասնել Գործադիր խորհրդի համապատասխան որոշման դատական վերանայմանը: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հոկտեմբերի 4-ին ավելի վաղ հայտարարել է բողոքի ակցիաների ընթացքում դիմակներ կրելու արգելք սահմանելու որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերին: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Լեմը հայտնել է, որ «այսօր առավոտյան անցկացվել է Գործադիր խորհրդի հատուկ նիստ, որտեղ որոշում է ընդունվել՝ արգելք սահմանել դեմքը փակող առարկաներ կրելու վրա»:
«Մենք հուսով ենք, որ օրենքը զսպիչ ազդեցություն կունենա»,-ընդգծել է նա: Արգելքը խախտող անձինք կարող են պատժվել մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ կամ 25 հազար հոնկոնգյան դոլարի (3,2 հազար ԱՄՆ-ի դոլար) չափով տուգանքով: Հոնկոնգում բողոքի ակցիաների մասնակիցները գրեթե միշտ փակում են իրենց դեմքը, որպեսզի իրենց չկարողանան ճանաչել: Այս կամ այն ակցիայի, առավելապես չարտոնված բողոքների մասնակիցներին բացահայտելու համար ոստիկանությունը կիրառում է ներկված ջրով ջրանետներ: Ներկայում ցույցերի եւ զանգվածային միջոցառումների ընթացքում դիմակներ կրելու արգելք է գործում առնվազն 15 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: